ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ ԻԲՐԵՎ  ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ

1

Մարդու հիմնարար ազատություններից մեկն էլ ազատ տեղաշարժի  իրավունքն է, որի իրացումը  քսանմեկերորդ դարում ոչ միայն զբոսաշրջության, այլև միգրացիայի խթան է հանդիսանում: Զարգացման նորանոր հարթակների նվաճմանը զուգահեռ,ցավոք, մարդկությունը դեռևս չի հրաժարվում պատերազմներից ու բռնությունից, որոնք հաճախ ուղեկցվում են բռնի տեղահանություններով: Անշուշտ, երբ մարդուն կամքին  հակառակ զրկում են իր բնօրրանից կամ ստիպում  են լքել այն, դա ողբերգություն է: Սակայն եկեք խնդրին  նայենք ավելի ընդհանրական ու խորքային  դիտանկյունից:

Միգրացիան՝ կամավոր թե հարկադիր, իր մեջ նաև դրական բան է պարունակում: Անձամբ ես՝ այն խնդիր չեմ համարում: Իրականում առողջ ներհոսքը ցանկացած երկրի համար  էլ դրական է:

Այս առումով դիտարկենք ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Անգլիայի, Գերմանիայի  ունեցած փորձն ու գնահատենք այս երկրների կյանքում ներգաղթյալների  ունեցած հսկայական  ներդրումն ու դերակատարությունը: Նրանք շատ հաճախ օտար երկրում իրենց կյանքը սկսել են զրոյից, կատարելով ցանկացած աշխատանք և արդյունք ստեղծել ոչ միայն իրենց  անձնական բարեկեցության, այլև հյուրընկալ երկրի համար: Փախստականների և միգրանտների ներդրումն այդ երկրների զարգացման մեջ պարզապես անուրանալի է:

Փախստականներն ու միգրանտները ցանկացած երկրում  3 կարևոր գործոնի՝ մարդկային կապիտալի աճի, նոր ուղեղների և նոր մշակույթի մարմնացումն են։ Փախստականներին ու միգրանտներին  գրկաբաց ընդունելը կարևոր է ՝ ոչ միայն մարդասիրությունից ելնելով: Նրանք  իրենց հետ նոր հմտություններ ու նոր մասնագիտություններ են բերում:

Կյանքը նրանց ստիպում է ավելի ճկուն լինել, ավելի շատ աշխատել և նոր միջավայրում կիրառել նոր հմտություններ ու կարողություններ՝ շուկա գտնելով դրանց իրացման համար: Նրանք նաև նպաստում են մշակութային բազմազանությանը, ինչը պակաս կարևոր չէ: Չէ որ առանց մշակութային բազմազանության, միատարր բնակչություն ունեցող երկրներն իսկապես նոր գույների պակաս են ունենում, մի  տեսակ ինքնամփոփ ու ներհակ կյանքով են ապրում, իսկ բնակչությունը ծայրահեղ ռասիստ է դառնում: Այնինչ, այլ ազգերի ներկայացուցիչների հետ շփվելով մարդիկ փոխադարձաբար հարստանում ու զարգանում են, նոր մշակույթից նոր տարրեր քաղելով՝ հարստացնում են սեփականը:

Տնտեսագիտորեն էլ եթե նայենք, ապա որքան բազմամարդ է շուկան, այնքան այն ավելի գրավիչ է ներդրողների համար, այնքան ավելի բազմաճյուղ և ծավալուն են դրա ենթակառուցվածքները. դպրոցները, հիվանդանոցները: Ծառայություններն էլ ավելի շատ են, բնակարանաշինությունն ավելի լայն ծավալներով է ընթանում: Սա էլ իր հերթին ենթադրում է ավելի շատ աշխատատեղեր:

Իհարկե, այս խնդրի քննարկման ճանապարհին երկմտանք էլ կա. գրկաբաց Եվրոպան,  օրինակ, վերջին տարիներին բախվեց բռնությունների ալիքի, որ իրենց հետ բերեցին  ներգաղթյալները: Ավելի ճիշտ՝ ահաբեկչական  խմբավորումներն օգտագործեցին բաց դռների հնարավորությունն ու անարգել  ներթափանցեցին շատ երկրներ. միգրանտների սելեկտիվ ընդունելությունն էլ օրակարգ մտավ: Հենց այս նկատառումով եմ  խոսում առողջ ներգաղթի մասին. երբ մարդն իր երկրում որոշակի ձեռքբերումներ է ունենում, ցանկանում  է ընդլայնվել և  իր երկրի սահմաններից դուրս է փնտրում նորանոր հնարավորություններ: Սա լավագույն տարբերակն է:

Իսկ ռազմական բախումների գոտիներում  տառապող հազարավոր մարդկանց համար հաճախ միգրացիան կյանքի փրկություն է դառնում:

Վերջին տարիներին Հայաստանը հազարավոր սիրիահայերի է ընդունել, որոնք, ազգակից լինելով հանդերձ, նոր մշակույթ ու հմտություններ ներմուծեցին Հայաստան: Մեր դրսևորած պատրաստակամությունը բազմապատիկ արդյունավետությամբ մեզ է վերադառնում: Հայկական սրճարաններում, օրինակ, այսօր ամենալավ սպասարկումը սիրիահայերն են իրականացնում: Նաև նրանք են ամենակոկիկ հագնվածներն ու օրինապաշտ քաղաքացիները:Նրանք լավ բժիշկներ են, լավ արհեստավորներ և շատ աշխատասեր: Ինչպիսին,օրինակ, լուսանկարում պատկերված լուսաշող սիրիահայ աղջնակն է:

Հետպատերազմյան  տարիներին  Խորհրդային Հայաստան եկած հայրենադարձների առաջին ալիքն էլ մեծ դերակատարություն  ունեցավ երկրի մշակույթը թարմացնելու ու հարստացնելու  հարցում:

Այնպես որ, միգրացիան թեպետ դժվար, բայց կառավարելի գործընթաց է, և այն կարելի է լավագույնս ծառայեցնել երկրների զարգացման գործընթացին՝ ի հաշիվ փոխհոսքերի, փոխադարձ շփումների ու քաղաքակիրթ երկխոսության:

 

Սիրով՝ ձեր  Արիանա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register