ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

45

Հին Հունաստանում ծնված «Police» բառը՝  թարգմանաբար «քաղաք» է նշանակում: Հույները «պոլիտիա» էին  անվանում հասարակական համակարգը: Թեև իմաստը մնացել է նույնը, բայց հարյուրամյակների ընթացքում բառը փոխակերպվել է «պոլիցիայի», որին էլ մենք հայաբար «ոստիկանություն» ենք  կոչում:

Պատմությունը նաև տեղեկացնում է, որ  «պոլիցիա» բառը «հասարակական կարգ» իմաստով առաջին անգամ կիրառվել է սաքսոնական  իրավաբան Մելխիոր ֆոն  Օսեի արձանագրություններում: Իսկ այ, ոստիկանությունը որպես ամբողջական համակարգ ձևավորվել է  1829 թվականին՝ Անգլիայում, երբ Ռոբերտ Փիլը ստեղծեց հատուկ օրինապաշտպան օրգան՝ Լոնդոնի քաղաքային ոստիկանություն: Ի դեպ, ոստիկաններին քաղաքային ժարգոնով Անգլիայում հաճախ «բոբբի» են անվանում, որը ծնվել է Փիլի ազգանվան «քաղցրացրած-փոքրացնող» տարբերակից՝ չնայած առաջին հայացքից թվում է, թե երկու բառերն իրար հետ այդքան էլ կապ չունեն:

ՀՀ ոստիկանությունը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո: Սկզբնական շրջանում հայկական տարբեր նահանգներում ու գավառներում  գործել են կոմիսարիատներ, հետագայում  արդեն Երևանում ստեղծվել է միլիցիայի քաղաքային վարչությունը:

Մեր հայրենակիցների վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ միանշանակ չէ՝ հատկապես վերջին օրերին, երբ իրավիճակը բավականին սրված է: Շատերը դժգոհում են՝ նշելով, որ ոստիկանությունը ժողովրդին պաշտպանելու փոխարեն նրանց դեմ է դուրս գալիս: Ոստիկաններն էլ իրենց հերթին պնդում են, թե հասարակական կարգ են պահպանում և ծայրահեղ քայլերի են դիմում հենց իրենց՝ քաղաքացիների պատճառով:

21-րդ դարը փաստերի ժամանակաշրջան է՝ շնորհիվ օր օրի ծաղկող մեդիայի: Եվ ամեն օր մենք տասնյակ տեսանյութեր ու լուսանկարներ ենք տեսնում, որտեղ  խաղաղ ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում՝ առանց կոնկրետ պատճառի ու բացատրության: Օրեր առաջ մեր գործընկեր լրագրողները բռնության զոհ դարձան՝ երբ ուղղակի իրենց աշխատանքն էին կատարում Խորենացի փողոցում: Մենք տեսանք,թե ինչպես են ծեծված վիճակով նրանք շարունակում ուղիղ եթեր վարել, կոտրված տեխնիկայի փոխարեն  կապի դուրս գալով իրենց հեռախոսներով…Հերոսությանը հավասարազոր կեցվածք, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներից: Բայց եթե անկեղծ, մեզնից ոչ մեկն էլ հույս չունի, որ դատական հայց ներկայացնելու դեպքում որևէ մեկը պատիժ կկրի, որովհետև Բաղրամյան փողոցի հայտնի դեպքերից հետո էլ ժուռնալիստների բռնության մասին խոսեցին-խոսեցին ու ոչ մի հանգուցալուծում այդպես էլ չեղավ: Մինչդեռ մասնագիտական պարտքը կատարող լրագրողի ետևից թիրախավորված ընկնելը, դիմակներով ծեծելը ստորություն է,  ու  ոչ մի արդարացում չունի: Իսկ կարող եք, օրինակ, արդարացնել այս դեպքը. 16-ամյա Սայաթ Հարությունյանը Գեղարքունիքի մարզից ուղղակի եկել էր Երևան՝ օգոստոսի 8-ին նշվելիք ծննդյան օրվա առթիվ նոր հագուստեղեն գնելու: Ոտքով ուղղակի բարձրանալիս է եղել Սարի թաղում գտնվող հորեղբոր տուն ու…կորցրել է ձախ աչքը: Իսկ ինչ կասեք ծանր վիճակով հիվանդանոցում հայտնված մանկահասակ երեխաների մասին: Կամ փորձեք արդարացնել ծեծից փախչող ու տներում պատսպարվող ցուցարարների ետևից  ընկած ու սեփական տներում ճայթուկ պայթեցրած ոստիկաններին: Ճայթուկի պայթյունից փշրվել են  ապակիները, վնասելով իրենց տներում նստած քաղաքացիներին: Կա՞ արդարացում, չկա: Եվ բացարձակ կապ չունի՝ ցուցարար ես, թե՝ ոչ: Համակարծիք ես  քաղաքի իրադրությանը, թե դեմ ես: Ինչո՞ւ պիտի խաղաղ ցույցից հետո՝ ողջ-առողջ տուն գնալու փոխարեն մարդիկ վիրավոր հասնեն հիվանդանոցներ : Տասնյակ վիրավորների, մասին էլ լռում ենք:

Հատկապես լարված օրերին մեր պետական համակարգի թերություններն ավելի լավ են երևում, և չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ, կոնկրետ այս պարագայում ոստիկանական համակարգը ճչացող սխալներ ուներ: Համազգեստից դուրս ու ներս գտնվողները էլի մերոնք են: Մեր քաղաքացիներն են, հայրենակիցները, բարեկամները: Մարդիկ, որոնք օրենք են պահպանում, որոնք աշխատում են մեզ  պաշտպանելու համար: Մենք գիտենք, որ բոլորը չեն նման քայլերի դիմում, բայց համակարգի մոլախոտերին վերացնել է պետք: Ուղղակի վերացնել է պետք, որովհետև չի կարող ամուր  արմատներ ունենալ այն երկիրը, որտեղ ոստիկանության նկատմամբ հարգանք ու հավատ չկա: Մենք կարող ենք ավելի լավը լինել: Եթե դժգոհություն կա, խնդիրը պետք է լուծվի: Ոչ թե լռեցվի, մոռացվի, այլ հենց լուծվի՝ արմատապես, հիմնավոր ու խելամիտ տարբերակներով: Չէ, հանկարծ սխալ չհասկանաք, քաղաքացիական հագուստով ոստիկանների տարբերակը նկատի չունեմ… Հա, ի դեպ, հետաքրքիր է, այլ երկրներում գործո՞ւմ է քաղաքացիական հագուստով ոստիկանների «ինստիտուտը»: Փորձենք ճշտել:

 

Օրենքի «դրսի» պահպանները

 Տասնյակ կայքեր փորփրելուց հետո արտասահմանյան  քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին պաշտոնական տեղեկատվության այդպես էլ չհանդիպեցի: Այլ երկրներում նույնպես կիրառվում է, բայց դա ընդհատակյա գործելաոճ է: Հետևաբար՝ միանշանակ օրենքի խախտում է: Որոնման ընթացքում արտասահմանյան ոստիկանության աշխատելաոճի մասին հետաքրքիր փաստեր պեղեցի, ինչի մասին էլ որոշեցի կիսվել նաև ձեզ հետ:

Հանցագործության դեմ պայքարի ամենադաժան մեթոդներ կիրառում  են բրազիլացիները: Չկա այնպիսի օր, որ ոստիկանները  չենթակվեն ավազակախմբերի հարձակումներին: Բրազիլիայում մեծ տարածում ունեն թմրանյութերի վաճառքը, մարդկանց  առևանգումն ու  թրաֆիքինգը: Նման պարագայում բրազիլացի ոստիկանների առանձնահատուկ դաժանությունը փոքր-ինչ արդարացվող է, եթե, իհարկե, իսկապես մեղավորներին է ուղղված: Այնպես որ, մշտապես մտապահեք, որ բրազիլական ոստիկանությունը հումանիզմով առանձնապես  չի փայլում, իսկ Ռիոյում շրջագայելիս էլ կարելվույն չափ զգույշ եղեք, քթի տակ մրմնջալով՝ «Աստված Բրազիլիայից բեթար  ոստիկանությունից մեզ ազատի» «աղոթքը»:

Իսկ այ, Ֆինլանդիայում, վիճակն առավել քան  նախանձելի է: Հասարակությունը շատ է սիրում  ոստիկանությանը: Հարցումների համաձայն՝ 90%-ից ավելին  վստահում է նրանց: Մնում է լուռ նախանձել ու հուսալ, որ մեզ մոտ էլ մոտ ապագայում նույնը կլինի…Տարոսը մերոնց:

Այլ է մոտեցումը Ամերիկայում:Այստեղ յուրաքանչյուր  նահանգ ունի սեփական կանոնադրությամբ առաջնորդվող իր ոստիկանությունը: Դրանցից շատերը հասնում են աբսուրդի ու չեն տեղավորվում  մարդկային ուղեղում: Բայց  քաղաքացիները պարտավոր են սրբորեն պահպանել դրանք, թե չէ հիմարագույն խախտումների  պատճառով լրջագույն խնդիրներ կունենան:

Ի դեպ, Միացյալ Նահանգների ոստիկաններն էլ բարեսրտությամբ չեն փայլում: Ոստիկանն իրավունք ունի սպանել օրինական հրահանգներին  չենթարկվող  յուրաքանչյուր քաղաքացու: Ու պատկերացնում եք, դրա համար մնալով անպատիժ: Ծայրահեղական է, ինչ խոսք, բայց աշխատող է:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register