ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈւՏԲՈԼԻ ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐԸ

1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փակում է հերթական շրջափուլը: Մեր ազգային ընտրանուն մեծ մրցաշարերում տեսնելու երկրպագուների երազանքը՝ նվազագույնը երեք տարով հետաձգվում է: Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում մեր թիմը խմբում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը` առաջ անցնելով միայն Ղազախստանի ընտրանուց:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը իր ակտիվում գրանցեց 7 միավոր. տարավ երկու հաղթանակ, 7 անգամ պարտություն կրեց և մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի:  E խմբի առաջին հորիզոնականը զբաղեցրեց և աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեց Լեհաստանի հավաքականը(25 միավոր), երկրորդ տեղը գրավեց Դանիայի ընտրանին (20 միավոր): Երրորդ տեղում Մոնտենեգրոյի (16 միավոր), չորրորդում` Ռումինիայի(13 միավոր) հավաքականներն են: Վերջին տեղում հանգրվանած Ղազախստանը 3 ոչ-ոքի է խաղացել և պարտվել մնացած խաղերում:

Ինչպես ընտրական ցանկացած փուլից առաջ, մենք բոլորս էլ երազում էինք Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր ձեռք բերելու մասին: Իրականում, սակայն, պետք է հանել վարդագույն ակնոցները և հասկանալ, որ միայն Մխիթարյանով, միայն անձնազոհ խաղով ոչինչ չի լինի: Անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում մեծ-մեծ նպատակներ դնելով` ի վերջո հայտնվում ենք փակուղում: Հայկական ֆուտբոլը համակարգային լուրջ փոփոխության, ներքին ուժեղ, մրցունակ առաջնության անցկացման անհրաժեշտության առջև է կանգնել:

Առաջնություն, որը որակյալ ֆուտբոլիստներ կմատակարարի տարբեր տարիքային հավաքականներին: Միայն հուսալ, որ սփյուռքում տաղանդներ կհայտնվեն, որոնք էլ հանդես կգան պատմական հայրենիքի հավաքականում, անհեռանկարային գործ է: Մեր ներքին առաջնությունը անհասկանալի ու տաղտուկ մի բան է դարձել: Անընդհատ ակումբներ են փակվում և բացվում: Վերջիններս կարծես թե չունեն զարգացման ծրագիր, բոլորն էլ ասես ինչ-որ մեկի զվարճանքի «խաղալիքը» լինեն: Մարզային ֆուտբոլ կա միայն Շիրակում, Սյունիքում և այժմ էլ` Լոռիում:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իրեն մեծ իրավասություններ է վերապահում նաև հավաքականի կազմի որոշման հարցում: Վերջին տասնամյակի մեր լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը հենց Ռուբեն Հայրապետյանի «ջանքերով» չի հրավիրվում հավաքական, նույնը վերաբերում է նաև փորձառու պաշտան Ռոբերտ Արզումանյանին և այլ խաղացողների: Բացահայտ է, որ նման միջամտությունները չեն կարող դրական ազդեցություն թողնել հավաքականում տիրող մթնոլորտի, հետևաբար նաև խաղի, արդյունքների վրա: Այս ամենին զուգահեռ՝ զավեշտալի է հավաքականի խաղերի տոմսերի արժեքը ( 4000-10000 դրամ):

Վերջին խաղերի ընթացքում «Հանրապետկանը» սարսափելի դատարկ է լինում: Բազմաթիվ ֆուտբոլասերներ փոփոխությունների ակնկալիքով՝ սկսել են բոյկոտել խաղերը: Տպավորությունն այնպիսին է, ասես մեր ֆուտբոլը «գանգրենայով» տառապելիս լինի և անհրաժեշտ է օր առաջ ազատվել հիվանդ հատվածից, որ այն չխժռի ամբողջ մարմինը: Հավաքականը ԱԱ-2018 թվականի ընտրական փուլը սկսեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Երեք անընդմեջ պարտություններից հետո Սուքիասյանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինեց հավաքականի նախկին հարձակվող, երկրպագուների կողմից սիրված  Արթուր Պետրոսյանը, ով մինչ այդ 7 տարի Շվեյցարիայում աշխատել էր Ցյուրիխի երիտասարդական թիմում: Նրա գլխավորությամբ տարած երկու հաղթանակից հետո, մեր թիմի համար կրկին սկսվեց սև շրջան` 4 անընդմեջ պարտություններով: Ընդ որում, այս խաղերից երեքն ավարտվեցին խոշոր հաշվով, իսկ մեր թիմը բոլոր խաղերում դժգույն, անատամ, անկազմակերպ խաղ ցուցադրեց: Հոկտեմբերի 9-ին կայացած վերջին տուրում մեր հավաքականը Աստանայում ուժերը չափեց Ղազախստանի հավաքականի հետ: Հավասար խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1:1 հաշիվ:

ԱԱ-2018 ընտրական փուլ, E խումբ: Հայաստանի ընտրանու անցկացրած խաղերը: Դանիա – Հայաստան` 1:0, Հայաստան – Ռումինիա` 0:5, Լեհաստան – Հայաստան` 2:1, Հայաստան – Մոնտենեգրո` 3:2, Հայաստան – Ղազախստան` 2:0, Ռումինիա – Հայաստան` 1:0, Մոնտենեգրո – Հայաստան` 4:1, Հայաստան – Դանիա` 1:4, Հայաստան – Լեհաստան` 1:6, Ղազախստան – Հայաստան` 1:1:

Դանիայի ընտրանին աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար մասնակցելու է անցումային խաղերին:

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register