ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ՝ ԸՍՏ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ

2

Ինչպե՞ս կարգավորել հարաբերություններն ընտանիքի անդամների հետ, եթե դրանք արդեն փչացել են: Հոգեբան Լյուդմիլա Պետրանովսկայան առաջարկում է արդեն բազմիցս փորձված բաղադրատոմսը:

Սև ու սպիտակ գնդակների գաղտնիքը

Ընտանեկան հարաբերությունները ձևավորվում են հաղորդակցության միջոցներից՝ խոսքեր, ժպիտներ, խնդրանքներ, պահանջներ, նվերներ և այլն: Պատկերացրեք, որ դուք այս ամենի փոխարեն իրար եք նետում սև ու սպիտակ գնդակներ: Սպիտակ գնդակները ժպիտներն են, գովեստի խոսքերը, տաք վերմակով ծածկելը, գրկելը, մխիթարելը, կարեկցելը: Իսկ սևերը՝ հայացքով սաստելը, դուռը շրխկացնելը, գոռալը, հարվածելը, իրեր շպրտելը, քննադատելը, նախատելը, պահանջներ ներկայացնելը:

Սևին պատասխանում ենք սպիտակով

Մեծ հետազոտություններ են անցկացվել՝ պարզելու համար, թե ինչից է կախված ընտանեկան կյանքից բավարարվածության զգացումը: Պարզվել է, որ բավարարվածությունը կախված չէ ո՛չ ամուսինների տարիքից, ո՛չ կրթությունից, ո՛չ ֆինանսական միջոցներից, ո՛չ երեխաների թվից, այլ նրանից, թե հաղորդակցության որ միջոցն է գերիշխում տանը՝ սև՞ը, թե՞ սպիտակը: Եթե ավելի կոնկրետ, ապա երջանիկ է այն ընտանիքը, որտեղ ավելի հաճախ «սև հաղորդակցությանը» պատասխանում են «սպիտակով», քան այն, որտեղ «սպիտակ հաղորդակցությանը» պատասխանում են «սևով»:

Հարաբերությունների կարգավորումը ռազմավարություն է

Այսինքն՝ պետք է փորձել բացասական հաղորդակցությանը պատասխանել դրականով: Դրականին դրականով կամ բացասականին բացասականով պատասխանելը դժվար չէ: Ձեր առաքելությունն է աստիճանաբար բացասական հաղորդակցումը փոխարինել դրականով: Աստիճանաբար, որպեսզի խոշոր հաշվում հաղթի դրականը:

Լուծումը պարզ է՝ սկսեք նետել սպիտակ գնդակներ

Անգամ «սև» քայլերին դրականորեն պատասխանեք՝ գրկեք ձեր ընտանիքի անդամներին, որևէ հաճելի բան ասեք: Իհարկե, հնարավոր չէ միշտ այսպես վարվել, բայց վաղ թե ուշ նման վերաբերմունքն իր դրական պտուղները կտա, ինչ-որ պահի կզգաք, որ հարազատ մարդիկ ձեզ նույն կերպ են պատասխանում:

4-5 տարեկան երեխաների հետ արդեն կարելի է խոսել այս մասին

Ասեք երեխաներին, որ մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպիսի գնդակներ նետենք իրար՝ սպիտակ, թե սև: Երեխաները շատ լավ յուրացնում են այս խաղն ու սկսում կառավարել իրենց գործողությունները:

Այո, երբեմն պետք է նկատողություն անել

Սակայն այնպես անել, որ մեկ սև գնդակ նետելիս առնվազն 3 սպիտակ գնդակ փոխանցեք ձեր երեխային: Պարտադիր չէ միայն խոսքով, ժպիտն ու գրկելն էլ այս դեպքւոմ աշխատող տարբերակներ են:

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register