ԾԱՆՈԹ  «ՍԱՏԱՆԱՅԻՆ»՝  ԱՆՓՈՐՁ  «ՔԱՀԱՆԱՅՈՎ»  ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ  ԺԱՄԱՆԱԿԸ

5

Աշխարհի արագացող ռիթմը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև սննդի վրա: Դրա ուղղակի վկայությունը մեր օրերում ուսանողների ու աշխատողների հիմնական ընկերը դարձած ֆասթֆուդն է: Դրան ի պատասխան՝ մասնագետները պայքարում են «սլոու ֆուդի»  ճաշացանկով (անգլերեն« slow»-դանդաղ բառից)՝ ավելի օգտակար, «խելամիտ»  ու ճիշտ սնունդով: Ֆաստֆուդի դեմ ակտիվ պայքարողներից մեկը հայտնի դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է՝ իր հիմնադրած «Ingredient» առողջ սննդի կենտրոնով, որը այլընտրանքային օազիս է՝ անառողջ սննդի  օվկիանոսում: Առողջ սննդի կուլտուրան  Հայաստանում նոր-նոր է սկսում  տարածում գտնել: Մենք զրուցեցինք Վարդանուշի հետ,  փորձելով պարզել՝  ֆասթֆուդի սատանան իրո՞ք այնքան սև է, որքան փորձում են ներկայացնել:

 – Վարդանուշ, ինչո՞ւ առողջ սնունդը չի կարող նույնքան  արագ ու  հասանելի լինել:

 – Ֆասթֆուդին երկար սպասել պետք չէ, որովհետև հիմնականում պատրաստվում է կիսաֆաբրիկատներից: Իրենից ներկայացնում է տապակած, քիմիապես մշակված սնունդ, քանի որ մթերքը խոհանոցում է հայտնվում արդեն իսկ կիսաֆաբրիկատի տեսքով,որից հետո էլ շատ արագ տապակվում ու մատուցվում է: Քանի որ իրենց բաղադրությամբ այդ ուտեստներն այնքան էլ համեղ չեն, տարբեր նյութեր, համային հավելումներ են խառնվում: Սակայն ամենավատը դա չէ, այս սննդի ամենամեծ վտանգը նրա պարունակած աղի ու ճարպի մեծ քանակությունն է: Կիսաֆաբրիկատներն ավելի երկար պահելու  համար աղ շատ է ավելացվում, չնայած կարող է թվալ, թե ուտեստն անգամ անալի է: Եվ հենց այս երկու  բաղադրիչների առատությունն էլ վտանգ է ստեղծում ու արագ սնունդը դարձնում անառողջ: Ֆասթֆուդն իր մեջ պարունակվող հավելանյութերի միջոցով նաև համային  կախվածություն է առաջացնում: Եվ սովորելով այդ համերին,  մարդիկ արդեն այլ՝ «նորմալ» համերը  չեն զգում: Դրան սովորած մարդկանց՝ ցանկացած բնական ուտելիք ձանձրալի և ոչ գրավիչ է թվում: Սա ապացուցած ճշմարտություն է: Մյուս վտանգը, որ առաջին հայացքից դարձյալ գրավիչ է. ֆասթֆուդն ավելի էժան է: Իրականում, այն նաև ավելի մատչելի է, քանի որ էժան սնունդ ստանալու համար ավելի էժան, այսինքն ավելի անորակ մթերք են օգտագործում, որը բնականաբար իր հերթին ավելի է վատթարացնում վիճակը: Գաղտնիք չէ, որ արագ սննդի կետերում հիմնականում օգտագործվում է սառեցված, արտերկրից բերված կասկածելի ծագման ու որակի մսամթերք: Հատկապես երեխաների համար դրանք մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ սրտանոթային հիվանդությունների ու դիաբետի ռիսկն են ավելացնում, իսկ ծնողները սրա մասին նախընտրում են չհիշել»:                                                                                                           Վտանգը նաև կախվածության մեջ է. երեխաները, սովորելով ֆասթֆուդին, նաև գունավոր գազավորված ըմպելիք են օգտագործում: Այդ ամենից հետո երեխաներըն ուղղակի նորմալ սննդից  հետ են վարժվում, բնական  համերն արդեն նրանց դուր չեն  գալիս:Նույն ձեթի մեջ հիսուն անգամ ուտելիք է տապակվում, ինչը հեռու է աշխարհում ընդունված չափորոշիչներից և ինչը կանցերոգեններ է առաջացնում: Էժան ձեթեր են օգտագործվում, էժան  մսեղեն,  մի խոսքով,  կարելի է պատկերացնել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ  նման  սնունդը մարդկանց օրգանիզմի վրա:

– Պայքարի ձևերն արդյունավե՞տ են:

– Ֆասթֆուդն  իրենից գլոբալ պրոբլեմ է ներկայացնում ամբողջ աշխարհում և դրան հակառակ ստեղծվել է սլոուֆուդը: Ի տարբերություն ֆասթֆուդով զբաղվող ընկերությունների  կողմից կիրառվող քաղաքականության, այստեղ օգտագործվում է  հորմոնալ միջամտություններից  զերծ սննդամթերք: Մսատու կենդանիների դեպքում՝ քիմիական  նյութերով նրանց  կաթնատվութունը չի խթանվում կամ էլ բույսերի աճն արհեստական  արագացվում: Առողջ սննդի նախապայմանը  պետք է լինի առողջ մթերքը, որին էլ պիտի հաջորդեն պատրաստման առողջ տեխնոլոգիաները:

– Եթե փորձենք  հավաքական նկարագիր տալ, կարող ենք ասել, ի՞նչ են ուտում հայաստանցիները:

-Հայաստանում ընդհանուր առմամբ  ուտում են  կարտոֆիլ, հաց, մակարոնեղեն, շաքար՝ տիպիկ աղքատ երկրի ճաշացանկ: Նման սննդակազմն ամենևին  էլ չի նշանակում, թե մարդիկ չեն սիրում կաթնամթերք, միս, միրգ ու բանջարեղեն: Ուղղակի երկրում քառասուն տոկոսից ավելի աղքատություն ունենք, այս դեպքում այլ պատկեր չենք էլ կարող ակնկալել: Մարդիկ հազիվ կարողանում են  հայթայթել էժան սնունդ և նման դեպքերում  պարզապես այլընտրանք  չեն ունենում: Իսկ զարգացած երկրներում  ամեն ինչ այլ է: Մարդիկ զուգակցում են այս ամենը մսամթերքի, կաթնամթերքի, միրգ բանջարեղենի հետ: Օրինակ, Կենտրոնական Ամերիկայում հացի փոխարեն  հիմնական մթերքը լոբեղենն է, Չինաստանում բրինձն է, բայց մեզ մոտ իրավիճակը տխուր է:

– Բայց հիմա  Հայաստանում էլ, հատկապես մայրաքաղաքում՝ավելի շատ դրսում սնվելու  միտում է նկատվում: Եվ այդ նույն ֆասթֆուդի կետերի կողքին  առողջ սննդի կետերն են ավելանում:

– Այդ առումով մեծ խառնաշփոթ է, հստակ  չափորոշիչներ չկան, մարդը կարող է հայտարարել, թե իր առաջարկածն անարատ, առողջ սնունդ է, սակայն որևէ կերպ դա չի ստուգվում, փաստեր չկան, որակավորում  չկա:

– Պատրաստի սննդի տարածմանը շատ է նպաստում նաև համացանցը. առաջարկները  շատ են,  ըստ երևույթին, պահանջարկը՝ նույնպես: Առողջ սննդի տարածմամբ վերջին  շրջանում սկսել են զբաղվել նաև ֆիթնես ծառայությունները, որոնք զուգահեռ սրճարաններ են  բացում, առողջ սնունդ առաջարկում ի նպաստ նիհարելուն և ընդհանրապես կազմվածքի բարելավմանը:

– Առողջ սննդի անվան  տակ ներկայացվող  ամեն ինչ չէ, որ համապատասխանում է պիտակին: Այսօր առողջ սննդի գաղափարախոսությունն աշխարհում և Հայաստանում նույնպես թրենդային է,  նորաձև է ընկալվում և գործարար ջիղ ունեցող մարդիկ շատ  լավ հասկանում են, որ դրանից կարող են լավ վաստակել և սկսում  են ցանկացած սնունդ այդ անվան տակ մատուցել: Մարդը զանգում է պատվիրում, նրան հավաստիացնում են, որ մաքուր մթերքով առողջ սնունդ են մատակարարում: Ոմանք նաև այնքան  հեռուն են գնում, որ իբր յուրաքանչյուր պատվերի համար Իսրայելի կամ այլ երկրի իրենց դիետոլոգին են զանգում, ճշգրտումներ անում և մարդուն մաքրամաքուր, առողջ սնունդ հասցնում: Բայց  ոչ բժշկին ենք տեսնում, ոչ էլ նրա դիպլոմը, սնունդն էլ ռեստորաններից մեկի սովորական, անառողջ սնունդն է:

– Դրսի սնունդ համարվող ֆասթֆուդն շատ արագ  ընդլայնելով  շառավիղը՝ սկսել է նաև մարդկանց տներ ներխուժել: Մեկ զանգ և ախորժաբույր ուտեստները տուն են  ներխուժում ոչ թանկ, արագ, հարմար՝ գոնե առաջին  հայացքից:

– Իրոք, այսօր թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք վաստակելու համար շատ են լինում դրսում,  շատ են վազվզում և տանը պատրաստելու, ամբողջ ընտանիքով միասին ճաշելու համար ժամանակն ուղղակի չի բավարարում: Դրա համար կամ դրսից կիսաֆաբրիկատ են բերում կամ պատվիրու, կամ մշակված մսամթերք,ասենք՝ երշիկեղեն  են օտագործում: Հենց այս ամենն էլ, ինձ՝ որպես բժիշկ, մղեցին այս գործունեությանը: Ինձ համար հեշտ չէր առողջ սննդի ռեստորան բացելը: Բայց արեցի, քանի որ իմ այցելուներին նաև գործնականում պիտի ապացուցեի, որ առանց շաքարի ու ալյուրի  ևս կարող է լինել համեղ աղանդեր: Պիտի ապացուցեի նաև, որ հնարավոր է երրորդ կարգի ալյուրից հաց սարքել՝ առանց գյլուտենի: Գլյուտենի նկատմամբ զգայուն մարդիկ ևս իրավունք ունեն համեղ սնվելու: Այս կուլտուրան դանդաղ,  բայց կայուն տարածվում է ու  պիտի ընդլայնվի:

– Երկրոդ կետն եք բացում, դա հենց այդ մասին է վկայում:

– Այո, ես ուրախ եմ, որ առողջ սննդի կողմնակիցների թիվն օրավուր ավելանում է, և մարդիկ սկսում են շատ գիտակից վերաբերվել իրենց  առողջությանը: Ընդլայնելով մեր աշխարհագրությունը, մենք ընդլայնում ենք  նաև մեր գաղափարախոսությունը, փորձելով ավելի շատ  մարդկանց վարակել առողջ սնվելու ցանկությամբ, մարդկանց հասանելի դարձնել մեր տրամաբանությունն ու աշխատանքի արդյունքը:

Երկրորդ կետի համար մենք քաղաքի կենտրոնում սեփական տուն ենք  գտել, որը պետք է հիմնովին նորոգվի, հարմարեցվի մեր գործունեությանը: Այնտեղ բակ կունենանք,  շատ կանաչ, որպեսզի առողջ սնունդը նաև առողջ միջավայրում մատուցվի: Սոցիալական պատասխանատվությունն այժմ մեր կոնցեպտի մասն է կազմում: Եվ քաղաքի դեմքը պահպանող շենք ենք ուզում փրկել, և մարդկանց ստամոքսներն ու ուտելու կուլտուրան:

 

Սյունե Սևադա

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register