7 ՀԱՐՑ. ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆ

2

Խորագրի հյուրն է արաբագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Հանքավան տանող ճանապարհին` սարերի ետևում թաքնված է մի գողտրիկ անկյուն կա. Մեղրաձորի «Չռիկներ» կոչվող ջրվեժն է (տեղացիներն այդպես են անվանում), որն իր մեջ միաձուլում է քարքարոտ, բայց, միևնույն ժամանակ, գեղատեսիլ լեռնային մի հրաշք. վայրի բնության տեսարաններ, զառիվայր կածաններ: Սարերի վերևից հոսում է սառնորակ ջրվեժը` ձևավորելով  ջրային բնական քարե ավազաններ ժայռերի մեջ, իսկ ներքևում քչքչան գետակն է, վերևում անառիկ, սաղարթախիտ մի անտառ` հատապտուղների ու ծաղիկների անուշ բույրերի միախառնությամբ, որը հատկապես հրապուրիչ է այդ տարածքին բնորոշ զով ամռան եղանակին:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի նյարդայնացնում  է  Ձեզ:

– Ես շատ եմ սիրում Երևանը, այդուհանդերձ  կցանկանայի բարելավված տեսնել քաղաքային մշակույթի որոշակի տարրեր. խցանումների վերացում, քաղաքային տրանսպորտի, մաքրության, աղբահանության պատշաճ կազմակերպում, կանաչ գոտիների ավելացում: Նյարդայնացնող երևույթների շարքին կարելի է դասել նաև պատմամշակութային ժառանգության հանդեպ ոչ հոգատար վերաբերմունքը թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ պետական մարմինների կողմից:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Չեմ կարծում, որ Ձեր թվարկած ամեն ինչն է մեր երկրի այցեքարտ հանդիսանում: Այցեքարտ կարող է դառնալ յուրաքանչյուր բան` համապատասխան մատուցման դեպքում. դա կախված է այն հանգամանքից, թե մենք ինչպիսին ենք պատկերացնում մեր երկիրը:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

-Դժվար է առանձնացնել հատկապես երեք գիրք, քանի որ տարբեր տարիքում ընթերցված յուրաքանչյուր գիրք իր հետքն է թողնում անձի ձևավորման վրա: Այնուամենայնիվ, կնշեի Բուլգակովի  «Վարպետն ու Մարգարիտան»  ստեղծագործությունը, որը ժամանակ առ ժամանակ հաճույքով վերընթերցում եմ:

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Ընդհանուր առմամբ ես ուրախ եմ, որ շրջապատված եմ բարի ու դրական մարդկանցով, բայց ես ինձ հատկապես երջանիկ մարդ եմ համարում, քանի որ ունեմ չքնաղ, գեղեցկուհի կին և հրաշք բալիկներ, որոնք էլ իմ կյանքը լցնում են պայծառ գույներով:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Եթե կառուցելը պարտադիր պայման է, ապա Երևանում կարելի է կառուցել հնարավորինս շատ այգիներ և կանաչապատ գոտիներ:

– Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻՆ:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register