7 ՀԱՐՑ. ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

1

Խորագրի հյուրն է «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

– Ձեր կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Իսկապես Հայաստանում շատ են հրաշալի անկյունները: Կառանձնացնեի Աղցքից դեպի Բյուրական  տանող ճանապարհին ընկած Օրգովի ձորը: Չքնաղ տեղ է:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Մեր վարորդների անկարգապահությունը: Անգրագիտության պատճառով նրանք վթարային իրավիճակներ են ստեղծում, սարսափելի խախտումներ անում: Համեմատության համար, պատկերացրեք բոլորին հրմշտելով անցնող հետիոտնի:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

-Հայաստանի այցեքարտերից մեկը եկեղեցական տուրիզմն է, ինչի համար ցավում եմ: Ինչո՞ւ: Մենք ունենք պատմություն, մինչքրիստոնեական քաղաքակրթություն, որից գրեթե  ոչինչ չի մնացե, ինչ էլ մնացել է, հիմնականում աշխարհով մեկ սփռված է: Օրինակ՝ Անահիտ դիցուհու կիսանդրին Բրիտանիայի թանգարաններից մեկում է:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Դժվարանում եմ պատասխանել: Լավ գրքերը շատ են և տարբեր տարիքում՝ տարբեր: Չարենցի խոսքերով ասած՝ «Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր»: Միշտ համարել եմ, որ գիտելիքի ձեռքբերման հիմնական աղբյուրը  գիրքն է: Գիրքը միայն գեղարվեստական ընթերցման համար չէ:

 –Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Իմ ընկալմամբ այդպիսիք են այն մարդիկ, ովքեր կարողանում են գնահատել իրենց ունեցածը, ապրել, վայելել այսօրվա օրը, արևը կամ ձյունը(ոչ թե տրտնջալ, որ ձմեռ է եկել): Այդպիսի մարդիկ դրական լիցքեր են փոխանցում:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։ -Հսկա գրախանութ, որը կծառայեր իբրև մշակութային կենտրոն բազմաթիվ մարդկանց համար: Կենտրոն, որտեղ մարդիկ կկարողանային հանգստանալ, հոգևոր բավարարվածություն զգալ: Հենց այդպիսի կենտրոնը կարող է լինել Երևանի այցեքարտերից մեկը:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Իմ աշխատանքով զբաղվում եմ 1973 թվականից: Խորհրդային շրջանում տարածվում էր այն գրականությունը, որը պարտադրվում էր «վերևից»: Կար, այսպես ասած, քաղաքական կուրս, կար «սոցիալիստական ռեալիզմ» հասկացողություն, որի տառին համապատասխան էր արվում ամեն ինչ: Անկախությունը մեզ տվեց ազատություն: Հասարակարգ փոխվեց, գրականության համաստեղություն առաջացավ. արգելված գրականություն չկար այլևս, փիլիսոփայության, հոգեբանության, հասարակագիտության և գիտական այլ ոլորտների  գրքերը դարձան հասանելի: Անկախությունն ինձ համար առաջին հերթին ընտրության ազատությունն է:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register