7 ՀԱՐՑ. ՀՐԱՉԻԿ ԹԱՎԱԴՅԱՆ

Խորագրի հյուրն է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը:
– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:
– Ջերմուկում տարիներ շարունակ շախմատի միջազգային մրցաշար ենք անցկացնում: Շատ եմ սիրում Ջերմուկը և ոչ շատ հեռու գտնվող Կեչուտի ջրամբարը, որտեղ էլ բացահայտել եմ լճի եզրին գտնվող «Մարգարիտկա» կոչվող հսկա ջրափոսը: Գարնանը, երբ ջրի մակարդակը բարձր է, շատ գեղեցիկ տեսարան է բացվում. բոլոր կողմերից ջուրը լցվում է ծաղկի ձև ունեցող փոսը` ստեղծելով ջրվեժի տպավորություն:
– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:
-Նյարդայնացնում են չափ ու սահման չճանաչող մուրացկանները, որ իրենք են որոշում գումարի չափը: Բացօթյա սրճարանում նստած ես, գալիս ու ասում է. «Տատիկին մի 1000 դրամով չե՞ս օգնի»: Էլ չեմ ասում, որ տուրիստներին են չափից դուրս անհանգստացնում: Հասկանում եմ, որ նման բան կա ցանկացած քաղաքում, բայց մեզ մոտ ասես մաֆիա լինի, արդեն նույնիսկ լուսացույցի մոտ են կանգնում, մոտենում մեքենաներին:
– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ– ծիրան– խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։
– Լավ կլիներ, որ «Լույս» հիմադրամի շնորհիվ դրսում սովորած երիտասարդները վերադառնային Հայաստան և ներգրավվեին իրենց մասնագիտական ոլորտներում: Կարծում եմ, որ մեր այցեքարտը կարող են լինել որակյալ մասնագետները և մեր ՏՏ ոլորտը:
– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:
-Դեյլ Քարնեգիի` «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքն եմ շատ ուսումնասիրում, ինչպես պետք է մարդկանց հետ հարաբերություններ հաստատել, գործն առաջ տանել: Սիրում եմ նաև մեծ հաջողությունների հասած անհատների մասին գրքերը` ինչպես են պետություն ղեկավարել կամ աշխարհի կեսը գրավել:
– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։
– Կարծում եմ, որ դրական լիցքեր կարող ես ստանալ այն մարդկանից, որոնց կարոտում ես: Իմ մի քանի ընկերներն ու ընտանիքի անդամներն են, որ դրական լիցքեր են փոխանցում:
– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։
-Լավ դպրոց: Այսօր Երևանում կան բազմաթիվ դպրոցներ, բայց չկա վստահություն, որ իսկապես լավն են: Ինչպե՞ս կարող են լավը լինել, եթե ավարտական դասարանում սովորողը պետք է արտադասարանային պարապմունքների հաճախի, որ կարողանա ընդունվել ԲՈՒՀ:
– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:
– Երբ քո երկիրն ես ներկայացնում, քո երկրի դրոշն է բարձրանում, հիմնը հնչում: Երկու տարի առաջ Չեխիայում շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն էր: Մեր շախամատիստներից երկուսը ` Մամիկոն Ղարիբյանն ու Մանուել Պետրոսյանը չեմպիոն դարձան: Մեդալները շնորհելու ժամանակ առաջնության կազմակերպիչները սխալ հիմն միացրեցին, մեր ողջ պատվիրակությունը մնացել էր ապշած: Թյուրիմացությունը պարզելու համար մոտեցա կազմակերպիչներին: Պարզվեց՝ մեր հիմնը չունեին: Բարեբախտաբար իմ հեռախոսում կար հիմնը, որն էլ հաջորդ շնորհման ժամանակ միացրեցինք: Այդ դեպքից հետո արտերկրյա յուրաքանչյուր մրցաշարի մասնակցելիս ինձ հետ վերցնում եմ մեր դրոշը և հիմնը` «CD»-ի վրա ձայնագրված:
Գարեգին Ալեքսանյան