«ՍԵՎ ԳՈՐԾԱՐՔ». ԿԱՐԿՈՒՏԸ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ» Է ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ

4

Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մրգաստան գյուղում հունիսի 12-ին տեղացած ահարկու կարկուտից հետո ասես սուգ հայտարարված լիներ: Բնական տարերքը զրոյացրել, ջուրն էր լցրել ամիսների ընթացքում մարդկանց կատարած ծանր աշխատանքը: Գյուղում ասում էին, որ այսպիսի բան երբեք չէին տեսել, որ նման արհավիրք երբեք չէր եղել: 6 րոպե լորի ձվի չափ ու նույնիսկ ավելի խոշոր կարկուտ է տեղացել, ինչին էլ հաջորդել է անձրևախառն տեղատարափը: Գյուղացիների մեծ մասը 100 տոկոսով կորցրել է բերքը, հույսն ու հավատը: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Պարզվում է, անցած տարի ևս Մրգաստանում գյուղացիները տուժել են կարկուտից: Նրանք բոլորն անխտիր վարկեր ունեն և պատկերացում չունեն, թե ինչպես պետք է դուրս գան ստեղծված իրավիճակից: Նրանց ողջ հույսն այս տարվա բերքի հետ էր կապված:

2

Ամենամեծ կորուստները Գագիկ Սահակյանն է կրել: Գարնան ընթացքում հողամասերից դուրս չեկած մրգաստանցին՝ 33 հեկտար սոխ է տնկել: Յուրաքանչյուր հեկտարի վրա ծախսել է մոտավորապես 3 միլիոն դրամ և յուրաքանչյուր հեկտարից ակնկալել 5 միլիոն դրամի վաճառք: Գագիկի վարձակալած հողատարածքներում 50-ից ավելի աշխատող է չարչարվել: Սերմի, պարարտանյութի և աշխատուժի ծախսերից բացի, Գագիկը վճարում է նաև վարձակալած հողի համար(1 հեկտարի դիմաց տարեկան 70.000-100.000 դրամ), ջրի վարձ(1 հեկտարի համար՝ 100.000 դրամ), հողի վարձ(1 հեկտարի դիմաց՝ 30.000 դրամ): Անցած տարվա կարկտից հետո հազիվ կարողացել է 10 տոկոս բերք հավաքել: Կորուստները ծածկելու համար ռիսկի է դիմել`ավելացնելով հողատարածքները (25 հեկտարից հասցնելով 33-ի), սակայն կրկին հայտնվել է կոտրած տաշտակի առջև: Այս տարի որևէ հույս չունի, որ գոնե չնչին բերք կունենա, հատկապես կարկուտին հաջորդող օրերին տեղացած անձրևի պատճառով: Ասում է, որ բույսը սկսում է նեխել՝ կիսակոտրված մշակաբույսի մեջ ջուր լցվելու պատճառով: «Վարկերիս ընդհանուր չափսը 80.000 դոլարն անցնում է: Դատարանից արդեն թուղթ է եկել, վարկի օրն անցել է: Հույս չունեմ, որ կառավարությունը որևէ բան կփոխհատուցի: Սակայն կա աղոտ հույս, որ կառավարությունը կկարողանա համաձայնության գալ, և բանկերում մեր ունեցած վարկերը հնարավոր կլինի սառեցնել, ինչպես նաև մեզ ազատել հողի և ջրի հարկից: Այդ դեպքում` կկարողանանք շնչել:

5

Մեզ էլ հաճելի չէ 33 հեկտար հող մշակելը: Չափազանց մեծ տարածք է, բայց ստիպված՝ անցած տարվա կարկտից հետո վարկերից ազատվելու համար ենք մեծացրել տարածքը: 4 տուն, 10 տեխնիկա, 6 ավտոմեքենա… ամեն ինչ դրված է բանկում: Տարեկան 20.000 դոլար տոկոս ենք փակում»,- նշում է Գագիկ Սահակյանը:

Լոլիկ, բադրիջան, սոխ, կարտոֆիլ և այլ բանջարեղեն այս ամառ Մրգաստանից շուկա կամ արտերկիր չի հասնելու: Ծիրանը նույնպես լուրջ վնասներ է կրել: Հողագործ Հրայր Հարությունյանը հույս ունի, որ կառավարությունը կամ բարերարները կօգնեն:

Կառավարությունը, վարչապետը կարող են այս հարցին լուծում տալ: Երկրի քաղաքացիները դժվարին կացության մեջ են հայտնվել և պետությունը պետք է ինչ-որ նշանակալից օգնություն ցուցաբերի: Նաև խնդրում եմ անպայման նշեք, որ բարերարները աջակցություն ցուցաբերեն գյուղին, քանի որ այժմ մեզ մոտ ծայրահեղ ծանր իրավիճակ է: Անցած տարի որևէ օժանդակություն չստացանք: Ուղղակի մասամբ սառեցրեցին վարկերը, և ստիպված հավելյալ գումարներ վճարեցինք: Այս տարի ամեն ինչ պարտքով ենք  գնել` սերմերը, պարարտանյութը, թունաքիմակատները: Հողատարածքում աշխատողներն այն հույսով են աշխատել, որ բերքի վաճառքից հետո կստանան վարձատրություն»,-հուզված նշում է Հրայր Հարությունյանը:

Ընդհանրապես մեզ հանդիպած բոլոր գյուղացիները կառավարությունից ունեին հիմնական պահանջներ` 2 տարով ամբողջովին սառեցնել(ոչ թե վերավարկավորել) իրենց վարկերը, 2 տարով ազատել հողի և ջրի հարկից, ինչպես նաև գյուղում տեղադրել հակակարտային կայաններ` չնայած շատերը համոզված չեն դրանց արդյունավետության հարցում: Հունիսի 12-ից հետո նրանք բողոքի ակցիա էին իրականացրել` փակելով ճանապարհը: Նշում են, որ եթե իրենց պահանջներին լուրջ արձագանք չլինի, օրերով կփակեն ճանապարհը:

Մյուս կողմից` գյուղում չկար մի հողագործ, որը հակակարկտային ցանցեր կիրառեր: Գագիկ Սահակյանը  նշում է, որ դրանք չափազանց թանկ են` 1 հեկտարի համար մոտ 1 միլիոն դրամ կամ ավելին: Հարցնում ենք` ավելի լավ չէ 33 հեկտարի փոխարեն 15 հեկտար մշակեն, բայց ապահովագրված լինեն, ասում է` վարկերը թույլ չեն տալիս, պետք է ռիսկի դիմեին, որ կարողանային փակել: Զարմանալի է, բայց եղանակի տեսությունն էլ չի հաղորդել, որ անձրև կամ առավել ևս կարկուտ է տեղալու: Կային գյուղացիներ, որոնք պատրաստվում էին արդեն լոբին քաղել և եթե գիտենային, որ կարկուտ է տեղալու, մեկ օր շուտ կքաղեին: Այժմ գյուղացիները լուծումներ են փնտրում և ակտիվորեն դիտարկում են հետագայում սպասվող բերքի ապահովագրության տարբերակը:

6

Համայնքապետ Ռաֆայել Խաչատրյանը նշում է, որ բոլոր տուժածներից դիմումներ է ընդունել: Սպասում են կառավարության պատասխանին. «Գյուղում գրեթե բոլորն էլ հողագործությամբ են զբաղվում: Անցած տարվա կարկտահարությունից հետո որևէ փոխհատուցում չեղավ, քանի որ, ըստ կարգի, փոխհատուցում են, եթե բերքի 80 կամ ավել տոկոսը փչացել է: Իսկ անցած տարի մոտ 50 տոկոսն էր փչացել: Գյուղն ունի 208 հեկտար ցանքատարածություն, որի 87 տոկոսը մշակվում է: Այս պահին մեր ձեռքի տակ կա 76 դիմում: Բանակցություններ են ընթանում, սպասում ենք»:

Մրգաստանից հեռանում ենք տարակուսած, մարդիկ սգի մեջ են, կարկուտը ջարդուփշուր է արել նրանց հույսն ու չարչարանքը: Վերջին մարդը, մեզ տեսնելուց հարցնում է` արդյո՞ք լսել էինք այս գյուղի մասին և ավելացնում`այս կարկտահարության հետևանքով մեր գյուղի մասին վերջապես կիմանան Հայաստանում:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register