ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՑԱՍՈւՄԸ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ

1

Վերջերս ծիծաղաշարժ մի պատմություն լսեցի: Ընկերուհիներից մեկը մյուսին  ասում է` «Մինչ ռոբոտների և մարդկանց պատերազմի սկսվելը  չհամբերեցի՝ ու  միանգամից ջարդուփշուր արեցի փոշեկուլս»: Կատակն ինձ դուր եկավ ու ես մի բոլ ծիծաղեցի: Բայց ով իմանար, որ օրեր անց, այն էլ` Հայաստանում, իսկական որս է սկսվելու տեխնոլոգիական մի «զինվորի»` շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքի նկատմամբ: Եթե դուք սոցիալական ցանցերում գրանցված  չեք, կամ էլ գրանցված եք,բայց առանձնապես ակտիվ չեք  ու վարորդներին առնչվող հարցերով  էլ չեք հետաքրքրվում, ապա այն՝ ինչ կկարդաք ստորև, ձեզ առնվազն տարօրինակ կթվա:

Շարժական արագաչափն իրենից ներկայացնում է «Ֆոլքսվագեն» մակնիշի կապույտ  ավտոմեքենա, որի հետնամասում արագաչափ սարք է տեղադրված: Մեքենան  հիմնականում կայանած է լինում ճամփեզրին: Նորամուծության մասին տեղեկացած  օգտատերերը սոցցանցերում՝ նկարահանող սարքին ուղղված բռնության կոչերն էին «հնչեցնում»՝ «Տրակտորով լինես, դրան մի հատ կոշես », «Մի 4 հոգով լինես, վերցնես, նետես աղբամանը», «Ժողովուրդը, որ ջոգեց, «պակռիշկեքը» հաստատ ծակելու է », «Որտեղ տեսնեմ, գնալու եմ հետևը կանգնեմ ու անընդհատ խանգարեմ»: Ընդհանրապես, այն տպավորությունն էր, որ վարորդներից շատերը խուճապի մեջ են: Սարքի տեղակայման վայրը հայտնաբերելուց հետո օգտատերերը միանգամից գրառումներ էին կատարում ու կարծիքներ փոխանակում  վարորդների ակտիվ խմբերում:

Շարժական արագաչափերը գործածության մեջ դնելուց առաջ, ոստիկանությունն այսպիսի հիմնավորում է բերել. «Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից  կիրառվելու է շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք»:

Շարժական արագաչափները գլխավորապես կիրառվելու են մարզերում,մայրուղու այն հատվածներում, որտեղ կան պատահարների առաջացման ռիսկեր: Վարորդները նախապես որևէ ցուցանակով չեն իմանալու շարժական արագաչափի տեղակայման մասին, մինչդեռ անշարժ արագաչափերի դեպքում նախապես զգուշացնող ցուցանակ կա: Մինչ հասկանալը, թե վարորդների հիմնական դժգոհություններն ինչի հետ են կապված, վերհիշենք օրենքը. վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Սա ՀՀ ճանապարհային ոստիկանության երթևեկության կաննոնների` Երթևեկության արագությանը վերաբերող առաջին կանոնն է:Արագության սահմանափական մասին, ահա թե ինչպիսին է օրենքը` բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

3

Թեթև մարդատար ավտոմոբիլներով բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է` 90 կմ/ժ ոչ ավել արագությամբ (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):Ինչ վերաբերվում է արագաչափերով գրանցված դեպքերին, հարկ է նշել, որ վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: Այսինքն, եթե նշված վայրում սահմանված արագությունը 60 կմ/ժ է, իսկ վարորդը զարգացրել է 73 կմ/ժ արագություն, ապա արագաչափը կգրանցի տուգանք` 3 կմ/ժ-ով թույլատրելի արագությունը գերազանցելու համար: Ինչ վերաբերվում է տուգանքի չափին, ապա սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում`  առաջանում է տուգանք 1.000 դրամ՝ գերազանցած յուրաքանչյուր 1 կմ/ժ համար(վերը նշված դեպքում վարորդը վճարելու է 3000 դրամ): 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում` առաջանում է 1.500 դրամ տուգանք ՝ գերազանցած յուրաքանչյուր 1 կմ/ժ-ի համար: 31-50 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում` առաջանում է տուգանք 100.000 դրամի չափով: Սահմանված արագությունը 51-80 կմ/ժ գերազանցելը հանգեցնում է  200.000, 81 կմ/ժ-ից գերազանցելու դեպքում` 500.000 դրամ տուգանքի:Գաղտնիք չէ, որ տարատեսակ ծրագրերի միջոցով հնարավոր է երթևեկության ժամանակ նախապես իմանալ  մոտակայքում անշարժ արագաչափերի առկայության մասին: Արագաչափերի տեղակայման վայրերը փորձառու վարորդներն անգիր գիտեն և նրա «թրի տակից» անցնում են` չգերազանցելով սահմանված արագությունը: Այնինչ, շարժական արագաչափների պատճառով ամեն քայլափոխի հնարավոր է«նկարվել»: Վարորդների դժգոհության պատճառները պարզելու համար, մենք հարցում ենք անցկացրել համացանցում:

2

Շատերն այն կարծիքին են, որ այս միջոցը մարդկանց ֆինանսապես քամելու հերթական ձևն է: Մյուս կողմից կան բազմաթիվ վարորդներ, որոնք ուրախությամբ են ընդունել նորամուծությունը` նշելով, որ օրինապահ վարորդներին տուգանքներ չեն սպառնում: Գրիգոր Աղանյան. «Անկեղծ ասած չեմ կարծում, թե արագաչափերով զոհերի ու վթարների քանակը կարելի է նվազեցնել։ Իսկ այն, ինչն իրոք կնվազեցնի՝ գծանշումները, լուսավորությունն ու ծածկույթի վիճակը կարգավորելն է, որն իրենց պարտականությունն է և որը չեն անում, որովհետև ավելի հեշտ է վարորդներին տուգանել»: Սահակ Սաֆարյան. «Կարգապահ վարորդների մեծամասնությունը չի դժգոհի նման «նորամուծությունից», եթե այն կիրառվի երթևեկության անվտանգության ապահովման համար և  ոչ թե դառնա հնարավորինս շատ շորթելու հերթական թակարդը: Այդ պրակտիկան վաղուց կիրառվում եվրոպական մի շարք երկրներում և տալիս է իր դրական արդյունքը: Բողոքողները չեն նշում ամենակարևորը՝ որքանով են  վարորդները ճանապարհի տվյալ տեղամասում երթևեկությունը կարգավորող նշանների միջոցով իրազեկվում տվյալ մասում թուլատրվող արագության սահմանափակման վերաբերյալ: Երբ չկան բավարար նշաններ և զգուշացումներ, դա թակարդ է: Մայրուղիների վրա, հարակից գյուղական վայրերում, հազիվ տեսանելի, կիսամաշ, բազմաթիվ «սառը գազ», «գառան միս», «թարմ հաց», «սառը թան» և նմանատիպ այլ «գովազդների» արանքում տեղադրված, ենթադրենք, «ՊՌՈՇՅԱՆ» ցուցանակը պետք է վարորդը հասցնի նկատել, ըմբռնել, վերլուծել, թե դա ինչ է նշանակում, բնակավայրի անուն է, թե գովազդ, և հետո նոր արագությունը իջեցնի 60կմ/ժ… բայց արդեն շրխկ՝ ձեզ նկարում է «թաքնված տեսախցիկը»: Մնացածը՝ բոլորիս ծանոթ սցենարով…»:

Հայկ Հարությունյան. «Ունենք փաստ, որ արագաչափերը և տեսախցիկները չեն կարողանում նվազեցնել վթարների քանակը։ Սակայն ՃՈ-ն անտեսելով տվյալ փաստը, չի փորձում ձեռնարկել ավելի արդյունավետ քայլեր. օրինակ` չվաճառել վարորդական իրավունք կամ մեքենաների տեխզննումն անցկացնել ոչ ձևական: Եվ այժմ բոլորը համոզվել են, որ ՃՈ-ին ոչ թե հետաքրքրում է անվտանգությունը, այլ տուգանքներից եկող գումարները։ Իսկ շարժական արագաչափը ևս տուգանքների ծավալների ավելացմանը միտված քայլ է: Դրա համար էլ ժողովուրդն այդքան ծանր է տանում շարժական արգաչափերի ներմուծումը»: Գոհար Պետրոսյան. «Կարծում եմ` շարժական արագաչափերն անօրինական են, ոչ ոք գաղտնի նկարահանելու իրավունք չունի: Նույնն է, թե ոստիկանը սովորական, քաղաքացիական մեքենայով կանգնեցնի ու տուգանի»:   Համացանցում կային նաև հարցին հեգնանքով վերաբերվողներ` «Թող մի հատ էլ դանդաղաչափ դնեն, գոնե կարողանանք 50 կմ/ժ քշենք, թե չէ բոլորը վախեցած 20 կմ/ժ -ից ավել չեն քշում», «Այսքան տեսախցիկ ու արագաչափ որ բաժանես մարդաքանակի վրա, ամեն մեկին մեկ հատ բաժին կհասնի: Երևի Գինեսի գրքում են ուզում գրվեն», «Շուտով «կամեռաներ» կդնեն նաև մարդկանց տներում, որպեսզի արագ չշարժվեն»:

Վարորդների դժգոհությունը տեղ հասցրեց՝

Գարեգին Ալեքսանյանը 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register