ԱՂԵՏԸ  ՉԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈւ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ

1

Վերջին օրերին բռնկված անտառային խոշոր հրդեհներն այս փոքրիկ երկրի համար սարսափելի մեծ ու անվերջ էին թվում։ Իրական աղետ էին, որոնք եկել էին նաև ստուգելու մեր ԱԻՆ նախարարության պատրաստվածության ու հանրության իրազեկության մակարդակը։ Լինելով ավստրալուհի, Ավստրալիայից ավելի լավ օրինակ բերել չեմ կարող, քանի որ այնտեղ տարեկան միջինը 54,000 հրդեհ է արձանագրվում: 2007-ին, օրինակ, շաբաթական 3000-ից ավել հրդեհ է բռնկվել: Մի անգամ՝ հրդեհն անգամ մեր տանն էր մոտեցել: Ես հենց այդ ժամանակ եմ զգացել եմ հուր տարերքի ամենակուլ ուժն ու սահմռկել, թե ինչ արագությամբ է այն խժռում իր ճանապարհին հանդիպող ամեն բան։ Այդ իսկ պատճառով էլ հասկանում եմ, թե որքան կարևոր է բնական արհավիրքներին պատրաստ լինելը ։

Ավստրալիան հմտացել է անտառային հրդեհների դեմ տարվող պայքարում՝ դրա մեջ ակտիվորեն ներգրավելով ոչ միայն փրկարարներին՝ պատրաստելով նրանց կռիվ տալ անգամ ամենակատաղի կրակների հետ, այլև հանրությանը։ Եվ սա արվում է ոչ թե սիրողական, այլ՝ պետական մակարդակով։ Մեր թիմն այդ օրերին հաճախ էր անդրադառնում  հրդեհների վտանգներին, նրանից պաշտպանվելու մեթոդներին: Մենք հիմնականում օգտվում էինք պետական կայքերից, որոնք իրազեկման բարձրացման և գործողությունների համակարգման  գործառնություն էին իրականացնում։ Ավտրալիան ունի հրդեհների դեմ պայքարի կրթական հատուկ ծրագիր, նմանատիպ դեպքերի համար նախատեսված ապահովագրական փաթեթներ: Կրթական ծրագրերը սովորեցնում են ճիշտ մարել կրակը՝ եթե բնածին է, և հեռու պահել մարդկանց՝ անզգուշությամբ բնությանը վնասելուց։

Երբ ծանոթանում ենք ավստրալական օրինակին, տեսնում ենք, թե ինչպես են կառավարությունն ու  հրդեհի գոտում ապրող մարդիկ համագործակցում՝ փրկելով բնությունն ու կենդանիներին, մարդկանց տեղափոխելով ապահով վայր, նվազեցնելով հնարավոր վնասները: Ցավոք, հայկական իրականությունն այլ է, մենք համագործակցելու կարիք ունենք:

Հենց այստեղ է ահա, որ կրկին բախվում ենք Հայաստանի պատմական, մշակութային զարգացմանը խոչընդոտող գլխավոր հիմնախնդրին: Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է համագործակցել միմյանց հետ։ Երբ համագործակցում ես մարդկանց հետ՝ հրաժարվելով  ուղղակի մեղադրելուց ու դատելուց, ամեն բան տեղն է ընկնում։ Բայց համագործակցությունը պետք է նաև գրագետ լինի։ Մենք ականատես եղանք, թե ինչպես էին սիրողական խմբեր ուղևորվում  Խոսրովի անտառ ու Բյուրական: Մեկնելը մեկնում էին, բայց այդպես էլ չէին կարողանում  առավելագույնս օգտակար լինել, որովհետև չունեին համարժեք գիտելիք։ Իսկ գնալ ու ուղղակի վնասվել բացարձակ պետք չէր:

Մենք պետք է օգնենք փրկրարաներին, եթե դրա կարիքը կա և ոչ թե խանգարենք ու մեզ վնասենք։ Ավստրալիայում պետությունը համագործակցում է հասարակության հետ, որովհետև հասարակությունը  դրան պատրաստ է։ Շատ վտանգավոր է, երբ անպատրաստ, անտեղյակ մարդիկ են փորձում պայքարի բռնվել հրդեհի հետ՝ փորձելով ինքնուրույն մարել կրակը: Այս ֆոնին անգամ օգնելու փոխարեն մենք մեղավորներ էինք փնտրում, բողոքում կառավարությունից, ԱԻՆ-ից՝ կարևորը չտարբերելով երկրորդականից ։ Մինչդեռ պետք էր հանգցնել կրակն ու նոր փնտրել մեղավորների, իսկ մենք հայտնվել էինք կարծիքների «կրակահերթում»՝ մոռանալով գլխավորի՝ այրվող անտառների մասին։ Խնդիրը նույնն է ամեն ոլորտում. բիզնեսում, առօրյայում… Համագործակցության և փոխադարձ հավատի պակաս է զգացվում:

Իրականում, մեր բախտը բերեց։ Սա ավստրալական՝ կիլոմետրեր ձգվող ահարկու կրակը չէր, որը խժռում է տներ, մարդկային կյանքեր ու ճակատագրեր։ Հրդեհից վնասվեց միայն բնությունը, որի ամեն կտորը մեզ համար ոսկու գին ունի։ Բայց սա հավելյալ առիթ էր հետահայաց հասկանալու՝ թե ինչում ենք թերանում։ Որպեսզի հաջորդ անգամ, երբ աղետը թակի մեր դուռը, տեսնի մեզ պատրաստ, կրթված ու միահամուռ։ Իզուր չէ, որ հայերեն հայտնի խոսքն ասում է՝ «Ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք»։

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register