10 ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

1

 Եվրոպական ֆուտբոլում 2017 թվականի ամռանը տեղի ունեցած տրանսֆերային «երկրաշարժը» մինչ այժմ ցնցումներ է տալիս: 222 միլիոն եվրոյի դիմաց ֆրանսիական ՊՍԺ-ն օգոստոսին իրականացրեց դարի գործարքը` «Բարսելոնայի» ձեռք բերելով Նեյմարին: Այս տրանսֆերից հետո շուկայում քաոսային վիճակ ստեղծվեց: Բոլոր ակումբները զինվում էին բարձր գներով, երբ առաջարկով դիմում էր «Բարսելոնան». չէ՞ որ փողի հսկայական «պարկի» մասին գիտեին, մյուս խաղացողների տրանսֆերների գները նույնպես բարձրացան:

Կատալոնացիները մեկնարկային կազմում բալանսը պահելու համար ամռանը հաջողացրեցին 105 միլիոն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերել 20-ամյա Ուսման Դեմբելեին, իսկ մեկ այլ տրանսֆերային նպատակի` «Լիվերպուլի» առաջատար Ֆելիպե Կոուտինյոյին, չհաջողվեց ձեռք բերել օգոստոսին: «Չար լեզուներն» ասում էին, որ տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Լիվերպուլը» 200 միլիոն եվրո է պահանջել: Այնուամենայիվ այս տրանսֆերը կայացավ` ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուց օրեր անց: Ֆուտբոլիստի մեծ ցանկությունը սարեր շուռ տվեց, նա նույնիսկ իր գրպանից 10 միլիոն եվրոյից գումար դրեց, որպեսզի տրանսֆերը կայանա: Տեղափոխության ֆիքսված գումարը կազմեց 120 միլիոն եվրո, ևս 40 միլիոն «Լիվերպուլը» կարող է ստանալ բունուսների տեսքով: Օրինակ` երբ Կոուտինյոն 25-րդ խաղը անցկացնի «Բարսելոնայի» մարզաշապիկով, ակումբը 5 միլիոն եվրո կփոխանցի, ևս 20 միլիոն եվրո, երբ բրազիլացի աստղը 100-րդ խաղը անցկացնի: 10 միլիոն «Բարսան» կվճարի «Լիվերպուլին», եթե առաջիկա երկու տարում հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ ևս 5 միլիոն, եթե Կոուտինյոյի հետ հաղթի Չեմպիոնների լիգայում: Այսպիսով` տրանսֆերն ընդհանուր առմամբ կարող է կազմել 160 միլիոն եվրո, ինչը ֆուտբոլի պատմության 3-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է:

Առաջարկում ենք ստորև ծանոթանալ TOP-10 տրանսֆերների ցանկին` հիշեցնելով, որ գումարի չափը բնավ չի նշանակում, որ այս կամ այն ֆուտբոլիստը մյուսից լավն է: Ֆուտբոլային աշխարհը, փողը, ամեն ինչ փոխվում է շատ արագ: Համեմատության համար 1982 թվականին նույն «Բարսելոնան» 7.6 միլիոն դոլարի դիմաց ձեռք է բերել լեգենդար Դիեգո Մարադոնային, և այդ գումարը տվյալ պահի համար համաշխարհային ռեկորդ էր կամ 2001 թվականի ռեկորդը` Զինեդին Զիդանի տեղափոխությունը «Յուվենտուսից»` «Ռեալ», մադրիդյան ակումբին արժեցավ 77.5 միլիոն եվրո: Այժմ Զիդանի տրանսֆերը նույնիսկ ամենաթանկ տրանսֆերների տասնյակում տեղ չունի:

10. Վիրգիլ վան Դեյկ, 2018 թ. «Սաութհեմփթոնից» – «Լիվերպուլ», 84.7 միլիոն եվրո:

Կոուտինյոյի տրանսֆերից մի քանի օր առաջ «Լիվերպուլը» հոլանդացի 26-ամյա վան Դեյկին դարձրեց աշխարհի ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող կենտրոնական պաշտպանը:

4

9. Նեյմար, 2013 թ. «Սանթոսից»` «Բարսելոնա», 88.2 միլիոն եվրո:

Բրազիլացի աստղը դեռևս 2011 թվականին համարվում էր ֆանտաստիկ տաղանդավոր: Կատալոնացիները կարողացան «հափշտակել» Նեյմարին, որի հետևից որս էին սկսել գրեթե բոլոր գրանդ ակումբները:

8. Գոնսալո Իգուաին, 2016 թ. «Նապոլիից»` «Յուվենտուս», 90 միլիոն եվրո:

Սովորաբար հավակնոտ ակումբները խուսափում են բաժանվել իրենց առաջատարից, իսկ բաժանվելու դեպքում էլ ամեն ինչ անում են, որ իրենց սկզբունքային մրցակցի ճամբար չտեղափոխվի: Այս առումով արգենտինացի հարձակվողի տրանսֆերը իսկական աղետ էր «Նապոլիի» համար:

2

7. Կրիշտիանո Ռոնալդու, 2009 թ. «Մանչեսթեր Յունայթեդից» – «Ռեալ Մադրիդ», 94 միլիոն եվրո:

Ֆուտբոլային աշխարհը ցնցած տրանսֆեր, որ ժամանակին համաշխարհային ռեկորդ սահմանեց: Ռոնալդուի հաջողությունները «Ռեալում» արդարացրեցին ներդրված յուրաքանչյուր լուման:

6. Գարեթ Բեյլ, 2013 թ. «Տոտենհեմից» – «Ռեալ», 101 միլիոն եվրո:

Այս տրանսֆերի շնորհիվ աճեց համաշխարհային ռեկորդի գրաֆիկական կորը: Բեյլը «Ռեալի» կազմում նվաճեց Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, մեկ անգամ էլ դարձավ Իսպանիայի չեմպիոն:

5. Պոլ Պոգբա, 2016 թ. «Յուվենտուսից» – «Մանչեսթեր Յունայթեդ», 105 միլիոն եվրո:

Ֆրանսիացին դեռևս 2011 թվականին, 18 տարեկան հասակում էր հայտնվել «Յունայթեդում», սակայն կարիերան չստացվեց սըր Ալեքսի մոտ և 2012 թվականին նա հեռացավ «Յուվե», որպեսզի 4 տարի անց ռեկորդային գումարի դիմաց վերադառնա:

4. Ուսման Դեմբելե, 2017 թ. «Բորուսիա» Դորտմունդից – «Բարսելոնա», 105 միլիոն եվրո և բոնուսներ:

Արդեն նշեցինք Դեմբելեի մասին: Ցավալի է, որ նա սեպտեմբերին երեք խաղ անցկացրեց «Բարսայի» կազմում և ստացավ ծանր վնասվածք: Միայն օրերս է հեռանկարային, գերարագ ֆուտբոլիստը վերադարձել խաղադաշտ:

3. Ֆիլիպե Կոուտինյո, 2018 թ. «Լիվերպուլից» – «Բարսելոնա», 120 միլիոն եվրո և 40 միլիոն բոնուս:

Կոուտինյոն 25 տարեկան է, ֆանտաստիկ տեխնիկա ունի, հեռահար հարվածների է, «սուր, կտրող, ծակող» փոխանցումների է տիրապետում: Նրան համարում են «Բարսայի» ավագ Անդրես Ինյեստայի հետնորդը:

2. Կիլիան Մբապե, 2017 թ. «Մոնակոյից» – ՊՍԺ, 180 միլիոն եվրո:

Նեյմարի անհավանական տրանսֆերից հետո ՊՍԺ-ն բացեց փողի հաջորդ պարկը` գնելով ներկայիս ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստին: Մբապեն 18 տարեկանում այնպիսի հզոր խաղ է ցուցադրում, որ եթե նրան չկոտրեն վնասվածքները, կհասնի ամենամեծ բարձունքներին:

6

1. Նեյմար. 2017 թ. «Բարսելոնայից» – ՊՍԺ, 222 միլիոն եվրո:

Նեյմարի հավակնությունները ձգվում, հասնում են մինչ «Ոսկե գնդակը»: Ինչպես խոստովանել է ֆուտբոլիստի հայրը, նա «Բարսելոնայում» չէր կարող դառնալ լավագույնը` գտնվելով Մեսսիի ստվերում:

Այնուհանդերձ, Ռոնալդոյի և Մեսիի դարաշրջանի ավարտից հետո, հենց Նեյմարն է վիճարկված դառնալու «Ոսկե գնդակի» հիմնական հավաքորդը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register