ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ 5 ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ՎԱՅՐԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Չնայած ամառը նոր-նոր է ընդունել էստաֆետն ու անցել իր պարտականությունների կատարմանը, սակայն Երևանն արդեն լեցուն է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած զբոսաշրջիիկներով: Հայաստան այցելած հյուրերը հիացմունքով այս ու այն կողմ են նայում և ֆոտոխցիկներով անմահացնում այն, ինչը հետո դառնալու է նրանց հիշողության անբաժանելի մասը: Ուսումնասիրությունները վկայում են, որ մայրաքաղաք այցելած հյուրերն ունեն իրենց նախապատվելի զբոսավայրերը: Ստորև ներկայացնում ենք զբոսաշրջիկների կողմից սիրված, նրանց կողմից մշտապես «պաշարվող» մայրաքաղաքի 5 ամենահայտնի վայրերը.
1. Զբոսաշրջիկներին մագնիսի պես ձգում է նաև թամանյանական Կասկադը: Հենց այստեղ են նրանք սիրում զմայլվել ժամանակակից արվեստի քանդակներով և բարձունքից հիանալ արևոտ քաղաքի համայնապատկերով ու բիբլիական Արարատով:
2. Թամանյանական ճարտարապետության դասական սկզբունքներով կառուցված «Հանրապետության» հրապարակն իր երգող շատրվաններով ամենաշատն է գրավում զբոսաշրջիկներին։
3. Օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ «Ազատության» հրապարակով հանդերձ, սիրելի վայր է դարձել հատկապես Եվրոպայից ժամանած տուրիստների համար: Շենքի ճարտարապետական լուծումներն ու յուրահատուկ գեղեցկությունը վերջիններիս հիացնում է հատկապես գիշերային ժամերին:
4. Մայրաքաղաք այցելած հյուրերին դեպ իրեն է ձգում մեր հպարտություններից մեկը՝ հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանը:
5. Զբոսաշրջիկների նախընտրած ամենահիշարժան վայրերի ցանկում առանձնահատուկ տեղ ունի Աբովյան փողոցը: Այս փողոցում են դեռևս պահպանվում քաղաքի հին շունչն ու կոլորիտը փոխանցող, զբոսաշրջիկներին առավելապես հետաքրքրող շենքերից մի քանիսը:
Արև Մախսուդյան