ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԱԿԱ  ԵՎ ՀԵՌԱԿԱ  ՍԱՀՄԱՆԸ

ariana-002

Ժողովրդավարությունը հաճախ տարբեր բանաձևումներ է ունենում, ինչից նրա  էությունն ամենևին էլ չի փոխվում: Ինձ համար, օրինակ, այն առաջին հերթին կառավարման  թափանցիկությունն է ու ժողովրդի մասնակցությունն  այդ կառավարմանը՝ սկսած սեփական քվեի տնօրինումից: Պակաս կարևոր չէ նաև արտահայտվելու, կամքի ազատությունը: Ի՞նչ ունենք  և ինչ  չունե՞նք Հայաստանում: Փորձենք  հասկանալ:

Հայաստանում այսօր շատերն են բողոքում ժողովրդավարության բացակայությունից: Այդ առնչությամբ  վկայաբերվում են բազմաթիվ իրական, ծանրակշիռ, կամ անէական փաստարկներ: Ես էլ համաձայն եմ, որ իրական ժողովրդավարության հասնելու համար Հայաստանը դեռևս անցնելիք  ճանապարհ ունի, սակայն միանշանակ ձեռքբերումներն էլ ակնառու են: Սերնդափոխության հաշվին, թեկուզև դանդաղ, փոխվում է մարդկանց  գիտակցությունը,  պետական կառավարման հոգեբանությունը:

Մի բան ինձ համար առավել քան տեսանելի է: Հայաստանում ազատ կամարտահայտության  լայն հարթակ կա. դա զանգվածային լրատվամիջոցներն ու սոցցանցերն են: Հենց այս հարթակներում օրինակ, հաճախ անխնա քննադատություն է հնչում երկրի առաջին դեմքերի հասցեին և ոչ ոք  օրինակ, դրա համար չի ձերբակալվում: Սա, իհարկե, դարի նվաճումը չէ, սակայն առաջընթաց է և պետք է առողջ հարթակ դառնա հաջորդ քայլերի համար: Երևի թե շատերն են տեղյակ, թե սոցկայքերի, ընդհանրապես համացանցային ինչպիսի սահմանափակումներ կան տնտեսապես զարգացած որոշ երկրներում: Իրանն ու Չինաստանը  դրա վառ օրինակն են:

Եկեք թռուցիկ մի հայացք նետենք իրապես ոչ ժողովրդավար երկրներին (Իրան, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ադրբեջան և այլն): Ամենևին ոչ այն նպատակով, որ նրանց համեմատ Հայաստանը շահեկան դիրքերում է, այլ որ՝ լավ հիմք ունենք առաջ գնալու, ավելիին հասնելու համար:

Հայաստանում  այդ ճանապարհով  առաջ շարժվելու շատ կարևոր մեկ այլ հնարավորություն ևս կա: Դրանք ընտրություններն են:

Շատերը կասեն՝ դրանք կանխորոշված են, կեղծիքները շատ են: Իրականում լույսի պես արդար ընտրության անցկացման հնարավորությունը յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ դիրքորոշման  մեջ է, քվեարկության գնալու մեջ է: Այս մասին ես շատ եմ խոսել և այսօր միայն կարող եմ ավելացնել՝  2017թ. խորհրդարանական ընտրությունն անչափ կարևոր է: Կարելի է ասել  այն միաժամանակ  նաև հաջորդ Նախագահի, վարչապետի ու երկրի քաղաքական ու տնտեսական կուրսի ընտրությունն է: Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցված ընտրություն կատարի, գնա  իր ընտրության ետևից ու տեր կանգնի իր ընտրությանը:

Սա Հյուսիսային Կորեան չէ, որտեղ արգելված են սոցցանցերը, որտեղ չես կարող ինքդ որոշել՝ ինչ խոսել, անգամ՝ լսել ու կրել: Որտեղ մարդիկ  կյանքը պահպանելու համար  սպանում են երազանքները, ստիպողաբար հարմարվում ընդունված նորմերին ու փորձում մտքում անգամ ցածրաձայն երազել ապագայի մասին: Որտեղից փախչում են հարևան երկրներ՝ փորձելով մոռանալ, որ հայրենիքը տրորել է իրենց ապագան: Ցանկացողները դրանում կարող են համոզվել համացանցում դիտելով սեփական երկրից մազապուրծ այլ երկրում հայտնված փոքրիկ կորեուհու  սրտաճմլիկ տեսանյութը: Հիմա մենք ոչ միայն  կարող ենք բարձրաձայն երազել, այլև կարող ենք ընտրել  մեր ապագան:

Մենք համեմատությունից սովորելու հնարավորություն և մեզ ներկայացած  հնարավորություններն  օգտագործելու  կարիք ունենք: Եթե մեր ընտրական համակարգը մեզ չի գոհացնում ու  չենք  ուզում օգտվել ժողովրդավարության ծիլերից, ապա շինծու ժողովրդավարություն խաղացող հարևան Ադրբեջանի խեղկատակություններին ի՞նչ անուն տանք:  Մեր հնարավորություններն իրապես զարգացման պիտի տանեն Հայաստանը, միայն  թե չնահանջենք ու չհամարենք, թե ունենք  այն, ինչ ունենք:  Խելացի օգտագործենք  քվեարկելու հնարավորությունը, սրանով է ամրանում ժողովրդավարությունը:

 

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register