Թուրքիայում կբացվի Վանի թագավորության թանգարան

1

 Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող  Վան  քաղաքում  ապրիլին նախատեսվում է բացել Վանի թագավորության պատմությանը նվիրված   թանգարան:  54.000   քմ  տարածք զբաղեցնող, շուրջ 100.000 պատմական նմուշ պարունակող թանգարանի շինարարությունը ֆինանսավորվել է  Թուրքիայի   մշակույթի նախարարության  կողմից և կազմել ավելի քան 263.000   ԱՄՆ   դոլար: Թանգարանի համար երկար  ժամանակ  նմուշներ են հավաքել   շրջակա  տարածքներից: Վանի պատմական նշանակության կառույցների ու վայրերի ծանոթագրության մեջ թուրք հեղինակները մեծ մասամբ խուսափում են տեղանքի հայկական անցյալի մասին հիշատակումներից:

Դինքի սպանության գործով երկու մեղադրյալ ազատ են արձակվել

Թուրքական դատարանը՝ «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության  գործով  երկու մեղադրյալի  ազատ  արձակման որոշում է կայացրել: Վերջիններս մեղադրվում էին  սպանության  նախապատրաստման մասին  տեղեկությունը ստանալուց  հետո  կանխարգելիչ անհրաժեշտ  միջոցառումների ձեռնարկմանը չնպաստելու  համար: Մեղադրյալները չընդունելով  իրենց  մեղքը հայտարարել էին, որ  տեղեկությունը հասել  է ղեկավարությանը, իսկ  անվտանգության  միջոցառումների  ձեռնարկումն էլ  իրենց իրավասությունների մեջ չի մտել: Հրանտ  Դինքը սպանվել  է 2007թվականի  հունվարի 19-ին` Ստամբուլի   Շիշլի  թաղամասում  գտնվող  «Ակօս»  թերթի  խմբագրատան առջև` 16-ամյա   թուրք   ազգայնական   Օգյուն   Սամասթի   կրակոցից:

Երկվորյակության շահեկանությունը

Պերուում  իրավապահները  ձերբակալել  են  մեկ  տարի  առաջ  բանտից փախած Ալեքսանդր  Դելգադո  Հերերային: Դելգադոն  դատապարտվել էր 16 տարվա   ազատազրկման՝  երեխայի  նկատմամբ  սեռական  ոտնձգություն կատարելու և  կողոպուտ  իրականացնելու մեղադրանքով: Ձերբակալվելուց   հետո Հերերան պատմել  է, որ հագուստը փոխելու միջոցով փախուստի   հնարամիտ   ծրագիր է  մշակել ու իրականացրել  երկվորյակ եղբոր՝ Ջանկառլոյի տեսակցության  գալուց  հետո:

Վերաքննիչ  դատարանը հակասահմանադրական է ճանաչել Թրամփի միգրացիոն համաձայնագիրը

ԱՄՆ  Վիրջինիա   նահանգի Վերաքննիչ  դատարանը կայացրած  որոշմամբ հակասահմանադրական է  հայտարարել ԱՄՆ  նախագահ  Դոնալդ Թրամփի   միգրացիոն  հրամանագրի  վերջին  տարբերակը: Դատարանի ներկայացուցիչները  հայտարարել են, որ վերոնշյալ  հրամանագիրը խտրականություն է կիրառում մուսուլմանների  նկատմամբ՝ հակասելով ԱՄՆ Սահմանադրության  դրույթներին: Սա  Վերաքննիչ դատարանի   կողմից   ամերիկյան  ղեկավարության  ներկայացրած միգրացիոն   հրամանագրի   վերաբերյալ  նման  որոշման  կայացման երկրորդ դեպքն է:

Վենեսուելայի ազգային արժույթը վերածվում է արվեստի ինքնատիպ գործերի

Նավթի պաշարներով հարուստ Վենեսուելային պատուհասած   ֆինանսատնտեսական կոլապսը շարունակվում է: Տնտեսական ճգնաժամի   պայմաններում, երբ  երկրի ազգային  արժույթի՝ բոլիվարի արժեզրկումը   հասել է  13.000%-ի,   արտարժույթի առքուվաճառքով զբաղվող վենեսուելացիները սկսել  են  տեղական թղթադրամներով զամբյուղներ, պայուսակներ ու  այլ իրեր  հյուսել: Ստեղծված իրավիճակում որոշ վենեսուելացիներ որոշել են թղթադրամները թափելու փոխարեն վերածել  արվեստի  ինքնատիպ  գործերի:  Թղթադրամներից   հյուսված   պայուսակներն, օրինակ, վաճառվում   են  300.000 բոլիվարով, ինչը բավական է մեկ կգ միս գնելու համար:

 Գերմանիայում առաջարկել են հասարակական տրանսպորտն անվճար դարձնել

Գերմանիայի կառավարությունն առաջարկում է անվճար դարձնել հասարակական տրանսպորտով երթևեկությունը: Շրջակա միջավայրի նախարար  Բարբարա Հենդրիքսը, գյուղնախարարի և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավարի հետ  նամակ են հղել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատարին՝ առաջարկելով չեղարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձը Գերմանիայի քաղաքներում: Իբրև հիմնավորում նշվում է, որ դա կարող է նպաստել, որ քաղաքացիներն ավելի հաճախ օգտվեն տրանսպորտից և քիչ երթևեկեն մեքենայով, ինչն իր հերթին կհանգեցնի վնասակար արտանետումների պարունակության նվազեցմանը մթնոլորտում:  Հիշեցնենք, որ արտանետումների մակարդակը խախտելու համար Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Գերմանիային և ևս 8 երկրի:

Սուսինա Խաչատրյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register