7 ՀԱՐՑ. ՍՈՆԱ  ՔՈՉԱՐՅԱՆ

Sona-Kocharyan2

Խորագրի հյուրն է լրագրող, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հաղորդակցության մենեջեր, վավերագրող ռեժիսոր Սոնա Քոչարյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Իմ կյանքում մեծ նշանակություն է ունեցել Ջիլիզա գյուղի բացահայտումը: Գյուղը գտնվում է Լոռու մարզում` հայ-վրացական սահմանին: Ժամանակի ընթացքում գյուղը սահմանով բաժանվել է: Գյուղից մեկ կիլոմետր հեռավորության  վրա գտնվող, բայց արդեն Վրաստանի տարածքում ապրող բարեկամներին տեսնելու համար՝ Ջիլիզայի բնակիչները հարկադրված են կտրել հարյուրավոր կիլոմետրեր: Մարինե Քոչարյանի հետ մի քանի տարի առաջ այս թեմայով ֆիլմ ենք նկարահանել («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»: Ֆիլմը տարբեր երկրներում մասնակցեց բազմաթիվ փառատոների  (ցանկացողները կարող են դիտել համացանցում, – խմբ.):

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Եթե մարդկանց մասով ասեմ, վերջին տարիներին փորձում եմ հնարավորինս չնկատել բաներ, որոնք ինձ նյարդայնացնում էին նախկինում` խոսակցություններ, պահվածք և այլն: Ինչ վերաբերվում է քաղաքի տեսքին, տխրում եմ, որ ինչ-որ բաներ ուղղակի վերանում են: Երբ բարձր դիրքից ես հետևում, տեսնում ես, թե որքան արագ է փոխվում քաղաքի դիմագիծը: Անընդհատ շերտեր են ավելանում, որոնք ճնշում են քաղաքը:

 – Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Հայաստանն ինքնին շատ հետաքրքիր երկիր է` թե՛ պատմականորեն, թե՛ տեսարժան վայրերով, թե՛ բնությամբ: Մյուս կողմից, Հայաստանին լավ ճանապարհներ են պետք: Եթե խոսում ենք տուրիզմի մասին, ապա չի կարելի չնկատել, որ ճանապարհների վիճակն ամենամեծ խնդիրներից է այսօր:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա  նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Կարծում եմ` այն գրքերն են, որոնց պարբերաբար վերադառնում ես: Իմ դեպքում` բարության մասին գրքերն են, որ մանկուց կամ ինչ-որ տարիքից սկսած ուղեկցում են. «Փոքրիկ Իշխանը», «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: Վերջերս վերընթերցել եմ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»: Կուզեի նշել նաև ինձ համար շատ կարևոր մարդու` Այդին Մորիկյանի «Միայնակ  ծերունին, որ զրուցակից էր փնտրում» գիրքը, որ հրատարակվել է իր մահից հետո:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Հիմա մենք առհասարակ շատ ենք բողոքում, տրտնջում կյանքից, ամեն ինչից… Մեր երկիրն էլ իրականում այդ հնարավորությունը տալիս է (ժպտում է, –խմբ.): Այս պարագայում միշտ փնտրում եմ դրական էներգիա փոխանցող մարդկանց: Բնականաբար խնդիրներ, դժվարություններ բոլորի մոտ էլ կան, բայց սիրում եմ, երբ մարդը ստեղծում է ինչ-որ բան, չի սպասում, որ մեկ ուրիշն իր համար ստեղծի: Սիրում եմ, երբ մարդն ուրախանում է կյանքով ու այդ էներգիան կարողանում է փոխանցել դիմացինին: Առհասարակ ինչ-որ նպատակ ունեցող ու այդ նպատակի հետևից գնացող մարդիկ են դրական լիցքեր փոխանցում:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մի քանի տարի առաջ գործի բերումով շատ էի քայլում քաղաքում ու լուսանկարում քաղաքի հին դռները: Արդեն հասցեներով անգիր գիտեի` «էս հասցեում էս դուռն է»: Հիմա կենտրոնում էլի շատ եմ քայլում ու շատ տխրում եմ, որ այդ դռները չկան` կա՛մ փոխարինվել են, կա՛մ դուռը շենքի հետ միասին չկա ամբողջովին: Այդ վերացող դռները կուզեի կրկին տեսնել Երևանում:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Լեզուն: Սիրում եմ հայերենը, բայց մեր լեզվում շատ են օտար բառերը: Կուզեի մաքուր պահեինք մեր լեզուն: Եվ եթե թեկուզ փոքրուց լսել ենք «խոլոդիլնիկ» բառը, ապա  կարող ենք, չէ՞, աշխատել մեզ վրա ու ասել` սառնարան:

Լուսանկարը` Գագիկ Աղբալյանի  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register