ԱՆԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1

 3 կենսաբանական պատճառ, թե ինչու են երեխաները նախընտրում ածխաջրեր

Դուք սեղան եք գցում՝ ամենահամեղ ու ամենատարբեր ուտելիքներով, իսկ ձեր երեխաներն առաջինը ձգվում են դեպի հացը, մակարոնը, ձիթաբլիթները՝ այն ամենը, ինչը մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում: Դուք հիշեցնում եք երեխային, որ սեղանին այլ ուտելիքներ կան, որոնք պետք է ուտել, ոմանք էլ դիմում են «բիրտ ուժին» եւ սկսում երեխային այլ՝ «առողջարար» սնունդ ուտեցնել:

Ածխաջրերով հարուստ սնունդ նախընտրելը հաճախ դառնում է լուրջ խոչընդոտ երեխայի եւ առողջ սննդակարգի միջեւ, քանի որ ծնողների մեծ մասը չի հասկանում, թե ինչով է պայամնավորված երեխայի այս նախընտրությունը:

Վերջերս կատարված ուսումնասիրությունները հետաքրքիր փաստեր են բացահայտում այն մասին, թե ինչու են երեխաները նախընտրում ուտել այն, ինչ ուզում են: Ներկայացնում ենք 3 փաստ, որոնք կհետաքրքրեն նաեւ ծնողներին:

Ածխաջրերն էներգիայի հիմնարար աղբյուր են

Ամենապարզ բացատրությունը, թե ինչու են երեխաները նախընտրում քաղցր սնունդ, այն է, որ քաղցրը նույնացվում է էներգիայի աղբյուրի հետ: «European Journal of Clinical Nutrition» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է. «Քաղցր համը էներգիայի ինդիկատոր է, որն անհրաժեշտ է օպտիմալ աճի եւ զարգացման համար: Մայրական կաթը եւս քաղցր է. սրանով է նաեւ պայմանավորված այն, որ երեխաները նախընտրում են քաղցր ուտել»: Քաղցրի նկատմամբ նախընտրությունները փոխվում են տարիքի հետ: Ուսումնասիրության համաձայն՝ 9-10 տարեկան դպրոցականներն ավելի քաղցրակեր են, քան 14-16 տարեկան դեռահասները, որոնք էլ իրենց հերթին ավելի քաղցրակեր են մեծահասակներից:

Ածխաջրերը սնուցում են ուղեղը

Northwester համալսարանում ուսումնասիրություններ են կատարել պարզելու համար, թե որքան էներգիա է ծախսում ուղեղը ծննդից մինչեւ չափահաս տարիք: Պարզվել է, որ ուղեղի կողմից գլյուկոզայի օգտագործումը հասնում է իր պիկին ոչ թե ծննդյան ժամանակ, ինչպես ընդունված էր կարծել նախկինում, այլ այն ժամանակ, երբ երեխան սկսում է քայլել:

Գիտնականները կարծում են, որ ուղեղի նման ֆունկցիոնալությունն ուղղված է նրան, որ ուղեղը ոչ միայն ֆիզիկապես զարգանա, այլեւ հասցնի ձեւավորել բոլոր անհրաժեշտ կապերը բջիջների միջեւ: Իսկ սրա համար անհրաժեշտ է առաջին հերթին գլյուկոզա:

Ածխաջրերը նպաստում են մարմնի աճին

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցրը նախընտրում են հատկապես այն երեխաները, ում մոտ ոսկորների ձեւավորման եւ աճի գործընթացը դեռեւս չի ավարտվել: «Ես չգիտեմ ինչպես, բայց ես համոզված են, որ ոսկորներն ինչ-որ կերպ հասկացնում են ուղեղին եւ համային ռեցեպտորներին, որ իրենց էներգիա է անհրաժեշտ եւ ահազանգում են դրա պակասի դեպքում»,- նշում են ուսումասիրողները:

Սա կարող է բացարտել այն հանգամանքը, թե ինչու էպիլեպտիկ նոպաների կանխարգելման համար ցածր ածխաջրային դիետայով սնվող երեխաները չեն աճում այնքան լավ, որքան սովորական սննդակարգ ունեցողները:

Ինչպես կարող է օգտակար լինել այս ինֆորմացիան

Դուք արդեն գիտեք, որ ածխաջրերով հարուստ սնունդ ուտելը ոչ թե կամակորության հետեւանք է, այլ երեխայի օրգանիզմի բնական պահանջ: Այնպես որ, նրան ստիպողաբար ինչ-որ բան ուտեցնելուց առաջ արժե երկար մտածել:

Ի՞նչ կարող եք անել դուք: Ճշմարտությունն, ինչպես միշտ, միջտեղում է: Եթե դուք երեխային խիստ սահմանափակումների մեջ եք դնում, սա կարող է հանգեցնել իրավիճակի, որը գիտնականներն անվանում են «սնունդ առանց սովի». երբ ածխաջրերի պահանջը տարիքի հետ սկսի նվազել, այն երեխաները, ում խստորեն սահմանափակել են  քաղցր ուտել, կշարունակեն մեծ չափով քաղցր օգտագործել՝ փոխանակ լսելու օրգանիզմի «ձայնը», որն այլեւս նման մեծ քանակի պահանջարկ չի զգում:

Մյուս կողմից, եթե ամեն ինչ թողնեք ինքնահոսի, ապա երեխայի սննդակարգը կդառնա ոչ բալանսավորված:

Լավագույնը, որ կարող եք անել դուք, այն է, որ ածխաջրերով հարուստ սննդի լայն ընտրանի ապահվեք երեխայի համար՝ մրգեր, կաթ, հացահատիկային մթերքներ, կոնֆետներ՝ խելամիտ քանակով: Առաջարկեք բազմազան սնունդ, բայց աշխատեք չազդել երեխայի ընտրության վրա:

Սննդակարգի խնդիրների լուծման հիմնական ուղին այն է, որ հասկանաք՝ երեխայի պահանջները սննդից էապես տարբերվում են մեծահասակի պահանջմունքներից: Այս գիտելիքները ձեզ կօգնեն ավելի խելամիտ վարվել երեխայի սննդակարգի հետ եւ հնարավորինս խուափել «սննդակարգային» խնդիրներից:

Տաթեւիկ Սարգսյան 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register