ԲՈՒՌ ԷԻՆՔ, ԲՌՈՒՆՑՔ ԴԱՐՁԱՆՔ

syune

Քո անունը Մհեր է, Արմենակ, Սասուն, Գևորգ, Հայկ, Վրեժ. թվարկումը ցավոք շարունակվում է ու շարունակության մեջ էլ խտանում է մի հավաքական անուն՝ Ռազմիկ:

Դու Զինվոր ես, որ Ռազմիկ է դարձել կամավոր ու պարտքի կոչումով: Քեզ համար շատ արագ բացվեց իրականության դեմքը. Երևանում արտաքուստ խաղաղ է, չեն կրակում ու դժվար է պատկերացնել, որ մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ իսկական պատերազմ է, նորից, նորից: Անգամ մենք ենք հիմա, այս լարված վիճակում փորձում աչք փակել, որովհետև գնալով ավելի հաճախ է թվում, թե  այսքան ցավի տակից դուրս եկողը չենք:

Դու շատ արագ հասկացար, որ փոքրումեծ ոհմակների ու վճռական մենակի դիմակայության դարում նահանջի տեղ չունենք: Դու ետ չնայեցիր դեպի տնական հարմարավետություն և օջախի ջերմություն, այլ ընդունեցիր նետված մարտահրավերը: Քեզ համար դա ծառայության մի մասն էր, օրվա առաջադրանքը կամ պարտադրանքը: Ժամանակ ու ցանկություն չունեիր մտածելու, որ տասի, քսանի դեմ երեքով դժվար է, նռնականետով ուղղաթիռ խփելն էդքան էլ հարմար չէ, հինգ տանկի դեմ մի քանի նռնակով ռիսկային է: Չմտածեցիր, որ թուրքն իր նավթահոտ գլխաքանակին մասնագիտությամբ ու գենետիկ դահիճներ է կցել, շատուշատ ծանր տեխնիկա, որ խեղճացնի քեզ, եղբայր իմ, Ռազմիկ դարձած իմ Զինվոր:

Մաթևոսյանական բառախաղով՝ դու միշտ խղճով ես եղել և հեռու խեղճությունից: Դրա համար մինչ իրենք ևս մեկ անգամ ապացուցուցում են, որ կենսաբանորեն մարդ լինելը ամենևին չի նշանակում մարդուն հարիր պահվածք ու դեմք ունենալ՝ տան մեջ մորթելով ծերերին, դու ապացուցում ես, որ անգամ սակավ զինամթերքով կարելի է հաղթել՝ եթե մեջքդ ժողովուրդը տաք է պահում, եթե հոգով ամուր ես:

Մեր հերոսներից ամեն մեկը մերն է, որովհետև սիրտներս հավասարաչափ է ցավում իրենց համար: Այսօր բոլորի դեմքերը ծանոթ են թվում ու տպավորություն է, թե մենք հանդիպել ենք նրանց, բայց չենք շփվել հետները: Հրաչ, Հովսեփ, Քյարամ, Սարգիս, Նարեկ…ցանկը նորից շարունակվում է՝ ստիպելով մեզ արցունք կուլ տալ՝ էլի ու էլի:

Մի բուռ ազգ էինք, մի բռունցք դարձանք, որն այսօր տղերք, ձեր թափած ամեն կաթիլ արյան դիմաց իջնում ու իջնում է թուրքի գլխին: Դրանից մեր հարվածն ավելի է զորանում, ինչքան կորցնում ենք, այնքան ամուր ենք դառնում, որովհետև ցավն է լավագույնը կոփում մարդուն. նահանջի տեղ չունենք: Ձեզ պարտք ու պարտական ենք, հաշիվ ունենք տալու: Էդ ո՜նց քաղաքում մեծացած փափկասուն տղան, կամ գյուղի զուլալ օդը շնչած միամիտ պատանին մի քանի օրում էդպես հասունացավ ու պնդացավ, ո՜նց որոշեցին, որ հայրերն իրենց կռիվն արել են ու իրենց պիտի թողնեն սահմանի ու պատմության իրենց բաժինը… Ինձ թվում է՝ ապրում եմ էպոսում: Հաստատ՝ ապրում եմ էպոսում. ստացվում է, որ զարմանալի երկրում այսօր մի նոր «Սասնա ծռեր» է գրվում: Միայն թե ցավն այն է, որ այս անգամ էպոսը սոսկ ժողովրդական բանահյուսություն չէ. այս էպոսը գրվում է արյունով:

Օրեր առաջ դասընկերոջս՝ Երզնկյան Մհերին կորցրի, ու իմացա, որ մորաքույրս նույնպես իննսունականներին մարտի դաշտում դասընկերոջն է կորցրել՝ էլի Մհեր անունով: Գոռ, Նվեր, Աղասի… արդեն բոլորինս դարձած  կորստի թվարկումն անուն առ անուն շարունակվում է, ու բոթը տներ է մտնում, սրտեր է մտնում, տղերք: Մենք ցավից ջղաձգվել ենք, էլի դուք պիտի մեզ ասեք՝ ոնց դուրս գանք էս ցավի ու դավի տակից, ոնց անենք, որ ձեր մայրերի, բոլոր հարազատների վերքից արյունը մի օր դադար առնի, որ ձեր պահած սահմանը թե խախտվի, արդեն մե՛ր գործի շարունակությունից լինի, ու թուրքի ոտքի տակ հողը վառվի: Իրենց նավթը դրան հաստատ կհերիքի:

Տղերք ջան, երանի էս մեր վերջին կռիվը լինի, իսկ եթե բան է՝ չլինի, հաստատ իմացեք, Ռազմիկ դարձող Զինվորների հաջորդ սերունդը գալիս է ու պարտավոր է ձեր հիշատակին: Որ  ձեր  ու ձեր հայրերի կիսատ գործն ավարտվի ու կարողանանք նայել ձեր մայրերի աչքերին:

Գևորգ, Հրաչ, Տիգրան…Տղերք ջան… Տղերք ջան…

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register