ԵՐԵՎԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է ՍԻՐՈ       

yerevan

Ամեն քաղաք էլ ունի տոնի, գեղեցկանալու, սոցիալական խնդիրների փոշին գոնե մեկ օրով ուսերից թոթափելու, բնակիչներից սիրո խոստովանություններ լսելու ու զգալու կարիք: Քաղաքին պետք է սեր, այլ ոչ՝ ավելորդ ճոխություն:  Այդ իսկ պատճառով էլ տոնակատարությունները երբեք բյուջեն խորը ճաքերի ենթարկելու առիթ չպիտի հանդիսանան։ Այդ կապակցությամբ ծախսվող գումարները, սակայն, շատ հաճախ արդարացված չեն․խոսքը ոչ միայն Երևանի, այլ առհասարակ՝ տարբեր երկրների քաղաքների շատերի մասին է։

Քաղաքապետարանները միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ քաղաքի տոնն ըստ հարկի նշելու ու նշանավորելու համար: Ծախսելը՝ ծախսում են, բայց նրանք չեն էլ փորձում իրենց քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ կուզեին վերջիններս տեսնել այս անգամ, ինչի՞ պակաս է զգացվում, ի՞նչ նորամուծություն է անհրաժեշտ՝ տոնն ավելի հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու համար։ Մեր քաղաքին նույնպես մոտեցման այս տարբերակը չէր խանգարի: Կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեք։

Հրաշալի կլիներ նաև, եթե տոնական օրվա ծրագիրը կազմելուց առաջ քաղաքապետարանը դա ներկայացներ հանրությանը՝ մի քանի տարբերակով ու գնացուցակով: Այդ դեպքում հանրային առողջ քննարկումներ կծավալվեին, որից հետո արդեն՝ պետական և մասնավոր սեկտորի միջև փոխշահավետ գործակցություն կսկսվեր ու մենք կունենայինք քաղաքի տոն՝ հենց քաղաքացիների նախընտրած տարբերակով։

Հարկավ, Երևանը պետք է տոնի և գումարներ ծախսի տոնակատարությունների վրա: Աշխարհի ամենահին քաղաքներից մեկը չի կարող չունենալ գեղեցկանալու ու սիրվելու իր հատուկ օրը։ Սա՝ զգայական կողմով։ Բայց հարցն ավելի գործնական տեսանկյունից դիտարկելիս հասկանում ենք, որ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել: Տնտեսվարողները նախաձեռնությունը դիտարկելով իբրև իրենց ներկայացած մարքեթինգային հնարավորություն՝  քաղաքապետարանին կարող են ներկայացնել առավել մատչելի առաջարկներ՝ այդ կերպ նվազեցնելով պետական ծախսերը:  Չէ որ խոսքն այս դեպքում՝ հարկերից գոյացած գումարներին է վերաբերում:

Տոնակատարության հանրային քննարկումը լավ միջոց է՝ ձեռքը քաղաքի զարկերակի ու մարդկանց կարծիքների վրա պահելու համար։ Սա նաև լավ միջոց է միջոցառումներն ավելի հետաքրքիր և սիրված դարձնելու առումով, երբ գիտես, որ ինքդ՝ թեկուզև շատ փոքրիկ չափով, բայց կապ ունես այդ ամենի հետ, համենայն դեպս կարողացել ես նախապես՝ թեկուզ ընտանիքի շրջանակում քննարկել օրը: Այդ դեպքում արդեն՝ այն քեզ համար ավելի հարազատ է դառնում: Քանի որ քո փոքրիկ հետքն այնտեղ կա, ուրեմն տոնը, քաղաքը լիիրավ քոնն են։

Երևանի ու Հռոմի միջև հաճախ են զուգահեռներ տանում։ Քույր քաղաքներ են՝ դարերով ապրած պատերազմներից կնճռոտված, բայց և՝ կյանքի փորձով իմաստնացած։ Սկսած նրանց ալեհեր տարիքից մինչև կրոնասիրություն, այս երկու քաղաքներն իսկապես նման են մեկմեկու։ Մենք էլ հաճախ սիրում ենք կրկնել, որ մեր քաղաքը Հռոմից ավելի «ալեհեր» է և սա իրականություն է։ Բաց երկնքի տակ հանգրվանած մեր այս գեղեցիկ թանգարանը, սակայն, ոչ միայն մեկ օրով սիրել է պետք, այլ նաև փայփայել ու նրա մասին հոգ տանել։ Մենք պետք է որդեգրենք Հռոմի ռազմավարությունը: Պահպանելով հին ոճը՝ թանգարաններն ու պատմական նշանակության շենքերը ծառայեցնել՝ զբոսաշրջիկներ ներգրավելու գործին՝ պահպանելով Երևանին պատշաճող պատմական կոլորիտը: Անշուշտ, սրանք որոշակի ծախսեր են պահանջում, որոնք, սակայն, իրական արդյունք կարող են ապահովել:

Քաղաքն արժանի է սիրո։ Քաղաքն արժանի է, որ նրան ցույց տան աշխարհին, որ նրանով հիանան նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մայրաքաղաքը պետք է եռա զբոսաշրջիկների հիացական արձագանքներից ու գնալով ավելի շատ փայլի։

Մեր քաղաքի տոնն է, այն քաղաքի, որին ամեն օր կարելի է սիրահարվել։ Սա քաղաք է՝ որտեղ անընդհատ ուզում ես վերադառնալ: Իսկ վերադառնալ ցանկանում են այն վայրեր, որոնք հարազատ են։ Երևանը սրտի տուն է՝ բաց երկնքի տակ։

Սիրով՝ ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register