ՓԻԱՌՈւՄ ԵՆՔ ԱՐԴԵՆ 4-ՐԴ ՏԱՐԻՆ

2

Մայրաքաղաքում մեկնարկած «PR Summit Armenia» 4-րդ գագաթաժողովն ավարտեց իր աշխատանքը: Այս տարի այն առանձնացավ ոչ միայն մասնակիցների թվով ու ներկայացվող ոլորտների բազմազանությամբ, այլև ընդլայնված աշխարհագրությամբ՝ հասնելով նաև Գյումրի: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած PR մասնագետները հայաստանյան գործընկերների հետ քննարկեցին միջազգային փորձն ու այն Հայաստանում կիրառելու հնարավորությունը:
Գագաթաժողովը նախաձեռնած«Deem Communications» ընկերության տնօրեն Արմինե Զաքարյանի հետ էլ փորձել ենք ամփոփել 4-րդ հավաքի արդյունքները:

– «PR Summit Armenia»-ն անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ: Սկիզբն ինչպե՞ս տրվեց: -Գագաթաժողովի գաղափարը կյանքի կոչվեց դեռ 4 տարի առաջ, երբ կարիք կար նշանակալից քայլեր կատարել Հայաստանում PR ոլորտի զարգացման համար: Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ հնարավորություն կտրվեր տեղական և միջազգային մասնագետներին ոչ միայն փորձ և գիտելիք փոխանակել, այլև գործնական կապեր հաստատել ու ամրապնդել: Որպես նախաձեռնող՝ «Deem Communicatons»-ը մշտապես խրախուսում է ոլորտի բոլոր՝ այդ թվում և մրցակից ընկերությունների մասնագետների մասնակցությունը՝ նպաստելով համագործակցային հարթակների ստեղծմանը: Առաջին 2 գագաթաժողովների մասնակիցները միայն Հայաստանից էին: Արդեն 3-րդ տարվանից ընդլայնեցինք գագաթաժողովի աշխարհագրությունը, մասնակիցներ ունեցանք նաև տարածաշրջանից: Այս տարվա հիմնական նորությունն այն էր, որ դուրս եկանք նաև Երևանի տարածքից՝ գագաթաժողովի 3-րդ օրն անցկացնելով Հայաստանի 2-րդ քաղաքում՝ Գյումրիում:

– Ովքե՞ր էին գագաթաժողովի հիմնական մասնակիցները: – Այս տարին հատկանշկան էր և՛ մասնակիցների թվով և՛ ներկայացված ոլորտների բազմազանությամբ: Առաջին տարիներին շատերը շփոթում կամ նույնացնում էին PR-ն ու մարքեթինգը: Ներկայումս նկատելի է, որ իրազեկ մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է, ինչին նպաստում են նաև նմանատիպ նախաձեռնությունները: Սա արդյունավետ հարթակ է նաև գործընկերներ գտնելու և նրանց հետ բիզնես համագործակցություն հիմնելու առումով:

– Գագաթաժողովի երրորդ օրը՝ այցելությունն էր Գյումրի: Ո՞րն էր դրա նպատակը և որքանո՞վ արդյունավետ անցավ այն: –Յուրաքանչյուր գագաթաժողովին մենք ընտրում ենք PR-ի հարակից ոլորտներին առնչվող որևէ կարևոր թեմա: Այս տարի «City branding»-ն էր: Այնպիսի քաղաք, ինչպիսին Գյումրին է, անպայման իր բրենդը պետք է ունենա: Բանախոսներից մեկը Բարսելոնայից էր, և հենց բրենդինգի, «խելացի» քաղաքների (smart cities) զարգացման մասնագետ էր: Գյումրիի օրը բաժանված էր երեք մասի: Առաջին մասում խումբը ժամանեց Գյումրի, շրջայց կատարեց, ծանոթացավ քաղաքին. շատերն առաջին անգամ էին այնտեղ: Միջոցառման երկրորդ հատվածում քննարկումներ էին. ներկայացվեց Դրեզդենի բրենդի մշակման օրինակը, ինչպես է այն ստեղծվել և ինչպես է նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Օրվա երրորդ հատվածում մասնակիցները խմբերի բաժանվեցին, Գյումրիի տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ ծավալվեցին: Խմբերում ընդգրկված էին մասնակիցներ և՛ Երեւանից և՛ Գյումրիից: «Deem Communications»-ի այս նախաձեռնությունը հարթակ ծառայեց Գյումրի քաղաքի բրենդի հետագա մշակման համար, այնպիսի բրենդի, որը կարելի է ներկայացնել ողջ աշխարհին:

– Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում: – Հաջորդ տարի PR գագաթաժողովի հոբելյանական 5-րդ տարին է լրանում. անշուշտ, կլինեն հետաքրքիր ու տարբերվող լուծումներ: Դեռ վերջնական կոնցեպտը չունենք, բայց նորություն անպայման կլինի:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register