ԶՐՈՒՅՑ՝ ԱՌԱՆՑ ԽՈՍՔԵՐԻ

ara

Լուսանկարիչը մեզ ստիպում է  մտածել ակնթարթի մասին, մարդկանց, բնապատկերների ու առարկաների մեջ հայտնաբերելով կերպարներ, ներաշխարհ, կենսագրություն, զգացմունքներ:

Հայազգի Արա Գյուլերը աշխարհահռչակ լուսանկարիչ է, 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից մեկը: Գյուլերը իր հարազատ քաղաքի տեսողությունն է, «Ստամբուլի աչքը», և սա նրա ստեղծագործության ամենախոսուն բնութագրումն է: Նա իր լուսանկարներում վավերագրել է Ստամբուլի առնվազն վերջին 50 – ամյակի պատմությունը. անցած դարի 50-60 -ականների Ստամբուլը այսօր միայն Արայի Գյուլերի սև-ճերմակ լուսանկարներում է պահպանվել:

Արան ծնվել է 1928-ի օգոստոսի 16-ին, Ստամբուլի Բեյօղլու թաղամասում: Նրա հայրը դեղատուն ուներ, իսկ հոր ընկերներից շատերը արվեստի մարդիկ էին: Գյուլերների օջախում տիրող բոհեմական միջավայրը կանխորոշեց Արայի ընտրությունը՝ արվեստ:

«Ես սկսել եմ ապրել կինոյով, չգիտեի, որ լուսանկարիչ եմ դառնալու: Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ»,- այսպես է մեկնաբանել իր ընտրությունը Գյուլերը:

1950 թվականին Արա Գյուլերը աշխատանքի է ընդունվում թրքական «Յենի Իսթանբուլ» թերթում, որպես ֆոտոլրագրող: Ապա տեղափոխվում է «Հուրիեթի» խմբագրություն: 1958-ին նա արդեն ամերիկյան Time ամսագրի առաջին սեփական թղթակիցն էր Մերձավոր Արևելքում և շուտով սկսում է պատվերներ ստանալ Paris Match (Ֆրանսիա), Stern (Գերմանիա) և Sunday Times (Մեծ Բրիտանիա) հեղինակավոր հրատարակություններից:

Գյուլերը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, գործուղվել է տարբեր երկրներ՝ Իրան, Ղազախստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան, Քենիա, Նոր Գվինեա և այլն: Սակայն նրա ստեղծագործության մեջ ուրույն տեղ ունեն այսպես կոչված «ֆոտոինտերվյուները»,  որոնք նա անցկացրել է 20-րդ դարի խոշորագույն մարդկանց հետ՝ Ուինսթոն Չերչիլ, Մարիա Կալաս, Ջոն Բերգեր, Ալֆրեդ Հիչքոք, Մարկ Շագալ, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Ուիլիամ Սարոյան, Սերգեյ Փարաջանով և այլն:

Գյուլերը մի քանի անգամ այցելել  է Հայաստան, հիմնականում մինչ ԽՍՀՄ փլուզումը: Իսկ 2004-ին Հայաստանում բացվեց նրա լուսանկարների առաջին ցուցահանդեսը, որին սակայն՝ Արա Գյուլերը մասնակցել չկարողացավ: Նրա վերջին այցը Հայաստան եղել է  2013-ի ամռանը, Հայաստանի ազգային պատկերասրահում «Բարև Ձեզ» խորագրով իր լուսանկարների ցուցահանդեսը  բացելու համար: Ցուցահանդեսի ավարտից հետո Գյուլերը այն փոխանցել է Հայաստանին: Այժմ Ազգային պատկերասրահի մի ամբողջ հարկ նվիրված է Գյուլերի աշխատանքներին:

 

Վլադիմիր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register