7 ՀԱՐՑ. ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

3

Խորագրի հյուրն է քանդակագործ, մոտոճանապարհորդ Էդգար Գրիգորյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:
– Ուզում եմ մի ուշագրավ տան մասին պատմել, որ Աշտարակ քաղաքում է` Կարմավոր եկեղեցու վերևի թաղամասում: Փայտարվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանի տունն է, որն իր ձեռքով է նախագծել և կառուցել: Էսքիզներին ծանոթ էի, սակայն երբ տեսա տան վերջնական տեսքը, պարզապես ապշեցի: Այն հայկական քաղաքային ճարտարապետության վառ օրինակ է, որից այժմ Հայաստանում, կարծես թե չկա: Այդպիսի տներ պահպանվել են Վրաստանում: Մերօրյա մարդու աչքին այդ տեսակ տունը շատ տարօրինակ ու անսովոր է: Մամռակալած քարերից կառուցված, կղմինդրապատ, կարմիր տանիքով, փայտե հեծաններով ու փայտե զարդարված պատշգամբով տուն է: Ավելի լավ է` մեկ անգամ տեսնել: Որքան գիտեմ, մի շարք տուրիստական ընկերություններ քննարկում են տունն իրենց շրջայցերում ներառելու հնարավորությունը:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:
– Ժամանակակից որոշ քանդակներ պարզապես անասելի վատն են, նման քանդակներ քաղաքում տեղադրել ուղղակի չի կարելի: Բոլոր առումներով` թե՛ մտածողության, թե՛ կատարողական առումով նյարդայնացնող, ինքնուսական մակարդակի քանադակներ կան: Թեև վերջերս սկսել եմ դրանց ավելի հանգիստ նայել, որովհետև ժամանակն իր գործն անում է: Այսօր պահանջված քանդակները՝ վաղը չեն լինելու: Փոխվելու են, քանի որ այդ մակարդակը չի կարող երկար գոյատևել: Նման քանդակի վառ օրինակ է Աբովյան փողոցում տեղադրված դուդուկահարների քանդակը: Անասելի նյարդայնացնում է նաև մայթերի բացակայությունը: Շենքերի տակի կցակառույցները, հիմար ֆորմաներով աստիճաններն ու տարատեսակ քարերով շարված սալահատակները՝ ամբողջականությունը ջարդուփշուր են անում: Նյարդայնացնում է նաև ծառերի սակավությունը. քամու ժամանակ ամբողջ Երևանը փոշու մեջ կորչում է:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։
– Միգուցե` ճարտարապետությունը: Հատկապես մեր եկեղեցական ճարտարապետության մեջ շատ հետաքրքիր և յուրահատուկ բաներ կան: Ճարտարապետությունը հասկանալու համար,սակայն, պետք է բավական պատրաստված մարդ լինես: Շատ հետաքրքիր է կենտրոնագմբեթությունը, խաչաձև հատակագիծ ունենալը: Հասկանալու համար` ինչ է արվել, ինչու է արվել, գիտելիք է անհրաժեշտ:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:
– Հիշում եմ, թե փոքր տարիքում ինչ խանդավառությամբ էի կարդում «Սասունցի Դավիթը»: Բայց ոչ թե էպոսն էր ինձ վրա մեծ տպավորություն գործել, այլ պարզապես ծնողներս ինձ խոստացել էին կարդալուց հետո թուր, իսկական թուր նվիրել: Այնինչ այդպես էլ չնվիրեցին (ծիծաղում է,-խմբ.): Ուսանողական տարիներին կարդացի Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», որն ահռելի ազդեցություն գործեց ինձ վրա, մի քանի ամիս ուշքի չէի գալիս: Մեկ այլ շրջանում կարդացի Նիցշեի բոլոր գրքերը, որոնք նույնպես շատ ազդեցիկ էին:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։
– Իհարկե, ինձ դրական լիցքեր են փոխանցում իմ ընկերները` արվեստագետներ Արմենակ Գրիգորյանը, Գոռ Ենգոյանը, Վահե Մնացականյանը, Լուսինե Նավասարդյանը, Տիգրան Խաչատրյանը և շատ-շատերը:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։
– Կանաչ գոտի, որտեղ ոչ թե այգում կառուցված սրճարաններ, բետոնապատված հսկայական տարածքներ և ժամանցի վայրեր կլինեին, այլ իսկական այգիներ, միայն ծառեր ու փոքր ծառուղիներ, երբմեն էլ` նստարաններ: Անտառ` քաղաքում:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:
– Օրենքի գերակայությունը:

Գարեգին Ալեքսանայն 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register