ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ
Հատկապես ամառային օրերին աչքերը պաշտպանության կարիք ունեն՝ արևի ճառագայթներից, քամու հետ դեպի մեզ սլացող փոշուց: Առավել ուշադիր պետք է լինեն այն մարդիկ, որոնք կրում են օպտիկական ակնոց ու լինզաներ: Ահա մի քանի պրակտիկ խորհուրդ՝ նաև աչքերի համար հանգիստ ու ամառային տրամադրություն կազմակերպելու համար:
Ամռանը շատերս վերջապես ժամանակ ենք ունենում վերընթերցելու սիրած գրողներին ու ծանոթանալու բառի այլ տաղանդավոր մասնագետների հետ: Բայց բժիշկները չեն հոգնում հիշեցնել, որ ճիշտ լուսավորությունը շատ կարևոր է աչքերի համար: Իսկ մենք, եկեք անկեղծ լինենք, այս կետին քիչ ենք ուշադրություն դարձնում: Պետք է լինի այնպիսի լուսավորություն, որը չի լարի ձեր աչքերը: Մշտապես հիշեք, որ չափից դուրս վառ լույսը նույնքան վնասակար է, որքան կիսախավարը: Ընթերցանության ժամանակ գիրքը պահեք ձեզնից 30-40 սմ հեռավորության վրա: Իսկ եթե տեքստը համակարգչային է, 50-60 սանտիմետրը նվազագույն հեռավորությունն է:
Ամռան չոր եղանակը նաև աչքերի վրա է ազդում: Իսկ առանց լարվածության աշխատելու համար՝ աչքին բավարար չափով խոնավություն է անհրաժեշտ: Երբ մենք ակնապիշ հեռուստացույցով հետաքրքիր հաղորդում, կամ համակարգչով հետաքրքիր ֆիլմ ենք դիտում, մեզանից անկախ սկսում ենք աչքերը քիչ թարթել, ինչն էլ հանգեցնում է աչքի չորության, դա էլ իր հերթին՝ կարմրության, կոպերի ցավի, հաճախ նաև՝ գլխացավերի: Այդ իսկ պատճառով ցանկալի է հատկապես ամռանը խոնավեցնող կաթիլներ օգտագործել, որոնք օգուտից բացի հաստատ ձեզ վնաս չեն տա: Կաթիլները պետք է ընտրել ըստ ակնաբույժի ցուցումների:
Արևային ակնոց կրելը ոչ միայն մոդայիկ, այլև ու նախևառաջ անհրաժեշտություն է: Ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ են վնասում մեր աչքերը: Ցերեկվա կիզիչ արևին հատկապես՝ կատեգորիկ արգելվում է արևի տակ գտնվելը՝ առանց արևային ակնոցի:
Եթե այնուամենայնիվ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով ձեր աչքերը գերհոգնում են, ահա մի քանի վարժություն, որոնք կօգնեն մեղմել լարվածությունը:Մեկ րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը՝ նայելով մի կետի: Սա կօգնի վերականգնել աչքերի խոնավությունը՝ հատկապես համակարգչին երկար նայելուց հետո:
Հեռվում մի կետ ընտրեք ու հայացքը կենտրոնացրեք այդ կետում: Հետո աչքերով նայեք քթի ծայրին, դանդաղ հաշվեք մինչև տասը ու էլի նայեք դեպի հեռուն: Այս վարժությունը օգնում է թուլացնել աչքերի լարվածությունը:
Մատների բարձիկներով թեթևակի մերսեք աչքերի կոպերը, քունքերը, հոնքերի հատվածը՝ փորձելով զգալ՝ ինչպես է թուլանում լարվածությունը: Աչքերը փակ վիճակով մի քանի րոպե նստեք կամ պառկեք: Կարճ ժամանակ անց դուք կզգաք այս հեշտ վարժության արդյունավետությունը:
Սյունե Սևադա