«7 ՀԱՐՑ». ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

arqmenik

«7 Հարց» խորագրի հյուրն է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Երազում եմ, որ Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառի պես մի տոնավաճառ էլ Երևանում տեղի ունենա:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Երևանի բոլոր համայնքներում առանձնացնել տարածք և կառուցել մեծ գրախանութներ:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով ՀՀ իշխանությունների ձևավորում, արդար դատական համակարգ: Հայ հոգեբանությունից «Որտեղ հաց, այնտեղ կաց» մտայնության վերացում:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մենք իրականում լուսավոր կերպարներ շատ ունենք: Բայց այնուամենայնիվ, իմ կարծիքով, ապշելու աստիճան հեռատես ու լուսավոր են եղել հենց այս երեքը՝ Վռամշապուհ արքա, Խաչատուր Աբովյան, Ալեքսանդր Մյասնիկյան:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– 1915 թվականը: Եղեռնը սարսափելիորեն փոխել է մեր հոգեբանությունը, նաև՝ վատ իմաստով:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Գրքի հերթը «Բուկինիստ» գրախանութում նոյեմբերի 25-ին՝ գրքախառնության ակցիայի օրը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Երկու կարևոր այսպես ասած՝ նշանաբանի առկայություն և դրանց լիարժեք գիտակցություն և կիրառում. վստահիր ուժերիդ, հավատա ծարավիդ (իհարկե, սա հայտնի գովազդային արտահայտություն է, բայց իմ կարծիքով՝ ընտիր է) և՝ պարտությունները ժամանակավոր են, հաղթանակները մնայուն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register