ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏՈՆ

dhol

Երևանի հենց սրտում՝ Օպերային հարող տարածքում շատերս նկատած կլինենք դհոլով տղամարդուն: 46-ամյա Պետոն է՝ արևին, քամուն, անձրևին, ձյանը՝ նույն նստարանին նստած.

Համբոն Գիքորին քաղաք էր տանում,

Բազազ Արտեմին ծառա էր տանում,

Չէր ուզում, չէր ուզում,

Գիքորը չէր ուզում,

Չէր ուզում, չէր ուզում,  քաղաք չէր ուզում…

Գիքորի մասին երգը երևանցիներից շատերին անտարբեր չի թողնում: Մոտենում են, գումար թողնում գետնին դրված  ամանի մեջ ու հեռանում: Պետոն շաբաթ-կիրակի չունի, նա աշխատում է ցերեկվա 2-ից մինչեւ գիշերվա 11-ը, «գործի» լավ օրերին՝ մինչև 5.000 դրամ փող է աշխատում:

– Որ եղանակը լավ է լինում, մարդկանց հոսքը շատ է լինում, շատերն են փող տալիս: Օր ա լինում՝ 2000, օր ա լինում՝ 3000 դրամ ա մնում: Իմ հացի ու սիգարետի փողը կարողանում եմ  աշխատել,- ասում է  Պետոն:

Պետոն նախկինում ձողիկ ու այցեքարտեր է վաճառել Երևանի փողոցներում: Վերջին թանկացումներից հետո, սակայն, այդ գործը դարձել է ոչ եկամտաբեր: Մասնագիտություն չունեցող Պետոն 1 տարի առաջ որոշել է դհոլ նվագել սովորել: Սեփական աշխատանքով հավաքած 40.000 դրամով Վերնիսաժից դհոլ է գնել ու տանն ինքնուրույն փորձեր կատարել: Այնքան՝ մինչև դհոլի անկանոն հարվածները դարձել են կանոնավոր ու վերածվել երաժշտության… Այսքանով էլ նա չի բավարարվել: Քմահաճ անցորդներին գոհացնելու համար Պետոն սկսել է երգերի բառեր սովորել:

– Հայկական երգեր եմ երգում, մարդկանց էդ է դուր գալիս,- ասում է Պետոն ու ավելացնում,- ընկերներ ունեմ՝ մեկը կլարնետ  է նվագում, մեկը՝ դհոլ: Լինում է, որ մարդիկ հավանում են, հրավիրում են ռայոններ՝ հարսանիքներին նվագելու: Պետոն փողոցում նվագելուց իրեն վատ չի զգում, ասում է՝ արդար քրտինքով է փող աշխատում, ուրիշների պես մուրացկանություն չի անում: Մարդկանց վերաբերմունքից էլ դժգոհ չէ:

– Լավ են վերաբերվում, բայց քիչ են խոսում հետս, հիմնականում գումարը դնում են ու լուռ հեռանում,- ասում  է նա:Պետոն երազանքներ էլ ունի՝ ուզում է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Արդեն որոշել է՝ հենց ամուսնացավ հիմնական աշխատանք է գտնելու, որ  «հարսն իրեն վատ չզգա»:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register