ԲԱՐՆՈւՄԻ ԷՖԵԿՏԸ ԿԱՄ ԱՍՏՂԱԳՈւՇԱԿՈւԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՈւՂԱԿՆԵՐԸ

cover

Զարմանալի ոչինչ չկա, որ անտիկ ժամանակաշրջանում կամ միջնադարում մարդիկ փորձում էին հասկանալ իրենց ճակատագիրը՝ նայելով աստղերին: Գիտելիքների պակասը հնարավորություն չէր տալիս սթափ դատելու Տիեզերքը և իր տեղը նրանում: Նոր և ներկա ժամանակներում իրավիճակը կտրուկ փոխվել է. միջին վիճակագրական քաղաքացին ունի գիտելիքների բավականին մեծ պաշար: Այդ իսկ պատճառով զարմանալի է, որ նույնիսկ 21-րդ դարում զարգացած և զարգացող երկրներից շատերում քաղաքացիները շարունակում են առաջնորդվել արխայիկ քվազի-գիտություններով: Ինչու՞մն է խնդիրը:

Սա մասամբ կարելի է բացատրել Բարնումի էֆեկտով: Մարդիկ անհատականացված են ընկալում ընդհանրացված նկարագրությունները: Կարդալով աստղագուշակի դիմանկարները՝ մարդիկ սկսում են վստահել նրանց, համոզված են, որ այդ հատկանիշները լիովին համապատասխանում են իրենց: Այնուամենայնիվ, այս հայտարարություններն ընդհանուր, անորոշ և, հետևաբար, բոլորի համար հարմար են, քանի որ նրանք իրականում չեն նկարագրում որևէ մեկին:

Բարնումի էֆեկտը ուսումնասիրում են արդեն շուրջ 40 տարի: Պարզ օրինակով նկարագրենք այն: Մենք հակված ենք հավատալու մեր բնավորության դրական նկարագրությանը՝ հատկապես եթե այն մեզ ցանկալի ապագային է մոտեցնում: Օրինակ՝ աստղագուշակն Այծեղջյուր կնոջը ներկայացնում է որպես մի քիչ սառը, ներքին շարմ ունեցող մի կնոջ, որը էլեգանտ է և անկողմնակալ, կարծես թե նրան մոտենալը շատ դժվար է, բայց իրականում դա ընդամենը դիմակ է, որի տակ նա թաքցնում են իր իսկական դեմքը: Այծեղջյուրները վախենում են կորցնել իրենց դեմքը, վախենում են քննադատությունից, իրենց երեխաներից սպասում մեծ հաջողություններ: Նման բնութագիր հատկապես սազում է մոդելներին, հեռուստաաստղերին: Իսկ ո՞վ չի ուզի նման նկարագրություն: Իսկ հետո կա բացատրություն, որը հերքում է նախորդ ասվածը, որի արդյունքում մարդը շփոթվում է և իրեն վերագրում այն հատկանիշները, որոնք իրեն ավելի հոգեհարազատ են: Իսկ ով չի՞ վախենում կորցնել իր դեմքը: Ո՞վ է սիրում, երբ իրեն քննադաում են: Ո՞ր մայրը չի ցանկանա, որ իր երեխաները հաջողություններ ունենան:

Այսպիսով ստացվում է, որ նկարագրության մի մասը հոգեհարազատ է մարդկության մեծամասնությանը, բայց յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի:

Մենք միշտ վախեցել ենք ապագայից, փորձել կարգավորել մեր կյանքում տեղի ունեցող երևույթները և դրանց համար բացատրություն գտնել: Աստղագուշակը օգնում է արդարացնել ձախողումները, աշխատանքից ուշանալը, չհաջողվված հարաբերությունները:

Ինչպես ասում էր Բարնումը՝ յուրաքանչյուր րոպե ծնվում է մի հասարակ մարդ: Նա ի նկատի ուներ, որ իր կրկեսում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքիր մի բան, իսկ Բարնումի կրկեսը առաջիններից էր, որ սկսեց ցուցադրել ոչ սովորական մարդկանց:

Ստացվում է, որ մարդն ընդունակ է իր հաշվին ընդունել ընդհանուր, անորոշ, տրիվիալ պնդումներ, եթե իրեն ասվում է, որ դրանք ստացվել են իրեն անհասկանալի գործոնների ազդեցությամբ: Սա կապված է նրա հետ, որ յուրաքանչյուրս ունենք խորը հետաքրքրություն մեր անձի և մեր ապագայի հանդեպ: Տարբեր փորձերի արդյունքում Բարնումի էֆեկտը ուսումնասիրող գիտնականները կարողացել են հասկանալ, թե որ պայմաններում են մարդիկ հավատում իրենց մասին արված պնդումներին, մարդկանց որ տեսակն է հակված դրանց հավատալուն, ինչպիսի ձևակերպումներն են վստահություն առաջացնում:

50-ական թվականներին ամերիկացի գիտնական Ստագները դասական հետազոտություն իրականացրեց: 68 ընկերությունների կադրերի բաժնի ղեկավարներին խնդրել էր լրացնել հարցաթերթիկ, իսկ որպես արդյունք ներկայացրել մեկ կեղծ բնութագիր, որը ներառում էր հորոսկոպների 13 ընդհանուր արտահայտություններ: Նա խնդրեց հետազոտության մասնակիցներին կարդալ բնութագիրը՝ ասելով որ դա իրենց հարցման արդյունքում ինդիվիդուալ կազմված բնութագիր է: Մասնակիցներն ամեն արտահայտությունից հետո պիտի նշեին, թե ինչքանով է այն բնութագրում իրենց: Գնահատականներն այսպիսին էին՝ բացարձակ ճշմարիտ, ճիշտ, բավականին ճիշտ, միջին, ավելի շատ սխալ, քան ճիշտ և կտրականապես սխալ: Մասնակիցների մեկ երրորդը նշել էր, որ նկարագրությունները բացարձակ ճիշտ են, 40%-ը՝ ճիշտ, իսկ գրեթե ոչ ոք չէր նշել կտրականապես սխալ պատասխանը: Իսկ մասնակիցները կադրերի բաժնի ղեկավարներ էին, մարդիկ, ովքեր պիտի որ կարողանան մարդկանց ճանաչել:

Մեկ այլ հետաքրքիր բացահայտում ևս եղավ այս հետազոտության արդյունքում. բոլոր մասնակիցները որպես բացարձակ ճշմարտություն էին ընդունում այն պնդումները, որոնք դրական էին և սխալ էին համարում այն պնդումները, որոնք ունեին որոշակի բացասական ուղղվածություն: Իսկ ո՞վ է սիրում իր մասին բացասական բնութագրություն կարդալ:

Նման փորձեր և հետազոտություններ կատարվել են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր թիրախային խմբերի հետ: Հոգեբանության դասախոս ավստրալացի Ռ. Տրեվետենը իր առաջին կուրսի ուսանողներին խնդրում է թերթիկի վրա գրել իրենց երազները, իսկ հաջորդ օրը՝ «ուսումնասիրությունից և գնահատելուց» հետո գաղտնի տալիս է Ստագների նույն բնութագիրը: Երբ բոլոր ուսանողները հիացած ասում են, որ նկարագրությունը ճիշտ է, նա թույլատրում է կարդալ ընկերների բնութագրերը: Դասախոսը համարում է, որ հոգեբանություն առարկան ներկայացնելու համար սա լավագույն փորձն է:

Բացի վերոնշյալը կարևոր է հիշել, որ աստղագուշակի հանդեպ վստահության մակարդակի վրա ազդում են նախապես տրված հարցերը: Այսպես օրինակ, ամերիկացի հոգեբան Ռոդ Սնայդերն իր բոլոր հաճախորդներին տալիս էր նույն բնութագիրը: Այն մարդիկ, որոնցից նա նախապես հարցրել էր ծննդյան օրն ու ժամը, ավելի բավարարված էին աստղագուշակի բնութագրերով, կարծում էին, որ այն կատարյալ ճիշտ է:

Մեկ այլ կարևոր հանգամանք. աստղագուշակների խորհուրդները միշտ կարևորում են այն մարդիկ, որոնք դժբախտ են, անհանգստացած, վախենում են ապագայից, դեպրեսիայի հակում ունեն: Նման մարդկանց անհրաժեշտ է դրական և հին գիտության վրա հիմնված կարծիք՝ իրենց բնավորության և ապագայի մասին: Սա նրանց համար հոգեբանության և հոգեվերլուծության նման մի բան է, որը պահանջում է ավելի քիչ ջանք: Իսկ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի են սկսում հավատալ գուշակություններին, քանի որ ինչպես Ֆրոյդն էր ասում, մարդիկ իրենց մասին դրական կարծիքներն ավելի լավ են հիշում, քան բացասականը:

Հոգեբաններին հայտնի մեկ այլ կարևոր գործոն էլ այն է, որ մարդիկ փորձում են համապատասխանել իրենց կենդանակերպի նկարագրությանը:

Տիգրանուհի Գրիգորյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register