ՓՈԽԶԻՋՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ

9

Զինա-լեզվակռիվներից  նկատելիորեն շահեկան համագործակցության ու բանակցության  արվեստն ու ընկալումը՝ մեր գիտակցության մեջ ամուր «բնավորվել» են  հնուց անտի: Դրանք նախնիներից  գենետիկ կոդով մեզ են փոխանցվել՝ գյուղատնտեսական հեղափոխությունից  ի վեր, երբ որսորդությունն այլևս դադարեց լինել գոյատևման միակ միջոցը՝ տեղը զիջելով անարյուն տարբերակներին՝ հող մշակելուն, սննդի մեջ կաթնամթերք օգտագործելուն, բանջարեղեն ու հացահատիկ աճեցնելուն: Սննդի բազմազանությունից բացի, գյուղատնտեսությունը նպաստեց նաև շփման բազմազանությանը: Աշխատանքի համակարգման անհրաժեշտությունը մարդկանց հարկադրեց աշխատել միասին: Համագործակցությունը սովորեցրեց մարդկանց գնալ կոմպրոմիսի՝ հանուն հասարակական շահի առաջնայնության՝ զոհաբերելով  անգամ սեփական շահը:

Փոխզիջումն այսօր քաղաքակրթության տարբերակիչ գծերից  է դարձել: Մարդու անձնական կյանքում, երկրների հասարակական ու քաղաքական հարաբերություններում  փոխզիջումը դարձել է խաղաղության ու զարգացման երաշխավոր:                                                                                                                     Փոխզիջումը  նաև հնարավորությունները հարստացնելու,դրանք ավելի ընդունելի, ըմբռնելի ու հասանելի դարձնելու երաշխավոր է դառնում:

Ինչու է այն այսօր այդքան կարևոր. որովհետև դրա պակասն ակնհայտ ունենք: Երբ խնդիրները բանավիճային դաշտից անցնում են վեճի ու հակամարտության, ուրեմն փոխզիջման պակասն առավել քան ակնհայտ է: Ուրեմն հրատապ է դառնում ոչ թե արյուն թափելը, այլ խաթարված հարաբերություններին  թթվածին մատակարարելը:

Քաղաքականության մեջ երեկ և այսօր նույն օրենքն է գործում: Այն ինքնին՝ գաղափարներով փաթեթավորված փոխզիջման ու բանակցությունների  արվեստն է: Հարկ է մշտապես հիշել, որ յուրաքանչյուր կարծիք ու համոզմունք գոյատևման իրավունք ունի և արևի տակ տեղն էլ հաստատ բոլորին կհերիքի:

Կողքիններիդ հրելով ՝ ճանապարհը  երբեք քոնը չես դարձնի: Եթե  մենք չկոնկրետացնենք մեր նպատակը, չգնանք փոխզիջումների ու միասին չաշխատենք մեր նպատակի համար, կհասնենք ոչ թե հաղթանակի, այլ՝ քաոսի: Իսկ քաոսի հասնելն անասելի հեշտ է, մինչդեռ այն հաղթահարելն է շատ բարդ:

Թվում է, թե մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ  է ուզում, բայց ինչպես հետո է պարզվում, հստակ ուրվագծվող ճանապարհն այդպես էլ ոչ մի տեղ չի տանում: Մենք պտտվում ու պտտվում ենք մեր առանցքի շուրջ, դոփում ու հետ  ենք գնում, որովհետև չենք կարողանում փոխզիջումների գնալ: Գուցե կոշիկը այդ ճանապարհի համար չէ, գուցե թեթև վազքի փոխարեն պետք է դանդաղ քայլերով  առաջանալ, գուցե սա այն ճանապարհը չէ, որը մեզ անհրաժեշտ է, բայց մենք համառում ենք, քանի որ չենք կարողանում ընդունել, որ սխալվել ենք: Հիշում եք, չէ, հայտնի խոսքը. «Ուզում ես արագ հասնել, գնա մենակ, ուզում ես հեռուն հասնել, գնացեք միասին»:

Փոխզիջումը կօգնի դրական արդյունքների հասնել: Կյանքի հերթական ճանապարհն ընտրելուց ու որոշումներ  կայացնելուց առաջ՝ եկե՛ք չմոռանանք այս մասին:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register