ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄՆՋԱԽԱՂԱՑԸ

1

 Մնջախաղը թատրոնի յուրահատուկ, բացառիկ այն ժանրերից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից և դավանանքից: Երևանի մնջախաղի պետական թատրոնը հոկտեմբերի վերջնամասում՝ խաղացանկային «Խաղ» ներկայացմամբ (բեմադրիչ` Ժիրայր Դադասյան) մասնակցել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում անցկացված «Կենդանի դեմքեր» («ЖИВЫЕ ЛИЦА») երիտասարդական 9-րդ թատերական փառատոնին:

2

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում թատրոնի դերասանուհի Նաիրա Եդիգարյանն արժանացել է հատուկ մրցանակի: Ժյուրիի անդամներից մեկը՝ Սերգեյ Ռոդչենկոն Նաիրայի խաղը բեմում՝ որակել է  տիեզերական: Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Ներկայացման ժամանակ Նաիրան մարմնավորում է թագուհու: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Ողբերգական պատմություն, սիրո և գեղեցկության օրհներգ:

4

«Խաղ» ներկայացումն ինձ համար ավելի շուտ մարդու, նրա հոգեբանության, հույզերի, դրանց մեջ խճճվելու, հույզերից ելք չգտնելու, մարդու մտքերի ու փնտրտուքների մասին է: Մրցանակն ինձ համար անակնկալ էր, չէի սպասում: Ինչպես միշտ, մտածում էի միայն մեկ բանի մասին, որ նորմալ խաղամ: Դահլիճը լեփ-լեցուն էր, հատկապես մնջախաղին շատ էին սպասում: Բավական բարձր մակարդակով էր կազմակերպած փառատոնը, օրական 4-5 ներկայացում էր բեմադրվում, ինչից հետո՝ ժյուրին քննարկում և վերլուծում էր դրանք: Շատ հետաքրքիր էր հետևելը, թե ինչպես են աշխատում այլ երկրների դերասանները: «Գրան պրին» շահեց Մոսկվայի թատրոնը:

«Հայկական օրեր Ռուսաստանում» ծրագրի շրջանակում՝ նոյեմբերի 17-ից մեր թատրոնը հանդես եկավ  Եկատերինբուրգում, Չելյաբինսկում և Զլատոուստում»,- մեզ հետ զրույցում նշեց Նաիրա Եդիգարյանը:

3

«Կենդանի դեմքեր» փառատոնը կազմակերպել էր Տյումենի մշակույթի պետական համալսարանը: Փառատոնի տնօրեն, նշված համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Ժաբրովեցը ջերմ խոսքեր է ասել Երևանի մնջախաղի պետական թատրոնի մասին. «Ժիրայր Դադասյանի և նրա կոլեկտիվի շնորհիվ, Տյումենն առնչվեց բազմադարյա Հայաստանի իմաստնությանը, տաղանդին, ջերմությանն ու առատաձեռնությանը: Թատրոնը մշակույթները կամրջող հզոր միջոց է ու դուք պատվով եք կատարում ձեզ վերապահված առաքելությունը: Ձեր ներկայացումն իր նրբագեղ հնարամտությամբ, դերասանական և ռեժիսորական վարպետությամբ, թեմայի խորությամբ, ձեր հայրենիքի պատմության և ավանդույթների նկատմամբ սիրով՝ գրավեց Տյումենյան հանդիսատեսի և ժյուրիի սիրտը »,- նշել է Ժաբրովեցը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Տյումեն էր մեկնել այսպիսի կազմով` Ժիրայր Դադասյան(գեղարվեստական ղեկավար), Մանվել Սարգսյան (Թագավորի դերակատար), Նաիրա Եդիգարյան(Թագուհու դերակատար), Արթուր Հայրապետյան (Կատակ), Մարգարիտա Առաքելյան (Վարձակ), Լուիզա Մելքոնյան (Սիրամարգ):

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register