ՎԱՀԷ ՊԵՐՊԷՐԵԱՆ. STAND UP- Ի ՀԱՅ ՎԱՐՊԵՏԸ

1

Տարիներ շարունակ Deem Communications-ը հայ հանդիսատեսին է ներկայացրել տարբեր սփուռքահայ անվանի արվեստագետների: Այս ամառ կազմակերպել էր ամերիկահայ հայնտի կատակերգու, դերասան Վահէ Պէրպէրեանի «Ուրեմն» շոուն: «Ճամփորդը» հանդիպեց արվեստագետի հետ և զրուցեց հայերի հումորի զգացումի, հետհեղափոխական տրամադրությունների և ապագա ծրագրերի մասին: 

– Առաջին հայացքից շոուի անվանումը՝ «Ուրեմնը» շատ «գայթակղիչ» է հնչում։ Ինչպե՞ս է ստեղծվել շոուի անվանումը։ Առհասարակ, շոուն ինչպե՞ս ստեղծվեց։

– Ներկայացումին անունը «Ուրեմն» դրի որպէսզի ձեւով մը շարունակականութիւն մը ստեղծեմ նախկիններուն հետ: Առաջինը «Եւայլըն»ն էր, յետոյ «Նաեւ»ը, «Տակաւին», «Սակայն», «Եթէ» իսկ հիմա «Ուրեմն»… Ինչպէս կը նկատէք կամաց-կամաց եզրակացութեան հասնելու նպատակ մը կայ: «Ուրեմն»ը առաւելաբար ստախօսութեան մասին է եւ կը ծանրանայ այն իրականութեան վրայ, որ ինչպէս ամէն տեղ, առանց բացառութեան սուտի կը հանդիպինք:

– Ինչո՞ւ է «Ուրեմնը» վերջին մենախոսային շոուն, չէ՞ որ «սթենդափային» ելույթներն աշխարհում շատ ընդունված են, և Հայաստանում դրանք սիրելի են դարձել նաև հենց Ձեր շնորհիվ, որովհետև առաջիններից էիք, որ ելույթ էին ունենում այդ ձևաչափով։

– Հա-հա-հա: Հաւանաբար դիւրհասկացողութիւն կայ վերջին բառին կապակցաբար: Վերջինի փոխարէն պէտք է գործածու էր նորագոյն բառը, որովհետեւ տակաւին լռելու նպատակ չունիմ:

– Չոր տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք․«Հայերը հումորի մեծ շնորհք ունեն, լավ հումոր ունենք, բայց ծիծաղելու հետ պրոբլեմ ունենք», այս տարիների ընթացքում փոխվե՞լ է այս մոտեցումը, հանդիսատեսը։

– Ես տակաւին համոզուած եմ, որ հայերն իսկապէս լաւ հումոր ունին, բայց խնդալը բաւական դժուար է մեզի համար: Ասիկա հաւանաբար պատմական պատճառներ ունի: Մենք առհասարակ հեշտ կեանք չենք ունեցած, իսկ ցեղասպանութիւնը բաւական լուրջ դեր խաղցած է ատոր մէջ: Անշուշտ պէտք չէ նաեւ մոռնալ, որ մենք լեռնցի ժողովուրդ ենք եւ ընդհանրապես չունինք միջերկրական երկիրներու թեթեւութիւնը: Ամէն պարագայի նոր սերունդ մը ունինք թե՛ Հայաստանի, եւ թե՛ Սփիւռքի մէջ, որ արդէն սկսած է կուշտ ու կուռ խնդալ:

– Ասում են՝ ամեն արտիստ իր հանդիսատեսին ունի։ Ո՞վ է Ձեր հանդիսատեսը, հատկապես ո՞ւմ են հետաքրքրում այն թեմաները, որոնց մասին Դուք ելույթ եք ունենում։

– Ես ինքզինքս բախտաւոր կը զգամ, որովհետեւ հանդիսատեսիս կարեւոր մասը երիտասարդ է: Հանդիսատեսս գրեթէ բոլոր տարիքներու, սեռերու եւ տնտեսական խաւերու կը պատկանի: Ասոր վրայ պէտք է աւելցնել այն իրողութիւնը, որ հանդիսատեսս մշակութային բոլոր ենթահողերն ալ կը պարունակէ՝ լիբանահայ, հայաստանցի, սուրիահայ, ամերիկահայ, իրանահայ… Բոլորն ալ կուգան ներկայացումներուս, եւ ասիկա կը կարծեմ, որ ընդհանրացած երեւոյթ չէ հայ իրականութեան մէջ:

– Թատերական շոուներից բացի, Դուք նաև զբաղվում եք աբստրակտ գեղանկարչությամբ, վեպերի հեղինակ եք, բեմադրիչ եք, խաղացել եք տասնյակ ֆիլմերում։ Ի՞նչ նորություններ կան մյուս «ֆրոնտերում», գուցե նոր վե՞պ եք գրում կամ նկարների ցուցահանդե՞ս եք կազմակերպում։

– «Ուրեմն»-ի շրջագայութիւնս, հիւրախաղերս անշուշտ պիտի շարունակեմ, եւ տակաւին մեծ թիւով քաղաքներ կան, ուր պէտք է ներկայացումներ տամ, բայց կը կարծեմ, որ այս շրջանին ինծի համար ամէնէն կարեւորը նոր վէպս աւարտելն է: Արդէն մոտ տարի է մը աւելի այս նոր վեպիս վրայ կ’աշխատիմ եւ արդեն ժամանակն է որ աւարտեմ եւ հրատարակեմ: Բացի այդ, սկսած եմ աշխատիլ նոր նկարներու շարքի մը վրայ եւ յոյս ունիմ, որ Հայաստանէն վերադարնալէս ետք բաւական ժամանակ անցնեմ սթիւտիոյիս մեջ նկարչութեամբ զբաղելով: Իսկ այս բոլորէն անդին, ֆիլմի նոր սցենար մը ունիմ որ կուզեմ նկարել, անշուշտ, ատիկա իրականացնելը ֆինանսաւորումի հետ կապուած է, եւ պէտք է թատերախումբիս համար նոր թատերախաղ մը հասցնեմ, այլապէս կարծեմ թատերախումբի անդամները մօտ ատենէն պիտի խեղդեն զիս:

– Հայաստանում լինելիս ի՞նչ զգացողություններ ունեք, ժամանակ առ ժամանակ գալիս եք, նկատո՞ւմ եք փոփոխություններ, ո՞ր կողմ են դրանք գնում, ու ի՞նչ փոփոխությունների եք սպասում անձամբ Դուք։

– Ինծի համար այս անգամ Հայաստան գալը բոլորովին տարբեր փորձառութիւն պիտի ըլլայ, որովհետեւ յետյեղափոխութեան Հայաստանն է, որ կուգամ եւ ատոր համար շատ ուրախ եմ: Անշուշտ, որ Հայաստան գալը առհասարակ հաճելի եւ որախ բան է, միայն բաւական հոգնեցուցիչ, որովհետեւ այնքան բան կայ ընելիք եւ այնքան մարդ տեսնելիք…

Սյունե Սևադա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register