…ՈՒ ԱՌԱՋԻՆՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՎԵՐՋԻՆ …

1414

Հաղթել՝ հաղթողներին: Թերևս հենց սրա մեջ է Չեմպիոնների լիգայի ամբողջ գրավչությունը: Ցույց տալ, որ թիմը ոչ միայն գերիշխում է ներքին ասպարեզում, այլև՝ աշխարհամասում: Հասնել փառքի, արժանանալ ճանաչման և՝ ահռելի գումարներ վաստակել:
Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը: Ֆուտբոլի երկրպագուներին հնարավորինս շատ խաղեր վայելելու հնարավորություն ընձեռելու համար կազմակերպիչները փոխել են նախկին ձևաչափը և այժմ՝ 1/8 եզրափակիչ փուլն անցկացվում է մեկ ամսվա ընթացքում: Երեքշաբթի և չորեքշաբթի անցկացվում են երկուական հանդիպում: Անցած շաբաթ տեղի ունեցավ 4 խաղ, որոնցում հյուրերը, այսինքն խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ջախջախիչ պարտություններ կրեցին մրցակիցներից, ընդհանուր՝ 2:23 հաշվով: «ՊՍԺ»-ն 4:0 հաշվով հողին հավասարեցրեց «Բարսելոնային» , իսկ «Արսենալը» հերթական անգամ երկաթբետոնե պատի հանդիպելով՝ Մյունխենում 1:5 հաշվով պարտություն կրեց «անդրդվելի» «Բավարիայից»: Իտալական «Նապոլին» զիջեց «Ռեալին», իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ «Բենֆիկային»:

Հատկապես ուշագրավ էր մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ «Բարսելոնայի» տապալումը: «ՊՍԺ»-ն կատարյալ, էտալոնային խաղ ցուցադրեց: Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում: Կատալոնական թիմի դեմ անցկացրած 24 խաղում մինչ այժմ նրա գլխավորած թիմերին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել «Բարսելոնային», իսկ ահա անցած երեքշաբթի՝ «ՊՍԺ»-ն գերազանցեց «Բարսային» առաջին հերթին տակտիկական առումով, ինչպես նաև հաղթանակի հասնելու անզուսպ ցանկությամբ և թիմային փոխըմբռնմամբ: Հատկապես կիսապաշտպանությունում Մարկո Վերատի, Ադրիեն Ռաբյո և Բլեզ Մատյուդի եռյակը «հոշոտեց» Անդրե Գոմեշին, Անդրես Ինյեստային և Սերխիո Բուսկետսին: «Բարսելոնան» պատժվեց վերջին տարիների սուպեր եռյակին՝ Մեսսին, Նեյմարին և Սուարեսին չափից դուրս ապավինելու համար: Մրցակիցներին սարսափ ներշնչող հարձակվողներն անօգնական վիճակում էին և հազվադեպ էին գնդակ ստանում, միայն Նեյմարն էր փորձում խաղն իր վրա վերցնել: Պաշտպանության և հարձակման միջև կապ գոյություն չուներ: «ՊՍԺ»-ն յուրատեսակ վրեժ լուծեց «Բարսելոնայից» վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում երկու անգամ իրենց ճանապարհին կանգնելու համար: Արսեն Վենգերի «Արսենալը» աշնանը հրաշալի էր անցկացրել խմբային փուլը: «Արսենալը» A խմբում առաջ անցնելով նույն «ՊՍԺ»-ից, գրավեց առաջին հորիզոնականը՝ հույս ունենալով փլեյ-օֆֆ փուլում հանդիպել ոչ գրանդ ակումբի: Սակայն, օ ճակատագրի հեգնանք, «հաշվարկները» սխալ դուրս եկան և «զինագործներին» կրկին բաժին հասավ Կարլո Անչելոտիի «Բավարիան»՝ «Արսենալի» ամենաանհարմար մրցակիցներից մեկը:

Վերջին տարիներին «Բավարիան» երկու անգամ առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ: Ընդ որում երկու տարի առաջ խմբային փուլում «Արսենալը» զիջել էր «Բավարիային» նույն՝ 1:5 հաշվով: Չորեքշաբթի կայացած խաղի հատկապես երկրորդ խաղակեսում «Արսենալը» զիջեց մրցակցին: Փորձառու պաշտպան Լորան Կոսելնիի վնասվածքից հետո «զինագործների» պաշտպանությունը ճաքեր տվեց ու չդիմացավ գերմանական անխափան «մեքենայի» ճնշմանը: Դեռ որևէ թիմի չի հաջողվել առաջին խաղում պարտվելով 4 գնդակի
տարբերությամբ՝ հետ բերել կորցրածը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այսինքն, եթե հրաշք տեղի չունենա, ապա «Բարսելոնան» և «Արսենալը» հրաժեշտ կտան Չեմպիոնների լիգային:
Կայացած խաղերը՝
«ՊՍԺ» – «Բարսելոնա»՝ 4:0: Գոլերը՝ Անխել Դի Մարիա՝ 18, 55, Յուլիան Դրաքսլեր՝ 40, Էդիսոն Կավանի՝ 71:
«Բենֆիկա» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 1:0: Հանդիպման միակ գոլը՝ Կոստաս Միտրօղլու՝ 48:
«Ռեալ» – «Նապոլի»՝ 3:1: Գոլերը՝ Կարիմ Բենզեմա՝ 18 , Թոնի Կրոս՝ 49, Կազեմիրո՝ 54 – Լորենցո Ինսինյե՝ 8:
«Բավարիա» – «Արսենալ»՝ 5:1: Գոլերը՝ Արիեն Ռոբեն՝ 11, Ռոբերտ Լևանդովսկի՝ 53, Տիագո Ալկանտարա՝ 56, 63, Թոմաս Մյուլեր՝ 88 – Ալեքսիս Սանչես ՝ 30:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register