«PR SUMMIT ARMENIA». ՉՈՐՐՈՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

2

Այս տարի արդեն 4-րդ անգամ Երևանում անցկացվելու է PR գագաթաժողով: Հաղորդակցության մասնագետների համար՝ այն գիտելիքի փոխանցման և գործնական կապերի հաստատման առաջատար հարթակ է: Մայիսի 19-21-ը Հարավային Կովկասի հանրային կապերի առաջատար մասնագետները միմյանց հետ կփոխանակվեն իրենց փորձով: Գագաթաժողովը կարող է նոր ծրագրերի համար խոստումնալից սկզբնաղբյուր հանդիսանալ:

Երևանը հյուրընկալելու է ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Լեհաստանից ժամանելիք հայ և օտարերկրյա առաջատար խոսնակների: Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվելու են գործնական դասընթացներ և քննարկումներ: Մասնակիցները PR և հաղոդակցության հարյուրից ավելի մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն կունենան: Ծրագիրն իրականացնում է «Deem Communications»-ը՝ ընկերության PR բաժնի և «PR Summit Armenia» ծրագրի ղեկավար Տաթևիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

«2014 թ-ին, երբ «Deem Communications»-ի թիմով նախաձեռնեցինք առաջին «PR Summit Armenia»-ն, գործընկերների աջակցությունն ու մասնակիցների հետաքրքրությունը մեծ եղավ,-պատմում է Տաթևիկը: – Ոլորտում այն առաջին հարթակներից է, որ միավորում է տեղի և միջազգային փորձառու մասնագետների, ինչպես նաև կապող օղակ է թե՛ գործընկերների, թե՛ մրցակիցների համար: Այն սկսնակ մասնագետներին և ուսանողներին PR-ի առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում: Այսպիսով՝ գիտելիք և փորձ են ձեռք բերում բոլորը:

Առաջին փորձից հետո մասնակիցների ու մասնագետների շրջանում հարցում անցկացրինք: Պարզվեց, որ մասնակիցները գագաթաժողովի շարունակությունը տեսնելու ցանկություն ունեն: Այս տարի արդեն կայանալու է չորրրոդ ամենամյա հանդիպումը: Ամեն տարի ունեցել ենք մոտ 100 մասնակից սեմինարներին և մոտ 200 ուսանող հանրային դասախոսությանը»:

Խոսնակների «աշխարհագրական շառավիղն» ընդգրկուն է. ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, ՌԴ, Միացյալ Արաբական Էմիրություններ և այլն: Տաթևիկի վստահեցմամբ, գագաթաժողովների հեռահար նպատակը՝ Հայաստանը որպես տնտեսական և մասնագիտական համագործակցության ներուժ ունեցող երկիր ներկայացնելն է: Ծրագրի օգնությամբ գործընկեր կարող են դառնալ ոչ միայն մարդիկ, այլև երկրները՝ Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ:
«4-րդ գագաթաժողովին ներկայացվում են PR-ին բնորոշ խիստ մասնագիտական քննարկումներ, ինչպիսիք են՝ արդյունքների չափելիությունը, ոլորտի զարգացման միտումները Ռուսաստանում, Լիբանանում և ԱՄՆ-ում: Շեշտադրվում են նաև թվային հաղորդակցության առաձնահատկությունները, քաղաքի բրենդինգն ու զարգացումը: Առաջին անգամ քննարկվում է «Պետական մարմինների հետ հարաբերությունները» թեման: Ամեն տարի խրախուսում ենք հաղորդակցության և հարակից ոլորտներից հայաստանցի մասնագետների՝ որպես խոսնակներ ներգրավվածությունը: Այս մոտեցումը շարունակաբար պահպանվելու է:
Անցյալ տարվանից մասնակցության հրավեր է ուղարկվում նաև Հայաստանից դուրս՝ մեր հարևան երկրներ և տարածաշրջաններ՝ Վրաստան, Իրան, ԱՄԷ, Լիբանան, Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ»,- նշում է ծրագրի ղեկավարը:

Իսկ արդյունքներին երկար սպասելու կարիք չի եղել: Չորս գագաթաժողովների ընթացքում արդեն իսկ գործընկերային հարաբերություններ են հաստատվել Միացյալ Թագավորությունում PR մասնագետների սերտիֆիկացման ծրագիր իրականացնող «PR Academy»-ի հետ: Վերջինս գագաթաժողովի մասնակցիներին անվճար առցանց դասընթացի ու կրթական ծրագրերից օգտվելու զեղչային տարբերակ է տրամադրում: Իսկ հյուրերի անունները հնչեղ են. Բոստոնի և Օկլահոմայի համալսարանների դասախոսներ են այցելում՝ հանրային դասախոսություն ներկայացնելու ուսանողներին և վարպետության դասեր տալու մասնագետներին: Սպասվում է պրակտիկ մասնագետների ներկայություն այնպիսի առաջատար PR գործակալություններից, ինչպիսիք են «Ketchum»-ը, «Ogilvy PR»-ը, «Media Consulta»-ն, «Hallvarsson & Halvarsson»-ը և այլն, որոնք իրենց փորձը Հայաստանում ներկայացնելու և մեր փորձին ծանոթանալու ցանկություն ունեն:
Տաթևիկ Ավետիսյանն այն համոզմանն է, որ կայացած մասնագետներ, իհարկե, կան, որոնք տարիներ ի վեր պրակտիկ փորձ են ձեռք բերել՝ համադրելով Հայաստանում ու արտասահմանում ստացած ակադեմիական ու մասնագիտական կրթության հմտությունները: «Ընդհանուր առմամբ, PR ոլորտը՝ իր ժամանակակից ընկալմամբ, մեր երկրում զարգացման գրեթե 20 տարվա պատմություն ունի: Հետևաբար, այս ոլորտը կայանում է մեր պետության զարգացմանը զուգընթաց ու փորձում է համագործակցության առավել նպաստավոր միջավայր ձևավորել և միջազգային կապեր հաստատել: Հայաստանցի մասնագետների մեծ մասն իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են դրան»:
«PR Summit Armenia» գագաթաժողովն իրականանում է PR և հաղորդակցության այլ ոլորտների մասնագետների նվիրվածության ու գործընկերների ակտիվ օժանդակության շնորհիվ: Կազմակերպիչները լիահույս են, որ այն կշարունակի և իր շոշափելի արդյունքը կբերի գալիք տարիների ընթացքում:

Սյունե Սևադա

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register