ՇՐԹՆԵՐԿՆ ԱՌԱՋՆԱԳԾՈւՄ

2-2

Պատերազմի դաշտում, երբ անընդհատ լինել-չլինելու վտանգ կա, լացն ու ծիծաղը, ցավն ու հումորը ապրում են կողք կողքի… Ցավը հումորով վիրակապելու, լացը ծիծաղով բուժելու համար էլ Աիդա Սերոբյանը 1991 թ -ին մեկնում է Ղարաբաղ առաջնագիծ:

«Մտածեցի՝ եթե ոչ ես, ապա ով պետք է գնա: Երեխաներս փոքր էին, նրանց ինչ-որ բան բացատրելու կարիք չկար, իսկ մորս ստեցի, ասի` ինձ գործուղման են ուղարկել Ջերմուկ: 91-ին գնացի Ղարաբաղ և վերադարձա պատերազմի ավարտից հետո միայն, երբ ասին` դո՛խտուր, աչքդ լուս լինի, կռիվը պրծալա»,- ասում է գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը:

Հաթերք գյուղի պարտիզանական ջոկատի, իսկ Արցախի բանակի հիմնադրումից հետո Մարտակերտի գնդի, այնուհետ`Արցախ փրկարար ծառայության բուժքույրն է եղել Աիդա Սերոբյանը: Պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ է, Արցախյան ազատամարտի տարիներին չորս անգամ վիրավորվել է: Այդ մասին վերհիշել, սակայն, տիկին Սերոբյանը չի սիրում:

«Եթե պետք էր 7-ին վեր կենալ, ես 5-ին էի արթնանում, պատրաստվում, շրթներկս քսում, զենք վերցնում ու գնում դիրքեր: Ասում էին` ինչի՞ ես շրթներկ քսում, որ պուլյան կպավ, մեռնելու ես: Ասում էի` ոչինչ, թող մեռնելիս սիրուն մեռնեմ»,- կատակում է գնդապետը:

Աիդա Սերոբյանը մասնակցել է Քարվաճառի, Աղդամի, Հորադիզի, Ֆիզուլու, Ջրականի (Ջաբրայիլի) շրջանների ազատագրմանը: Հայրենիքի պաշտպանների կյանքը փրկելուն զուգահեռ` տիկին Աիդան զենքը ձեռքին մշտապես կանգնած է եղել նրանց կողքին:

«Հո մենք չէինք սպասելու` մեկը վիրավորվի, որ գնայինք առաջին բուժօգնություն ցույց տայինք: Մենք բոլորս զենքը ձեռքներս կանգնած ենք եղել. եթե վիրավոր է եղել, վիրակապել ենք, եթե դրա անհրաժեշտությունը չի եղել` զինվորներին հավասար մարտնչել ենք»,- ասում է նա ու հպարտությամբ նշում. «Պատերազմի դաշտում կնոջ ներկայությունը շատ կարևոր է: Ամենավախկոտ տղամարդն էլ, տեսնելով զենքը ձեռքին կռվող կնոջը, առյուծ է կտրում: Աիդա Սերոբյանը դասավանդում է Երևանի պետական հումանիտար քոլեջում: Զինղեկ է, վաղվա զինվորներին է կրթում: Ապրածի, արած-չարածի համար չի զղջում, ափսոսում է միայն մի բանի համար, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ապրիլին առաջնագիծ մեկնել:

Տաթևիկ Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register