ՍՈւՐԲԾՆՆԴՅԱՆ ՖԼԵՇՄՈԲԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

kidnapping-girl

Ոստիկանությունը ծնողներին զգուշացնում է՝ Սուրբծննդյան ֆլեշմոբը վտանգավոր է ձեր երեխաների համար:

Վերջին օրերին սոցիալական ցանցերը ողողվել են Սուրբծննդյան ֆլեշմոբով: Ֆլեշմոբի գաղափարը հետևյալն է. անծանոթ մարդկանց փոխանցում ես քո երեխայի անձնական տվյալները, նրանցից որևէ մեկի երեխային ուղարկում ես մեկ նվեր՝ փոխարենը ստանալով միանգամից 7 նվեր: Առաջին հայացքից անվտանգ թվացող տոնական ֆլեշմոբը, պարզվում է, այնքան էլ անվտանգ չէ:

Ֆլեշմոբի ընթացքում ծնողներն անծանոթ մարդկանց պետք է ուղարկեն իրենց երեխաների տվյալները՝ անուն-ազգանուն, տարիք, հասցե, արտաքին նկարագրություն (սա արվում է իբր նրա համար, որ հնարավոր լինի կոնկրետ երեխայի համար նվեր ընտրել):

-Երեխաների անձնական տվյալներն անծանոթներին փոխանցելուց առաջ մեր ծնողները պետք է լուրջ մտածեն՝ ում և ինչ նպատակով են դրանք փոխանցում, արդյո՞ք  միայն նվեր ուղարկելու: Ի վերջո միշտ չէ, որ այդ տվյալները բարի նպատակներով են օգտագործվում,- «Ճամփորդի» հետ զրույցում ասում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Տարբեր երկրների ոստիկանություններն արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով՝  ֆլեշմոբն իրականում բուրգի (պիրամիդայի) դասական օրինակ է, որը լուրջ վտանգ է ներկայացնում ձեր երեխաների անվտանգության համար: Բուրգը համակարգ է, որի ընթացքում մյուս մասնակիցների հաշվին եկամուտ են ստանում միայն կազմակերպիչն ու ակցիայի առաջին մասնակիցները:

-Սուրբծննդյան ֆլեշմոբում հնարավոր չէ բացահայտել կոնկրետ կազմակերպչին, որը կարող է հարստանալ ուրիշների հաշվին, սակայն այս ակցիան շատ վտանգավոր է, քանի որ հայտնի չէ, թե ում ձեռքը կարող են ընկնել ձեր երեխաների տվյալները և ինչ նպատակներով դրանք կարող են օգտագործվել,- հայտարարել են տարբեր քաղաքների ոստիկանություններ:

Եթե ուզում եք ուրախացնել ձեր երեխային, կարող եք ինքներդ նրան նվեր անել. սա, համենայնդեպս, ավելի անվտանգ է, քան անծանոթ մարդկանց հետ ձեր երեխայի տվյալներով կիսվելը:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register