7 ՀԱՐՑ. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

 – Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը  Հայաստանում:– Ինձ համար անասելի թանկ, սիրելի անկյուն է իմ ծննդավայրի` Կաթնաղբյուր գյուղի հարակից ձորակը, որտեղ կա ժայռի միջով հոսող սառնորակ մի աղբյուր: Հետաքրքիր անուն ունի` «Ճլճլան աղբյուր» է կոչվում: Իմ համագյուղացիները, Թալինի շրջանի ժողովուրդը շատ լավ կհասկանան այս անվան իմաստը. ջուրն աղբյուրից կաթիլ-կաթիլ է գալիս: Երբ գյուղ գնալու առիթ է լինում, ես անպայման այցելում եմ ինձ համար նվիրական դարձած այդ անկյուն: Այն ինձ՝ իմ մանկությունն ու պատանեկությունը վերապրելու հնարավորություն է տալիս:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:– Իհարկե, կա: Երբ ամեն առավոտյան աշխատանքի գնալիս տեսնում եմ քաղաքի փողոցներում դրված աղբով լի ամանները՝ անախորժ զգացողություն եմ ունենում: Աշխարհի շատ քաղաքներում եմ եղել և ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես անտեսանելիորեն է մաքրվում քաղաքը: Արդեն առավոտյան ամեն ինչ մաքրված, լվացված է լինում:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։– Մեր երկիրն աշխարհին առավելապես ծանոթ է իր մշակույթով: Երբ արտերկրում ոչ շատ գիտակ այլերկրացիների հետ շփվելիս ուզում եմ Հայաստանը ներկայացնել, նշում եմ Շառլ Ազնավուրի անունը: Միանգամից ճանաչում են: Իր մշակութային, հայանպաստ գործունեությամբ, ժողովրդին զորավիգ լինելու ունակությամբ, քաղաքացու իր պատասխանատվությամբ Ազնավուրը լիովին կարող է լինել Հայաստանի այցեքարտն աշխարհում:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Իմ կարդացած բոլոր` լավ և վատ գրքերը որոշակի ազդեցություն ունեցել են որպես անհատականություն իմ կայացման և ձևավորման վրա: Լավ գրքերը ձևավորել են իմ քաղաքացի տեսակը, վատ գրքերն ինձ սովորացրել են խուսափել այդպիսի մարդ լինելուց:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։– Գործի բերումով տարբեր մարդկանց եմ հանդիպում`գրողների, մշակութային գործիչների, գիտնականների: Գրադարանի այգում տեսնում եմ թռչկոտող երեխայի, ով վազելով գնում է մանկական բաժին` հեքիաթների հետևից: Յուրաքանչյուրից էլ սովորելու բան կա, չեմ ուզում «կուլտային» անձնավորություններ առանձնացնել, որովհետև յուրաքանչյուրս անհատականություն ենք` մեր առավելություններով և թերություններով:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Մետրոյի նոր կայարաններ` մեր քաղաքն այս անհասկանալի խցանումներից բեռնաթափելու համար:

– Շոգից  փրկվելու Ձեր «բաղադրատոմսը»։– Դուք Ձեզ ի՞նչպես եք զգում մեր գրադարանում: Արդյոք շոգո՞ւմ եք (ժպտում է,-խմբ.): Ես բոլորին հրավիրում եմ մեր գրադարան և նրա այգի, մոռանալու քաղաքի տապը, մեքենաների փոշին, որովհետև երբ հայտնվում ես գրադարանի այս փոքրիկ ինտերնետ-սրճարան-պուրակում, քեզ թվում է` քաղաք չկա շուրջդ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register