ՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅԱՆ ՏԵՐ ՄԱՐԴԻԿ ՈւՄ ՀԵՏ ԵՆ ԱՄՈւՍՆԱՆՈւՄ

1

«Պսակվելը թթու թան չի, ամեն մեկի խելքի բան չի». ասում է հայկական ասացվածքը: Կամ էլ՝ չի ասում, բայց ճիշտ կաներ, որ ասեր:

Ինչպես ավտոմեքենա, այնպես էլ կյանքի ուղեկից ընտրելիս սխալը կարող է ճակատագրական լինել, նվազագույնը՝ կարող է իսկական գլխացավանք դառնալ: Այդ իսկ պատճառով՝ ընտրությանը պետք է լրջորեն մոտենալ: Այստեղ պիտի կարողանաս համատեղել ու փոխզիջումների բերել պատանեկությանդ ախորժակներն ու գերդաստանիդ նախասիրությունները, ֆինանսական կարողություններդ ու խնամիներիդ համոզմունքները, զուգընկերոջդ մրցարշավային հնարավորություններն ու հուսալիության աստիճանը, շարժիչն ու արգելակները, և այն:

Այդուհանդերձ, աջ ու ձախ, ամեն քայլափոխի տեղի են ունենում բարեհաջող և անբարենպաստ ամուսնություններ, և մեզ մնում է միայն խաչակնքվել և վերլուծել ոչ թե հաջողված տարբերակների գաղտնիքները (դա, ցավոք՝ անիմանալի բաների շարքում է), այլ ընդամենը ուսումնասիրել ամուսնական ընտրության դրդապատճառները և վեր հանել օրինաչափությունները:

Եվ ահա աշխարհի ամենահետաքրքրասեր երկրներից մեկում` ԱՄՆ-ում, որտեղ հետազոտվում է գրեթե ամեն բան, վերջին տարիներին իրականացվեց մեծածավալ հետազոտություն՝ պարզելու համար կարևորվու՞մ են արդյոք մարդկանց մասնագիտությունները ամուսնության ժամանակ: Հիմնավոր եզրակացություն ստանալու համար ուսումնասիրվել էին 3.5 միլիոն տնային տնտեսություններ: Հետազոտության արդյունքները կարծես թե փաստեցին Բալզակի և Տուրգենևի տեսակետը այն բանի վերաբերյալ, որ ամուսնության են ձգտում նմանատիպ հետաքրքրություններ և սովորույթներ ունեցող զույգերը:

Այսպիսով՝ ամենաշատը մանկավարժի մասնագիտություն ունեցող անձինք են իրար հետ ամուսնանում: Բժիշկների մեծ մասը ամուսնանում է հենց բժիշկների, բուժքույրերի կամ էլ ուսուցիչների հետ: ՏՆտեսագետները հիմնականում ամուսնանում են տարբեր ոլորտների մենեջերների, դատական համակարգի ծառայողների հետ, եթե իհարկե իրենց քարտուղարուհիները դատական համակարգի պաշտոնյաներից առաջ չեն ընկնում (ականջը կանչի մրցարշավային կարողությունների և հուսալիության): Մատուցողուհիներն էլ կարծես թե հիմնական օրինաչափությունից չեն շեղվում: Նրանք ավելի հաճախ ամուսնանում են գլխավոր խոհարարի, տնօրենի կամ իրենց ղեկավարի հետ:

Հետաքրքրական է, որ օրինակ՝ կռունկավարների և անշարժ գույքի գործակալների, միջնորդների զգալի մասը ամուսնացած է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ` բուժքույրեր, հոգեբաններ, բժշկի օգնականներ, հիվանդանոցների մենեջերներ: Կռունկավարների պարագայում, թերևս կարելի է տրամաբանորեն մեկնաբանություն գտնել, իսկ միջնորդների պարագայում դատողություններ անելը թողնում եմ Ձեր երևակայությանը:

Ինչպես միշտ, իրենց յուրօրինակ ճաշակով են տարբերվում դիզայներները և պարուհիները, ովքեր գլխավորապես նախընտրում են ավագ մենեջերներին, գործադիր տնօրեններին, օրենսդիրներին, դատական համակարգի աշխատակիցներին և դատավորներին («ուղտի պարը կամրջին բռնելու» տարբերակում, կողքիդ իրոք որ՝ մտերիմ դատավոր է պետք):

Հետազոտությունը նաև վեր է հանում որոշ անակնկալ տվյալներ: Զարմանալի էր, որ զգալի թվով պարուհիներ ամուսնացել էին եռակցողների հետ: Իսկ եռակցողների շրջանում էլ բավականին մեծ էր ջրի մաքրման, ֆիլտրման կայանների աշխատակիցների հետ ամուսնությունների թիվը:

Ընդհանուր հետազոտության շրջանակներում դիտվում են 3 վառ դրսևորված միտումներ.

  • բարձր վաստակ ունեցող կանայք ամուսնանում են ֆինանսապես իրենց հավասարների հետ
  • միջին վաստակով կանայք հաճախ իրենց ամուսնուն ընտրում են ավելի բարձր ֆինանսական եկամուտներ ունեցողների միջից
  • կին գործադիր տնօրենները հաճախ ամուսնանում են տղամարդ գործադիր տնօրենների հետ, միևնույն ժամանակ տղամարդ գործադիր տնօրենները երբեք էլ դեմ չեն ամուսնանալ իրենց քարտուղարուհիների հետ

Ամուսնության հարցում եղեք աչալուրջ և հիշեք, որ թե՛ հաշվարկով, թե՛ անմտածված ամուսնությունը նման է քվեարկության, երբ քվեարկողի սպասումները հազվադեպ են արդարանում:

Ագնեսա Սահակյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register