«ԱՆՄԱՀ » ՏՈՊՐԱԿՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

toprak

Ամիսներ առաջ երևանյան սուպերմարկետների ցանցերից մեկը հայտարարեց, որ ելնելով բնապահպանական շահերից, վճարովի է դարձնում նախկինում հենց այնպես շռայլորեն գնորդին տրվող տոպրակները՝ փոխարենը խոստանալով էժանացնել որոշ ապրանքներ: Սրան հետևեցին բնապահպանական ակտիվիստների գոհունակության հրապարակային հայտարարությունները և հիշեցումները, որ չարաբաստիկ պոլիէթիլենային տոպրակներն իրենց քիմիական վնասակար տարրերով  հողի մեջ հարյուրավոր տարիներ են մնում և աղտոտում այն:

Փաստորեն սուպերմարկետներում տոպրակների համար տասը կամ քսան դրամ գանձելը պետք է, որ ստիպի գնորդին՝ սեփական դրամը խնայելու համար ձեռքի տակ միշտ տոպրակ ունենալ, ինչը վաղուց  և առ այսօր որպես սովորույթ դուրս էր մղվել մեր կենցաղից՝ ի տարբերություն  հետխորհրդային որոշ երկրների:

Վճարովի տոպրակների պրակտիկան սկսեց տարածվել սուպերմարկետից սուպերմարկետ ու անգամ սովորական միջին խանութներին հասավ: Ամիսներ անց փորձենք հասկանալ, թե իրականում ում ինչ է տալիս դա: Բնապահպաններին՝ վստահաբար գրեթե ոչինչ, քանի որ վճարովի տոպրակները նախ համատարած չեն, հետո էլ գնորդների զգալի մասը  դեռևս շարունակում է վճարել դրանց համար, թեկուզ և դժգոհելով:

Որևէ տեղ, որևէ ձևով հասարակությանը չի քարոզվում վճարովի տոպրակների իմաստը և մարդիկ դա ավելի շատ կապում են ագահ սեփականատերերի  ոչ մի կերպ չմեղմացող ախորժակի հետ: Նույն՝ իրենց հարգող սուպերմարկետներն, ի դեպ, կարող էին առաջարկել հասարակ թղթե տոպրակներ՝ խորհրդանշական գներով՝ ասենք վերամշակված թղթից, բնությանը դարձյալ չվնասելու համար:

Խոսքն, իհարկե, այսպես կոչված նվերի գեղեցիկ փաթեթավորման տոպրակների մասին չէ, որոնք ամենօրյա գնումների համար չափազանց թանկ են: Բայց այսօր խոշոր վաճառակետերը գերադասում են լուռումունջ վաճառել իրենց ֆիրմային պոլիէթիլենային տոպրակները: Ստացվում է, որ գնորդը դեռ մի բան էլ իր գրպանից է վճարում՝ այս կամ այն սուպերմարկետն ակամա գովազդելու համար: Մյուս կողմից էլ՝ օրվա ընթացքում մի կլորիկ գումար այդ տոպրակների վաճառքից հաստատ գոյանում է: Այս հարցն ինքս ինձ համար տեսեք թե ինչպես եմ լուծել: Մոտս պահում եմ մի քանի տոպրակ. X խանութում հանում եմ y-ի տոպրակը և անմեղ ժպիտով առաջարկում գնումներս լցնել այդտեղ և այդպես շարունակ:

Իրականում լավ նախաձեռնությունը պետք է լավ հիմնավորում ու լուծում ունենա: Նույն սուպերմարկետները կարող են գնորդին վաճառել ֆիրմային ամուր տոպրակներ՝ գործվածքից, որոնք հաստատ միանգամյա չեն լինի ու աստիճանաբար կսովորեցնեն մարդկանց դրանք կրել ձեռքի պայուսակում: Կամ էլ նվիրեն ասենք՝ թոշակառուներին, որոշակի գումարի առևտուր անողներին: Մեծերը հաստատ հիշում են խորհրդային էլաստիկ ցանցերը, որ ընտանիք ունեցող յուրաքանչյուր տղամարդու գրպանում կար: Տարբերակներ կան, մնում է ընտրել դրանցից ամենահարմարն ու աշխատողը: Դե իսկ ձեռքի շնորհքով տիկնայք կարող են սեփական երևակայության թռիչքով գունեղ ու հարմարավետ տոպրակներ կարել, անգամ սեզոնային  թեմատիկ հավաքածուներ կազմել՝  սեփական  գնումներն ավելի հաճելի դարձնելով և մի քանի տոպրակով պակասեցնելով ընդերքի աղտոտումը:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register