ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՀԻՍՈւՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

1

Աչքներդ լույս, կամ ավելի շուտ՝ ցավակցություններս․Էլ  Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» եռագրության՝ թվով երրորդ ու վերջին ֆիլմը՝ «Ազատության հիսուն երանգները» անվամբ մի քանի օր առաջ հայտնվեց հայաստանյան կինոթատրոնների էկրաններին։ Հավանաբար աստիճաններն այդքան էլ հարմար չեն եղել, որովհետև դիտելուց հետո տպավորություն էր, որ ֆիլմը  էկրան բարձրանալու ընթացքում մի քանի անգամ ոտքը խփել է աստիճանին, գլուխը՝ պատերին․․․Բայց եկեք սկզբից։ Գրքի ու ֆիլմի մասին շատերն են խոսում, էրոտիկ եռագրությունը գերել է շատերին՝ իր բաց ու ռոմանտիկ, ռոմանտիկ, կամ՝ բաց, մի խոսքով՝ էրոտիզմով լեցուն վանիլային տեսարաններով։ Եվ քանի որ ֆիլմը  բավականին աղմուկ էր հանել ու ֆիլմի վերջին մասն էր, որոշեցի այն կինոթատրոնում դիտել՝ պրեմիերայից մեկ օր անց, ու հոդված գրել։ Դե, որպես մասնագիտությունը հարգող լրագրող, պատասխանատու պիոներիկի պես զինվեցի համբերությամբ, կինոթատրոն գնալուց երկու օր առաջ դիտեցի առաջին և երկրորդ մասերը․ հավանաբար ինձ քիչ էր  տարիներ առաջ արմունկներս ծամելով դրա մեկուկես հատորը կարդալը, ավել ուղղակի չձգեցի։

Գնում եմ կինոթատրոն, երկակի հայացքների ներքո վերցնում եմ տոմսերը, որովհետև մոխրագույն վերարկուով եմ ու մենակ եմ եկել դիտելու: Հավանաբար մտածում են՝ երդվյալ երկրպագու եմ, հագուստս բռնացրել եմ ֆիլմի հետ, իմաստ չեմ գտնում բարձրաձայնելու, որ միայնակ եմ եկել, քանի որ ամենայն հավականությամբ ֆիլմը վատն է լինելու, ու չէի ուզում ընկերներիցս և ոչ մեկին վնասել։ Կինոսրահի դռների մոտ կանգնած աշխատակցուհուց հետաքրքրվում եմ՝ որքա՞ն դիտում է եղել պրեմիերային։ Ասում է՝ քիչ էին, սրահը լիքը չի եղել, դե աշխատանքային օր է, սպասում են հանգստյան օրերին, արդեն ավելի շատ կգան։ Շատ բարի։ Կինոսրահն իսկապես որ, այս անգամ ևս դատարկ է։ Երկու սիրահար զույգ, երկու զույգ ընկերուհիներ, մեկ տղա ու ես։

Ցավը նրանում է, որ տղան, ու ընկերուհիներից երկուսն անչափահաս են, և դա պարզ զգացվում է․երեքն էլ դպրոցական պայուսակներով, մանկական  հայացքով ու սանրվածքով, առանց շպարի։ Անհասկանալի է՝ ինչու են նրանց թույլ տվել դիտել ֆիլմը, որի մեջ վխտում են սեքսի բաց տեսարանները, իսկ պաստառին պարզ ու հստակ գրված է՝ 18+:  Ստացվում է, որ կինոթատրոններում չեն ստուգում ֆիլմը դիտողների տարիքը, և անգամ կինոսրահ են թողնում երեխաների՝ դիտելու «պլետներով սեքս»։ Հրաշալի է, ինչ խոսք։ Սկսվում է ֆիլմը։ Սովորական վանիլային ֆիլմ, որը փորձել էին փրկել արտասահմանյան «էքշըն» եզրույթով՝ մեքենաների մրցավազք, սպանության փորձ, առևանգումներ և այլն։ Եվ, իհարկե, սեքս, որի ամեն համբույրից անչափահաս աղջնակները ծիծաղում էին, չափահաս ընկերուհիները՝ մտամոլոր հոգոց հանում, իսկ հետևում նստած սիրահար  զույգերից  մեկի արական ներկայացուցիչը չդիմացավ․ «Ապե՛ր, ըտենց լավ չի, մի հատ էլ կերեք իրար»։

Դերասանները ականջալուր եղան, իրար կերան, և այն էլ՝ պաղպաղակով։ Եռագրության ու ֆիլմի գլխավոր կերպարը՝Քրիսթիան Գրեյը, համարվում է «ալամ աշխարհի» աղջնակների երազանքի հավաքական կերպարը՝ հարուստ, խիստ, սիրելիին ադամանդներ, տարբեր երկրների ավիատոմսեր ու վարդեր նվիրող։ Մի խոսքով, ամուսնացիր ու քամիր փողերը՝ որքան կուզես։ Ֆիլմի երրորդ հատվածում Անասթեյշան՝ նրա միակ և անկրկնելի սիրելին, որի համար անգամ կարողանում էր զսպել իր սադիստական հակումները, ընթրիքի ընթացքում հայտնում է, որ հղի է։ Ի՞նչ է անում «ալամ աշխարհի» լավագույն տղամարդն ըստ ձեզ։ Գրկում է աղջկան, պտտում օդում, համբուրում ճակատն ու շնորհակալությու՞ն հայտնում նման հրաշքի համար։ Ոչ, պարոն Գրեյը կատաղած դեն է շպրտում անձեռոցիկը՝ թողնելով կնոջը տան մեջ մենակ՝ տիպիկ հայկական մուննաթով (երևի տատիկը հայ է, ով գիտի) վրա բերում, թե զգուշացրել էր, որ երեխաներ չի ուզում։ Հետո գնում է տնից, վերադառնում ուշ գիշերով՝ սարսափելի խմած, ու կնոջ փորը շոշափելով հայտարարում է, որ երեխան եկել է, որ գրավի իր տեղն ու խլի իր կնոջն իրենից։ Սա ասում է, հիշում եք, չէ՞, «ալամ աշխարհի» ամենակայացած, ամենաինքնավստահ, համարձակ, ստեղծող ու արարող տղամարդը։ Հա, ու  խմած ժամանակ էլ զանգահարում է նախկին սիրուհիներից մեկին, ինչը հետո պարզում է Անասթեյշան։ Էրոտիկ ֆիլմ մի ասա՝ մի հնդկական սերիալ ասա։ Անընդհատ սպասում էի, որ տան անկյունից դուրս կգան փղերը, և Գրեյի հետ միասին կսկսեն պարել՝ «ջարահո՜» աղաղակելով։ Բայց ավաղ, փղերն այդպես էլ չհայտնվեցին։ Ֆիլմի սյուժետային գծերի մասին պատմել չեմ ուզում, որովհետև հավանաբար կլինեն մարդիկ, որոնք այն, այնուամենայնիվ, կուզեն դիտել, իսկ վատ ֆիլմ դիտելը սահմանադրորեն պատժելի չէ, այնպես որ բավարարվենք միայն հերոսուհու հղիանալու մասին աչքալուսանքով, քանի որ ֆիլմի պաշտոնական նկարագրության մեջ այս մասին խոսվում է, ու մենք հիմա խաղաքարտեր չենք բացում։

Ֆիլմը չհիասթափեցրեց․վատն էր՝ առաջին երկու մասերի նման։ Թերևս միակ լավ կողմը երաժշտությունն էր, որն ընտրել էին բավականին խնամքով ու ճաշակով։ Եթե համեմատենք նախորդ երկու մասերի հետ, երրորդ մասի բաց տեսարանները՝ շնորհիվ փափուկ լուսավորության ու օպերատորական աշխատանքի համեմատաբար ավելի ստացված էին ։Եվ ոչինչ, որ սադոմազոխիստական դրսևորումներով սեռական ակտեր նախընտրող մարդիկ իրականում ոչ թե պարոն Գրեյի նման երջանիկ են, այլ տանջվում են, քանի որ չեն կարողանում տիրապետել իրենց ու չեն զգում թույլատրելիից անթույլատրելի հասնող սահմանը։ Ոչինչ, որ հոգեբանական լուրջ աշխատանք է տարվում նման մարդկանց հետ, ու ամեն բան այնքան գեղեցիկ ու գրավիչ չէ, որքան ֆիլմում են ցույց տալիս, քանի որ պարոն Գրեյին ներկայացրել են ոչ թե կոպտության ինչ-ինչ չափաբաժին նախընտրող, այլ բռնությամբ վարակված մեկի, ինչը արդեն ոչ թե նորմա համարվող նախասիրություն է, այլ պաթոլոգիա, իսկ պաթոլոգիկ անձանց հետ այնքան հանգիստ չէ, որքան որ ֆիլմում է ներկայացված։  Ոչինչ, որ անչափահաս պատանիների ուղեղը կամաց-կամաց բռնությամբ լի սեռական տեսարաններ են խցկում՝ դա վերագրելով  աշխարհի ամենաառողջ ու ամուր սիրուն, և ոչինչ, որ  աշխարհի լավագույն տղամարդը իմանալով, որ իր ամենասիրելի կինը հղի է, կարողանում է միայն էժանագին սկանդալ անել ու գնալ դարդից հարբելու։ Կարևորը, որ ֆիլմն ունի հազարավոր դիտումներ, ունի միլիոնների բյուջե ու բազմաթիվ մարդիկ սիրում են այն ու հիանում ֆիլմով։Իսկ ընդհանրապես, տխուր է այս ամենը՝ հիասթափության հիսուն երանգներ ունենալու չափ։ Եվ  սա այն դեպքն է, երբ  ֆիլմը չդիտելն ամենալավ որոշումը կլինի։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register