ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ԿՊՉՈւՆ ՎԱԽԵՐԻՑ. ԱՐՄԱՆ ԲԵԳՈՅԱՆ

0

«Ճամփորդ» շաբաթաթերթը  ունի հոգեբանական հոդվածաշար՝ հոգեբան և հոգթերապևտ, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ՝ Արման Բեգոյանի հետ միասին, որոնց ընթացքում համատեղ կհուշենք՝ ինչից սկսել և ում դիմել այս կամ այն խնդրի դեպքում։ Եթե ունեք հարցեր, գրեք info@champord.am էլհասցեով, մենք անպայման կանդրադառնանք դրանց։

Խմբագրությունը զգուշացնում է տվյալ հոդվածաշարը կրում է ինֆորմացիոն-կրթական-կողմնորոշիչ բնույթ, այդ իսկ պատճառով ներկայացված է ոչ խորքային-մասնագիտական տարբերակով և չի կարող օգտագործվել ինքնաբուժման, կամ ինքնուրույն ախտորոշման համար։

«Բարև ձեզ, արդեն երկար ժամանակ է ինչ ինձ անհանգստացնում են կպչուն վախերը՝ հատկապես երեկոյան ժամերին, և այդ մտքերը չեն թողնում ինձ քնել ու ինձ մոտ սկսվում է արագ սրտխփոց այն աստիճանի , որ ինձ թվում է թե ուր որ է սիրտս կանգ կառնի. Ի՞նչ խորհուրդ կտաք»։

Մեր ընթերցողներից մեկի նամակն է, որով դիմել է մեր խմբագրություն։ Մենք խնդրեցինք հոգեբան Արման Բեգոյանին՝ հնարավորության չափով պատասխանել հարցին՝ որքանով որ կարելի է հոդվածով ներկայացնել այն, քանի որ  խնդիրը ենթադրում է մանրամասն ուսումնասիրություն, և ուղարկած հաղորդագրությունը բավարար չէր։ Ահա մասնագետի պատասխանը․

«Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կպչուն վախը, միտքը։ Այս դեպքում հավանաբար խոսքը գնում է ավտոմատ  մտքերի մասին, որոնք անհանգստացնում են, այսինքն պարտադիր չէ, որ սա լինի կպչուն մտքերի նևրոզ՝ ինչպես նախկինում էին ասում, կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։ Կարող է ուղղակի շատ ակտուալ ինչ-որ հարցի նկատմամբ հատուկ գերարժևորում կա, և այդ միտքն ուղղակի կպչուն է դարձել։ Կամ էլ՝ ընդհանրացված տագնապային խանգարում ունեք։ Դժվար է հստակ ասել, քանի որ պետք է անձամբ խոսել, մի շարք հարցեր ճշտել։
Բայց ինչպես նշեցի, ցանկացած միտք դառնում է կպչուն  այն պարագայում, երբ այդ միտքը կամ այդ թեման գերարժևորում ենք ։ Այսինքն՝ այն մտքերը, որոնք մեզ համար արժեք չեն ներկայացնում կամ իրենց մեջ պոտենցիալ՝ թեկուզ վտանգ վտանգ չեն պարունակում, չեն կարող դառնալ կպչուն։

Հիմնական խորհուրդն այս դեպքում խուսափելու փոխարեն այդ մտքերին առերեսվելն է, չփորձել դրանք փակել, «քշել»։ Հետագա քայլերն արդեն կապված կլինեն վերջինիս քննադատական վերլուծության հետ, մտքերը շատ տարբեր կարող են լինել, բայց եթե կպչուն միտքն, օրինակ, սպասվելիք ինչ-որ հանդիպման կամ միջոցառման հետ է կապված, որը վախ է առաջացնում ու կարող է տարբեր ելքեր ունենալ, կարիք կա դիմելու քննադատական վերլուծության, կամ, ինչպես ասում են՝ կոգնիտիվ ռեստրուկտուրավորման, որի շրջանակներում փորձ է արվում հասկանալ՝ որքանով է հիմնվավորված այդ մտավախությունը՝ եթե դա մտավախություն է, ինչ հակափաստարկներ կան դրա համար կամ փորձել հասկանալ, թե այդ պարագայում ամենավատ սցենարը որն է, ինչ հիմքեր կան մտածելու, որ ամենավատ սցենարով կզարգանան դեպքերը, ինչ կարելի է անել, որպեսզի չզարգանան այդ սցենարով, կամ սցենարով զարգանալու դեպքում ինչպես  հաղթահարել հետևանքները։

Բացի այդ, երբ անհանգստությունն արտահայտվում է ֆիզիկական մակարդակում, ինչպես, օրինակ, սրտխփոցով և այլնով, կարելի  է օգտագործել ռելաքսացիոն տեխնիկաներ, օրինակ՝ որովայնային շնչառությունը, կամ պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան։ Վերջիններիս մասին նյութերը շատ են համացանցում, դժվար չի գտնել։ Այս ամենի մասին ես ավելի մանրամասն խոսել եմ «Տագնապ, հաջող» գրքում, որը կարող եք ձեռք բերել բոլոր գրախանութներից։

Ու բնականաբար պետք է հիշել, որ ինչպես բոլոր վախերի, ֆոբիկ դրսևորումների ու տագնապային խանգարումների  դեպքում, հիմնական սկզբունքներից մեկն առերեսումն է, որը ենթադրում է առերեսում թե՛ մտային, թե՛ վարքային մակարդակում։ Առերեսումը հնարավորություն է տալիս ուղեղին  այլընտրանքային, նոր ինֆորմացիա ստանալ վախի կամ տագնապի օբյեկտի մասին ու այս ձևով  «թարմացնել» ոչ  համարժեք, իռացիոնալ պատկերացումները։

Կփոխվեն պատկերացումները, խորքային համոզմունքները, կփոխվեն նաև  գնահատականները, որոնք տրվում են իրավիճակին կամ երեևույթին, թեմային։  Այստեղից կփոխվեն մտքերն ու հակազդումները՝ թե հուզական, թե ֆիզիոլոգիական։ Անահանգստությունն ու վախը չի լինի, նաև՝ սոմատիկ դրսևորումները՝ նույն սրտխփոցը։ Համենայն դեպս, առաջարկում եմ դիմել մասնագետի՝ խնդրից հնարավորինս արագ ու հիմնային ազատվելու համար»։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register