ՇՐՋԻԿ ԹԱՏՐՈՆ

4

 Փոքր երկրները մեծ «կոմպլեքսներ» են ունենում՝ տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը  հնարավոր ամեն բան մայրաքաղաքում կենտրոնացնելն է, և այա հարցում Երևանը նույնպես բացառություն չի ։ Մեր մարզաբնակներից հաճախ ենք լսում դժգոհություններ, որ մշակութային, ժամանցային իրադարձություններին մասնակից դառնալու համար պետք է պարտադիր մայրաքաղաքում լինեն, քանի որ տպավորություն է, թե մարզերում ապրող մարդիկ անտեսվում են, նրանց համար ոչինչ չի կազմակերպվում։

Վերջերս այս հարցը շատ ակտիվ լուծում է ստանում, անընդհատ «փոխանակման ծրագրեր» են իրականացվում, ինչը տալիս է իր դրական արդյունքը։ Անգամ համացանցով կարելի է տեսնել, որ մարզեր են տեղափոխվել մի շարք  երաժշտական փառատոներ, հաճախ են իրականացվում համերգային ծրագրեր, ֆիլմի դիտումներ ու քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, և հիմա հերթը հասել է նաև թատրոններին։

Շուտով մայրաքաղաք են ժամանելու մարզերում  բեմադրված մի շարք հետաքրքիր  ներկայացումներ՝ մոտակա ժամանակահատվածում, և քանի դեռ ուշ չէ, արժե զինվել տոմսերով ու սպասել նրանց։ Ինչպես փոխանցում է  Մշակույթի նախարարությունը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին ներկայացնելու է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ( այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր» ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթն ուղղվելու է  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորգմանը)։

Ցանկում միայն Գյումրին չէ, միացել է նաև Վանաձորը։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին և 15-ին Երևանի կամերային թատրոնի դահլիճում ներկայացվելու է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիան, որը համանուն գեղեցիկ վիպակի բեմականացումն է։ Ի դեպ, վերջինս Գյումրու դրամատիկականի և Կամերային թատրոնի նախաձեռնած «Ներկայացումների փոխանակում»  ծրագրի փորձնական հյուրախաղն է, որի հաջողության դեպքում տարվա ընթացքում ևս մի քանի փոխադարձ հյուրախաղեր կիրականացվեն։ Բոլոր ներկայացումների տոմսերն արդեն վաճառվում են տվյալ հյուրընկալ թատրոնի տոմսարկղում։ Մնում է հուսալ, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն։

Սյունե Սևադա 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register