ԱՎՏՈՍՏՈՊ՝ ՀՍԿԱ ԲԵՌՆԱՏԱՐՈՎ

2

Ապրիլի 20-ին, երբ ողջ Հայաստանում մեծ թափով ընթանում էր քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարը, ցանկացած ճանապարհ` լինի միջքաղաքային, թե քաղաքային յուրաքանչյուր րոպե կարող էր փակվել: Հասարակական տրանսպորտը ևս դժվարությամբ էր աշխատում, իսկ միջքաղաքային տրանսպորտը որոշ ուղություններով ընդհանրապես չէր աշխատում: Այսպես` ապրիլի 20-ին, Կոտայքի մարզում` Նոր-Հաճն քաղաքից հնարավոր չէր գտնել հասարակական տրանսպորտ, թեև աշխատանքային օրերին 15-20 րոպե պարբերությամբ աշխատում է «253» համարի տրանսպորտը: Որոշելով դիմել ավտոստոպի, դուրս եկա քաղաքից և քայլեցի Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր-Հաճնի կամուրջով, որը Հայաստանի ամեներկար կամուրջներից մեկն է:

1

Ինչպես սովորաբար լինում է Հայաստանի մարզային ճանապարհներին, շատ արագ մեքենա է կանգնում: Բայց ի՞նչ մեքենա, իսկական, հսկա բեռնատար կանգնեց, որը բարձրանալու համար երեք աստիճան պետք էր հաղթահարել: Երբևէ նման բեռնատար չէի նստել և, ճիշտն ասած, միշտ երազել էի, հատկապես 90-ականներին հանրածանոթ «Брат» և «Брат-2» ֆիլմերից հետո, որտեղ գլխավոր հերոսն մեկ անգամ չէ, որ հսկա բեռնատար է նստում ճանապարհին: Շնորհակալություն հայտնելով վարորդին, միանգամից զրույցի բռնվեցի, ինչն ավտոստոպի ամենահաճելի բաղադրիչն է: Պարզվեց, որ մեծահասակ վարորդը` Դավիթ Ղազարյանը, Արարատի մարզի Դավալու(ներկայիս Արարատ) գյուղից է, Սպարապետ Վազգեն Սարգսյանի համագյուղացին է:

64 տարեկան է և արդեն գրեթե 45 տարի մեքենա է վարում: Աշխատում է ավտոճանապարհների շինարարությամբ զբաղվող ընկերությունում: Հնարավորության դեպքում մշտապես ճանապարհից վերցնում է համընթաց շարժվող ուղևորների: Պատմեցի, որ Երևանում տեղի ունեցող ցույցերը լուսաբանելու համար եմ մեկնում մայրաքաղաք: Նա էլ իր տեսակետը հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ.

«Ոչ միայն այս օրերին, որ բազմամարդ ցույցեր են, այլև` ընդհանրապես, մարդիկ շատ նեղված են: Նույնիսկ լինում է, որ տրանսպորտի գումար չունեն: Այդպես միշտ փորձում եմ նույն ուղղությամբ շարժվող մարդկանց տեղափոխել: Լինում են մարդիկ, որ իջնելուց առաջարկում են գումար տալ, սկզբունքորեն հրաժարվում եմ: Ինձ գումար հարկավոր չէ, միայն ուզում եմ մեր քաղաքացիներին լավ վիճակում տեսնեմ: Եթե մարդիկ լավ վիճակում չեն, նշանակում է, որ ղեկավարությունն ընդհանուր առմամբ լավ չի աշխատել, այդպես չէ՞»,- նշում է Դավիթ Ղազարյանը:

Միմյանց հրաժեշտ տվեցինք Սևան-Երևան ճանապարհին, քանի որ բեռնատարն ուղևորվում էր Աբովյան քաղաք: Շարունակեցի ավտոստոպով երթևկելը և այդ օրն ինձ համար յուրահատուկ ռեկորդ գրանցեցի` Երևանում և Երևանից դուրս ընդհանուր առմամբ 8 մեքենա փոխելով:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register