ՇԱԽՄԱՏՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ  

Ariana

Ախր շատ է ծեծված ու չարչրկված շախմատի և կյանքի այս համեմատությունը, բայց ի՜նչ կարող եմ անել, եթե հետաքրքիր է ու դիպուկ. նույնիսկ այն ժամանակ, երբ ասում են՝ «կյանքը շախմատ չէ»: Իրոք, մի կողմից շախմատը կյանքին շատ է նման, մյուս կողմից՝ կյանքը բոլորովին էլ շախմատ չէ:

Ես վերլուծաբան եմ, նաև՝ շախմատիստ. քայլերն ու տարբերակները հաշվելը իմ մասնագիտությունն է: Ես դա անում եմ ինքնաբերաբար, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է պատերազմին, որովհետև շախմատը նաև պատերազմ է:

ՇԱԽՄԱՏՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

 Մարդկանց մեծամասնությունը, իսկ հայերը՝ առավելաբար, կասկածամիտ են ու թերահավատ: Մենք չենք հավատում պաշտոնական տեղեկատվությանը, վստահություն չունենք ականատեսների բառերին, ընդդիմության խոսքում փնտրում ենք շահարկումներ, հակված ենք հավատալու թշնամու ասածներին: Այս բաների պատճառը խելքի պակասը չէ. լարումն է, անհանգստությունն է և չափազանցված հուզականությունը:

– Ազերիների առջև դրված խնդիրն ի՞նչ էր, արդյոք հաջողել ե՞ն…

– Իրենք իրո՞ք ավելի շատ զոհ են տվել, քան մենք…

– Եթե մերոնք այդքան ուժեղ են, ինչու՞ առաջ չեն գնում…

Ես հիմա չեմ խոսելու քաղաքականության մասին, և չնայած որ ժամանակակից ռազմական ստրատեգ չեմ, ոչ էլ՝ հին չինացի զորավար, բայց շախմատի տեսանկյունից փորձելու եմ վերլուծել վերջին իրադարձությունների զուտ ռազմական բաղկացուցիչը և կարծում եմ՝ ճշմարտությունից շատ հեռու չեմ լինի:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԵՆՔ

Գեներալ Արկադի Թադևոսյանի խոսքով՝ այս օպերացիան «հետախուզում էր՝ մարտով»: Վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր դոլլարներ է ծախսում սպառազինությունների վրա, սակայն Ալիևը, ըստ ամենայնի, հստակ չգիտի, թե ինչ շանսեր ունի Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում:

Օպերացիայի հաջողության դեպքում Ադրբեջանը նախատեսում էր Մարտակերտի և Հադրութի ուղղություններով դուրս գալ հարթավայրային անբարենպաստ դիրքերից և ամրանալ բարձունքների առաջին գծում: Օպերացիայի անհաջող ընթացքի դեպքում, հնարավոր է, պիտի փորձեին խաղարկել «կեղծ նահանջի» տարբերակ, հայկական ուժերին ներքաշելով իրենց դիրքերի խորքը և կտրելով հայերի «հարածային բռունցքը»:

Երկու տարբերակներից չաշխատեց ոչ մեկը: Նախ՝ ազերիները, ճնշումն ուժեղացնելու փոխարեն, ստիպված էին դադարեցնել առաջխաղացումը, և դրա հիմնական պատճառը տեխնիկայի և մարդուժի անհամաչափելի կորուստներն էին ¥նրանք իրոք՝ շատ ավելի են զոհ տվել, քան մենք¤:

Երկրորդ՝ մեր հրամանատարությունը չենթարկվեց գայթակղությանը, հասկանալով, որ եթե նույնիսկ այս պահին տարածքային զգալի ձեռքբերումներ ունենա, հարթավայրային նոր դիրքերում պաշտպանություն կազմակերպելը զինվորների կյանք ու լրացուցիչ զգալի ծախսեր պահանջող գործ է: Դրա ժամանկը չէ:

Եվ վերջապես՝ երրորդն ու ամենակարևորը. «մարտով հետախուզումը» հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմում շանսեր չունի: Այսօրվա շարունակվող կրակոցները ծեծ կերած շան հոխորտանք են, «դեմքը պահելու» ճիգ, մեր նյարդերի վրա խաղալու անհաջող փորձ:

ՄԵՆՔ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանն այլևս լավ է հասկանում մեր պետության ուժը: Պետություն, որում իշխանության մեջքին հզոր ժողովուրդ է, ժողովրդի գլխին՝ փորձառու, խելացի, գոնե զինվորական առումով՝ շատ պրոֆեսիոնալ իշխանություն: Մնում է՝ մենք էլ խոստովանենք սա, խոստովանենք՝ հպարտությամբ, և հերթական «հարաբերական անդորրը» հաստատվելուց հետո էլ՝ չմոռանանք:

 

Սիրով, ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register