GG-Ի ԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

2

am}Մարդու կյանքի հետագա ընթացքը շատ հաճախ կախված է լինում նրանից, թե ինչպես է նա արձագանքում  գոյություն ունեցող կարծրատիպերին: Մեզանից  յուրաքանչյուրը բազմիցս է առնչվել առկա կարծրատիպերի տարատեսակ դրսևորումների: Սակայն որքան էլ կարծրատիպերը «կարծր» լինեն, ժամանակի ընթացքում ու ազդեցությամբ  նրանք փափկում են`դառնալով պարզապես տիպ: Իսկ եթե ժամանակի ազդեցությանը սպասելու ժամանակ չկա, ուրեմն պետք է սեփական օրինակով կոտրել կաղապարները:

Հայաստանում տասնամյակներ շարունակ ամենակենսունակներից է եղել «վարորդ կնոջ» կարծրատիպը: Այժմ սակայն, գոնե Երևանում, այն զգալիորեն զիջել է դիրքերը: Կին վարորդների առատությունն անզեն աչքով անգամ նկատելի է: Ինչ խոսք, վատ վարորդներ լինում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում, սակայն երբ կին վարորդը կոպիտ սխալ է գործում, դա հատկապես տպավորվում է, դառնում դրոշակ, կտրուկ եզրահանգում` «կինը մեքենա չի կարող վարել»: Մինչդեռ իրականում, կինը ոչ միայն հրաշալիորեն կարող է մեքենա վարել, այլև` ցանկության դեպքում նույն այդ մեքենայով գումար վաստակել, ինչպես անում է Սիրանուշ Մելքոնյանը: Նա 20 տարվա վարորդ է: Վերջին  երկու տարիներին նա հաջողությամբ համագործացում է «gg» ընկերության հետ` տեղափոխելով մարդկանց:

«Ինձ համար մեքենան ոչ թե շքեղություն է, այլ` փոխադրամիջոց: Վարել սկսել եմ ուսանողական տարիներից, այս ընթացքում նստել եմ թե՛ խորհրդային, թե՛ այսպես կոչված ֆիրմային մեքենաների ղեկին: Ինչպիսի վարո՞րդ եմ: Կասեմ, որ ամեն ինչ ընդունելի է չափի մեջ. որտեղ հարկավոր է արագ վարել, արագ եմ վարում, որտեղ դանդաղ` դանդաղ»,-նշում է զրուցակիցս` վստահորեն շրջանցելով ճանապարհը փակած մեքենային՝ Սայաթ-Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում:

Սիրանուշ Մելքոնյանը աշխատում է ավիացիայի ոլորտում: Նախկինում իր հիմնական աշխատանքին զուգահեռ՝ համատեղության կարգով աշխատել է նաև զբոսաշրջիկների հետ, սակայն դա համարելով հոգնեցուցիչ և ծանր աշխատանք, դադարել է զբաղվել դրանով: Իսկ պատվերով վարորդի աշխատանքն այս դեպքում լիովին ազատ գրաֆիկով է: «Դեռևս երկու տարի առաջ, երբ աղջիկս ավարտական դասարանում էր, պարապմունքների ծախսը հոգալու համար մտածում էի երկրորդ աշխատանքի մասին: Այսպես առաջ եկավ «gg»-ի հետ համագործակցելու տարբերակը: Կարծում եմ, որ աշխատելը երբեք էլ ամոթ չէ, վատ չեմ զգում. չէ՞ որ բոլոր աշխատանքներն էլ հարգանքի են արժանի: Երբեմն լինում է, որ ուղևորները, նստելով իմ մեքենան, կասկածով են նայում ինձ, զգում եմ` վախենում են մի քիչ, բայց երբ երկրորդ անգամ ենք հանդիպում, շատ ուրախանում են»,- ծիծաղելով նշում է Սիրանուշ Մելքոնյանը:

1

Զրուցակիցս իր աշխատանքում ամենաշատը գնահատում է մարդկանց հետ շփումը: Նա առաջնորդվում է երկաթյա կանոնով` չի հանդուրժում մեքենայում ծխելը: Իսկ եթե պատվիրատուին հույժ անհրաժեշտ է ծխել, առաջարկում է մեքենան մի քանի րոպեով կայանել: Նշում է, որ մեքենան գնելուց հետո դժվարությամբ է ազատվել ներսում մնացած  ծխի հոտից: Չի սիրում նաև, երբ մարդը դառնում է մշտական պատիվիրատու, քանի որ կարծում է, որ այդ կերպ վարորդը դառնում է պարտական: «Մի անգամ շատ զավեշտալի դեպք պատահեց: Կենտրոնից ուղևոր վերցրի, որին պետք է տանեի երկաթգծի կայարան: Ուրախացա, քանի որ ես նույնպես կայարանի մոտ եմ ապրում, իսկ աշխատանքային օրն արդեն վերջանում էր: Վարելիս բոլորովին մոռացա հետևում նստած մարդու մասին և ուղևորվեցի մեր թաղամաս: Մեկ էլ անսպասելիորեն, հետևում նստած ուղևորը տարակուսած հարցրեց. «Կներեք, ինձ ո՞ւր եք տանում»: (Ծիծաղում է,-խմբ.): Անակնկալի եկա, բայց իհարկե հասցրեցի ուր որ պետք է»,- պատմում է Սիրանուշ Մելքոնյանը:

Զրույցի վերջում հետաքրքրվում ենք, արդյոք կուզենար որ աղջիկն էլ մեքենա վարի: Ասում է. «Գոնե ոչ հիմա, թող մի քիչ էլ մեծանա, ինքնուրույն դառնա. մեր երթևեկությունը երբեմն սարսափելի է, շատ են անկանոն վարորդները»:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register