7 ՀԱՐՑ. ԳԱՅԱՆԵ  ԳԻՆՈՅԱՆ

7

Խորագրի հյուրն է թարգմանիչ, գրականագետ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի դասախոս Գայանե Գինոսյանը:

 – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Շաքիի ջրվեժը բացահայտել եմ անցած տարի: Գույները, կանաչը, ջրի ձայնը շատ մեծ տպավորություն են գործում:

 – Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Առաջին հերթին` տրանսպորտը, որ շատ վատ է աշխատում: Աշխատանքի գնալիս ստիպված օգտվում եմ Աբովյան-Երևան ավտոբուսից: Բացի այդ, զգացնել է տալիս նաև կանաչ տարածությունների պակասը, որտեղ մարդ կարող է հանգիստ քայլել, մտորել: Նյարդայնացնում է նաև բակերից, խաղահրապարակներից  զուրկ բարձրահարկ  շենքերի առատությունը քաղաքում:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

-Իմ կարծիքով Հայաստանի այցեքարտը կարող է լինել կուսական բնությունը, որին մարդու ձեռքը չի կպել, ոչնչացրել:

 – Նշեք  Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Դպրոցական տարիքում ընթերցել եմ թե՛ հայ դասականներին, թե՛ 80-ական, 90-ականներին  հրատարակված  գրեթե բոլոր ստեղծագործությունները: Այդ շրջանում իմ լեզվամտածողության վրա շատ մեծ ազդեցություն ունեցան Վարդգես Պետրոսյանի, Անահիտ Սահինյանի, Անժելա Ստեփանյանի, Անահիտ Սեկոյանի  գրքերը: Երբ երկարատև գործուղման եմ մեկնում արտերկիր, ինձ հետ վերցնում եմ Սիլվա Կապուտիկյանի «Գիրս մնաց հիշատակող» գիրքը, որն ինձ  շատ է դուրս գալիս, կամ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ժողովածուն, որն օգնում է մեղմել Հայաստանի հանդեպ կարոտը: 2000 թվականին, երբ կարդացի Քրիստոֆ Հայնի «Օտար ընկերը» նովելը, ինձ համար բացահայտեցի գերմանական գրականությունը: 2003 թվականին բացահայտեցի ավստրիական գրականության կարկառուն դեմքերից մեկին` Թոմաս Բերնհարդին, որը հայտնի է  պետության ու կրոնի հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքով:

 – Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Հիմա բոլորը գանգատվում են ամեն ինչից: Մի քիչ դժվար է դրական լիցք փոխանցող մարդ գտնել, բայց լինում են մարդիկ, որոնց հետ ուզում ես շփվել, զրուցել: Մարդիկ, որոնք իրենց հաջողություններով ու ուրախություններով  են քեզ հետ կիսվում: Նման մարդիկ են դրական լիցքեր հաղորդում, սակայն, ցավոք, նրանք շատ քիչ են:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Շատ կուզեի Երևանում կառուցել թարգմանչական մեծ կենտրոն: Աշխարհի տարբեր երկրներից թարգմանիչներ կհրավիրեի, որոնք մեր հայ գրականությունն իրենց լեզուներով կթարգմանեին: Այդ կերպ կներկայացնեինք մեր գրականությունը: Օրինակ` գերմաներենով մեր ողջ գրականությունից  ընդամենը 4-5 գիրք է թարգմանված: Կարելի է ասել`գրեթե բան չկա: Հայ մշակույթի, պատմության մասին Եվրոպայում շատ քիչ բան գիտեն: Գրքի միջոցով ներկայացված կլինի և՛ հայոց պատմությունը, և՛ գրականությունը, և՛ արվեստը:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Օրենքի գերակայությունը:

Գարեգին Ալեքսանյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register