ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ  ՍԻՐՈՒՆ  ՀԱՐՍՆԵՐԸ

1

 Հայկական հայտնի «դիտարկման» համաձայն՝«Հարևանի հարսն ավելի սիրուն է»։ Այս ասացվածքը նկարագրում է շատերի մոտ առկա՝ ունեցած սեփականը չգնահատելու, ուրիշինը գերագնահատելու և առհասարակ, սեփականը գնահատելու փոխարեն՝ ուրիշներին վկայաբերելու, ուրիշներին  հետևելու  հատկությունը։ Բնավորության այս գծով՝ ինչ-որ տեղ հուրախություն, ինչ-որ տեղ՝ ցավոք սրտի, օժտված ենք շատերս։ Հուրախություն, որովհետև հարևանների «հարսների» գեղեցկությունը տեսնելու և տեսածը ճիշտ ընկալելու  կարողությունը զարգացնելու դեպքում, մենք  կստանայինք հարևանների փորձը մեր երկիր բերելու ու մեր «հարսներին» էլ գեղեցկացնելու  ավելի լավ հնարավորություն։ Իսկ ցավոք, որովհետև սովորաբար այդքան էլ  լավատեսորեն չենք տրամադրված, ու  հարևանների փորձին նայելով չենք տեսնում, թե մենք ինքներս ինչ հանգրվանի ու նոր զարգացման ենք  հասել վերջին տարիների ընթացքում։

Օրինակ, դեռ տարիներ առաջ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տեղեկացրել էր երկրում բազմամիլիոնանոց արժողությամբ եզակի համալսարանական համալիր կառուցելու մտադրության մասին ։ Լուրին  հաջորդած մեր արձագանքը  շատ դրական էր՝ երազանքին տուրք տալու տեսանկյունից. գուցե մի օր էլ մեզ մոտ  նման համալիր կառուցվի։ Իրականում, կառուցվեց։ Ռուբեն Վարդանյանի օգնությամբ հիմնադրված «Դիլիջան» միջազգային կրթական նախագիծը հայ իրականության համար իսկապես բացառիկ է ։ Սակայն հիշո՞ւմ եք, թե ինչպես այդ փաստին մենք արձագանքեցինք։

Ասում էինք՝ թող հին դպրոցները վերակառուցեն, ինչո՞ւ են նորը ստեղծում ու այդքան գումար ծախսում, թող այդ գումարով ուսուցիչներին և աշակերտներին  օգնեն։ Վրաստանում չկա՞ն  չվերանորոգված դպրոցներ։ Իհարկե կան։ Բայց հարևանների մասին խոսելիս մենք  մոռանում ենք դրանց մասին՝ սուբյեկտիվորեն նրանց պատկերացնելով սուպերհերոսներ, որոնք, ի տարբերություն մերոնց, չեն սխալվում, լուծում են ցանկացած հարց  ու  ամեն բան իդեալական են կատարում։ Դիլիջանի միջազգային դպրոցը ոչ մի կերպ սխալների մեջ չէր։ Այն շատ արագ սկսեց արդարացնել ինքն իրեն, մենք ունեցանք աշակերտներ, որոնք կրթական այլ մոդելով ու մտածելակերպով դաստիարակվեցին, և բացի դրանից դպրոցը խթանեց կրթական տուրիզմը, քանի որ  դպրոցում ուսանում են նաև արտասահմանցի երեխաներ։Նման օրինակները շատ են՝ ցանկացած ոլորտում։ Հարևանի հարսի գեղեցկությունը արագ  ծակում է մեր աչքը, իսկ ո՞ւր մնաց մերը, մի՞թե այդքան զիջում ենք հարևաններին։

Ինչ խոսք, աշխատելու շատ տեղ ունենք, և հարևան «հարսները» կարող են հրաշալի օրինակ ծառայել մեզ համար։ Բայց դա չի նշանակում, որ  հայացքն անընդհատ սևեռելով  ապագային կամ  հարևան երկրներին՝ այդպես էլ դեպի ներս չնայելով և մեր եղածը չգնահատելով, կկարողանանք լուրջ ու կառուցվածքային որոշակի փոփոխությունների հասնել։ Երկար ժամանակ դեպի ապագա ուղղված հայացքը՝ ի վերջո վերափոխվում է հայացքի առ անորոշություն։ Իսկ անորոշությունը երբեք լուծում չի լինում։ Ուրեմն պետք է գնահատենք այն, ինչ ունենք։ Եվ միայն այդ դեպքում կկարողանանք ստեղծել էլ ավելի լավն ու գեղեցիկը։

Սիրով՝ ձեր Արիանա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register