«ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ»

4

Նորագույն տեխնոլոգիաներն ակտիվորեն սկսել են կիրառվել նաև բարեգործական նպատակներով: Եթե տասը-տասնհինգ տարի առաջ մեզ ծանոթ էր նմանատիպ չորս-հինգ կազմակերպություն, ապա այսօր տարբեր պատրվակներով մեզ զանգահարում, հաղորդագրություններ են ուղարկում  տարաբնույթ ՀԿ-ներ, խոստովանենք՝ մեծամասամբ կասկածելի «արտաքինով»: Երբեմն դժվար է հասկանալը՝ ստո՞ւմ են արդյոք, հիվանդ երեխայի անունը շահարկելով գումա՞ր են կորզում, թե՞ իսկապես սրտացավ մարդիկ են: Քիչ չեն բացահայտված դեպքերը՝ այս կամ այն ստախոսների խմբերի գործունեության մասին: Բայց դրանց կողքին կան  նաև աշխատանքի արդյունավետությամբ առանձնացող  վստահելի գործընկերներ: Դրանցից մեկը «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն է, որն արդեն հինգ տարի է, ինչ ծավալում է իր գործունեությունը՝ հիմնականում աշխատելով սոցիալական ցանցերից  «Ֆեյսբուքում»՝ օգնելով հիվանդ, անապահով երեխաներին: Գործունեության, առաջիկա ծրագրերի և  ինքնահռչակ վայ-բարեգործներից խուսափելու տարբերակների մասին  է «Ճամփորդի» զրույցը «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի  հիմնադիրներից Արմեն Բուլղադարյանի հետ:

«Գաղափարը ծնվեց, երբ մոսկվայաբնակ ընկերներով այցելեցինք տեղի մանկատներից մեկը»,-պատմում է Արմենը: «Ապրումներն ու մտքերը հետագայում խթան հանդիսացան, որպեսզի սկսենք լուրջ աշխատանքներ տանել երեխաներին և մասնավորապես հայ երեխաներին օգնելու ուղղությամբ՝ սկզբում ձևավորվելով զուտ որպես ֆեյսբուքյան խումբ, իսկ կարճ ժամանակ անց՝ որպես հասարակական կազմակերպություն:

Մեր ուշադրության կենտրոնում են առողջական խնդիրներ ունեցող, անապահով ընտանիքների երեխաները, որոնք իսկապես ունեն աջակցության կարիք: Աշխարհագրական առումով սահմանափակումներ չկան. աջակցում ենք ամենատարբեր ձևերով: Կարող է լինել ֆինանսական օգնություն, կրթական, սոցիալ-հոգեբանական, օգնություն հագուստի, տնային և այլ պարագաների տեսքով և այլն: ՀԿ-ում բոլորը գործունեություն են ծավալում կամավորական սկզբունքով: Պարբերաբար կազմակերպում ենք տարատեսակ միջոցառումներ՝ համերգներ, ներկայացումներ, սպորտային հանդիպումներ, դրամահավաքներ, այցեր մանկատներ, հիվանդանոցներ, սահմանամերձ գյուղեր, այսինքն՝ ՀԿ-ի գործունեությունն այս 5 տարիների ընթացում դարձել է բավականին բազմապրոֆիլ»:

Արմենը նշում է, որ ի սկզբանե ընտրել են աշխատանքի թափանցիկ տարբերակը, որովհետև իրենց պատասխանատու են զգում  իրենց վստահող մարդկանց առջև: Չունեն գաղտնի կամ բացահայտ հովանավորներ, բոլորն աշխատում են կամավոր սկզբունքով. «ՕՀՄ-ի կողմից կատարվող յուրաքանչյուր գումարային ծախսի վերաբերյալ պարտադիր կերպով մեր ֆեյսբուքյան էջում ներկայացվում է հաշվետվություն՝ կցելով կտրոնը, լուսանկարները: Մեր թափանցիկ գործելակերպով վաղուց արդեն չունենք վստահության ձևավորման խնդիր: Մարդիկ, ովքեր ծանոթ են մեզ, գիտեն, որ մեր կողմից ներկայացվող երեխաների տվյալները ստուգված են և կեղծիքի տարբերակ լինել չի կարող»:

Դրամաշորթներին մեզնից լավ են ճանաչում, նրանցից խուսափելու համար Արմենը հորդորում է ուշադիր և հետևողական լինել, պահանջել դիմացինից նշել՝  կազմակերպության անդամները աշխատում են վճարովի՞, թե՞ զուտ կամավորական հիմունքներով, նրանք  ապահովո՞ւմ են ուղիղ կապ ծնողի-երեխայի հետ, թե խուսափում դրանից, ի՞նչ կերպ են օգտագործում գումարները և հաշվետու լինում գումարը տրամադրող մարդկանց առջև: Եթե այս բոլոր կետերը կատարվում են, ապա, ամենայն հավանականությամբ, ձեզ հետ իսկապես ազնիվ են աշխատում:

Տարիների փորձը և մեր անցած ուղին փաստում են, որ ցանկությունն ամենահզոր միջոցն է ցանկացած երևույթ դեպի լավն ու բարին տանելու հարցում: Եվ երբ լավ գործի գաղափարի շուրջ անշահախնդիր կերպով համախմբվում են երիտասարդներ, դառնում են անկոտրում ուժ և առաջ շարժվում՝ ապավինելով սեփական գործի նկատմամբ պատասխանատու վստահությանն ու գրանցած հաջողություններին, քանի որ ամեն առողջացած փոքրիկ, ամեն ապահովված կամ թեթևացած հոգսով ընտանիք մեր մեր մեծագույն ձեռքբերումն է ու հետագա գործունեության լավագույն խթանը:

Մեր փորձն ապացուցել է, որ կարելի է դույլը կաթ-կաթ լցնել, միայն պետք է հավատալ ու միասնական լինել: Պետք է տեսնել մեր շուրջը ու սրտացավ լինել ամեն մարդու նկատամբ, վերացնել մեր ներսից անտարբերությունը ու հիշել, որ ոչ ոք ոչնչից երբեք ապահովագրված չէ: Իսկ ավելի մեծ գնահատանք լինել չի կարող, քան փոքրիկների՝ քեզ ուղղված շնորհակալ ու երջանիկ աչքերն են»,-ասում է ՀԿ-ի հիմնադիրը:

«Ներկա  պահին «Չեմ բողոքում» վերնագրով բարեգործական մոնոներկայացում են պլանավորել: Հասույթը փոխանցվելու է հիվանդ երեխաներից մեկին: «Առաջարկը գրկաբաց ընդունվեց մեր սիրելի դերասանուհիներից մեկի՝ Լիանա Վարդանյանի կողմից: Ներկայացման ողջ հասույթը տրամադրվելու է չորսամյա Սարգիսին, ում մոտ հայտնաբերվել է ձայնալարերի պապիլոմատոզ: Տղայի բուժումը պետք է կազմակերպել արտերկրում»:

Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում, այլ միջոցառումներն իրենց սպասեցնել չեն տա:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register