7 ՀԱՐՑ. ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագրի հյուրն է արվեստագետ, ֆոտոլրագրող, Հայաստանի լավագույն ուրբան լուսանկարիչներից մեկը՝ Անի Գևորգյանը:
– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մի օր իրապես կդառնան հայկական և հայաստանյան իրականության լիարժեք բաղկացուցիչը:
– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Եթե քաղաքապետ լինեի, կհանձնարարեի տարածքներ՝ սրահներ տրամադրել ժամանակակից արվեստի աշխատանքների և լուսանկարների ցուցադրության համար, իսկ քաղաքապետի դիրքս էլ «կչարաշահեի»՝ այդ ցուցադրություններին մշտապես ներկա լինելու համար:
– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Կարևոր քայլերից եմ համարում խաղաղության ապահովումը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ մարդիկ գնում են ապրելու այնտեղ, որտեղ խաղաղ է, կա արդարություն և իրենց չեն թալանում:
– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Պապ թագավոր, Մխիթար Գոշ, Լևոն Տեր-Պետրոսյան:
– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Մարտի մեկի էջը: Արդարության համար պայքարող քաղաքացիները չպետք է սպանվեին ու մնային պատմության այդ էջում:
– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Ինձ անդադար զարմացնում է մարդու երևակայության անսահմանությունը։
– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Քննադատություն, ինքնաքննադատություն, համբերություն: