ՏՈւՆԸ ԹԻԹԵՌ Է ՄՏՆՈւՄ, ԶԱՆԳՈւՄ ԵՆ 911

3

Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար  ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման  կենտրոնում ենք (ՀՆՓԱԻԿ)։ Փլուզումներ, ավտովթարներ, հատուկ պատրաստվածություն ու տեխնիկական  միջոցներ պահանջող կենցաղային դեպքեր: Հիշատակված բոլոր դեպքերն էլ ՀՆՓԱԻԿ-ի աշխատակիցների պատասխանատվության տակ  են գտնվում։

4

Կենտրոնի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Զավեն Մելքոնյանը մինչ մեր հանդիպումը ճշտում է, թե ինչի՞ց ենք զրուցելու, ապա պարզաբանում՝ «Ով գալիս է՝ ասում է մի զավեշտալի դեպք պատմեք։ Մեր գործը զավեշտը չի, մարդու կյանք փրկելն է»։ Նույն լրջությամբ էլ փոխգնդապետը կատարում է իր ամենօրյա  աշխատանքը՝ ամենայն պատասխանատվությամբ ու հպարտությամբ վերաբերելով փրկարարի համազգեստի պատվին։

2

Փրկարարական աշխատանքի նկատմամբ սերն է ապագա փոխգնդապետին տարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի  «Փրկարարական բաժին»։ Կրթությանը զուգահեռ Զավեն Մելքոնյանը սկսել է աշխատել Երևանի փրկարարական միջհամայնքային միության փրկարարական  ջոկատում՝ որպես փրկարար, իսկ պարտադիր զինվորական  ծառայությունն ավարտելուց հետո՝ 2007-ին աշխատանքի է անցել  Փրկարար ծառայության փրկարարական ջոկատում։ Արդեն 10 տարի է՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների     իրականացման կենտրոնի փրկարար է։ Թե այդ 10 տարիների ընթացքում քանի մարդու կյանք է փրկել՝ Զավեն  Մելքոնյանը  դժվարանում հիշել։ Ասում է՝ ամեն դեպք չկրկնվող է՝ և՛ իր  հետաքրքրությամբ, և՛ իր վտանգավորությամբ։

1

Օրական 5-10 կանչ ենք սպասարկում։ Եթե կենցաղային կանչ է լինում՝ փոքր խմբով՝ 4-5 հոգով ենք մեկնում, մյուսները մնում են կենտրոնում, որ եթե լուրջ դեպք լինի, ասենք՝ փլուզում կամ ավտովթար, արագորեն մեկնեն դեպքի վայր։Մարդկանց հետ աշխատանքը բարդ է, հատկապես, եթե դժբախտ պատահարի արդյունքում մարդը հայտնվել է շոկային իրավիճակում ։ Նման պահերին մարդիկ որքան խոցելի, նույնքան էլ ագրեսիվ կարող են դառնալ։ Ուստի լավ փրկարար լինելու համար պետք է նաև լավ  հոգեբան լինել։

5

Մարդիկ հիմնականում լավ են վերաբերվում փրկարարներին, գիտեն, որ եթե գնացել ենք՝ ուրեմն օգնելու ենք իրենց։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ տեղ ենք հասնում թե չէ՝ բղավում են մեզ վրա, ասում են՝ ինչու՞ ուշացաք։ Իրականում դա ուշացում չի, որովհետև կանչը ստանալուց հետո ամենաուշը  2 րոպե անց մեր խումբը դուրս է գալիս և ուղևորվում դեպքի վայր։ Պարզապես սպասողի համար այդ  1 րոպեն՝ 10 է թվում»,- ասում է զրուցակիցս։

Աշխատանքային պարտականություններն իրականացնելիս  «անմոռանալի» կանչեր ու դեպքեր նույնպես լինում են։ Զավեն Մելքոնյանը վստահեցնում է՝ սպասարկում են բոլոր կանչերը՝ անկախ դրանց հավանական ու անհավանական լինելուց.

« Ամեն հարցով զանգում են «911»՝ տուն մուկ է մտել,  կատուն է կորել, դուռն է փակվել ու մարդիկ մնացել են դրսում: Դեպք է եղել՝ թիթեռի համար են զանգել։ Ասել են, որ վախենում են մեծ թիթեռից, մենք էլ գնացել-բռնել ենք , որովհետւև  եթե մարդը դիմել է մեզ՝ ուրեմն օգնության կարիք ունի»։

«Ճամփորդի» ընթերցողներին Զավեն Մելքոնյանի մաղթանքը մեկն է՝ «911» զանգահարելու կարիք  երբեք չզգան, բայց եթե զանգահարեն էլ՝ թող իմանան, որ ամեն հարցով իրենց կողքին ենք»։

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի  

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register