7 ՀԱՐՑ. ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանը:

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

– Շատ լավ, գեղեցիկ տպավորություն է թողել Պարզ լիճը: Կնշեմ նաև Գեղարդի խցերը, որտեղ առիթ է եղել մեկ շաբաթ մնալու:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Ագրեսիվ երթևեկությունը, պուրակների և զբոսուղիների գրեթե բացակայությունը, ոչ համաչափ ճարտարապետական լուծումները (որոնցում հայկականությունն իսպառ բացակայում է):

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Մենք պետք է դադարենք փնտրել, թե ով գիտի մեզ, իսկ ով` ոչ: Սա շատ լուրջ խնդիր է: Ճիշտ աշխատելու դեպքում շատ բան կարող է լինել Հայաստանի այցեքարտը: Դա կարող է լինել, ասենք՝ մտավոր ներուժի ճիշտ օգտագործումը: Օրինակ` Դանիան աշխարհում հայտնի է իր նորարարական տեխնոլոգիաներով, գիտության, կրթության և տարբեր այլ ոլորտներում արձանագրած ամենաֆանտաստիկ նորամուծություններով: Ըստ էության` Դանիան վաճառում է օգտագործման արտոնագրերը և մեծ գումարներ է դրանից վաստակում: Այլ հարց է, որ Հայաստանի` նորարական երկիր դառնալու նախադրյալ այս պահին բացարձակ չեմ տեսնում: Իսկ դուդուկ-ծիրան-խաշի մակարդակով մտածելը 19-րդ դարի զբաղմունք է, չկայացվածության ապացույց: Նեղ ցեղային, գավառական մի բան է: Էականը ոչ թե այն է, թե ինչ կմտածեն Հայաստանի մասին դրսում, այլ այն՝ թե ինչ կմտածեն ներսում:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Գիրքն այնքան կարևոր չէ, որքան քո «երկխոսությունը» գրողի հետ: Կարևորը ստեղծագործության վերլուծությունն է, հեղինակի հետ համաձայնությունը կամ անհամաձայնությունը, քննադատությունը: Մարդը պետք է իմանա, թե ինչ է փնտրում. գիրքը ժամանց չէ: Շատ-շատերի համար այն թերևս ժամանց է, բայց ոչ ինձ համար: Շատ գրքեր կարող եմ նշել, նայած, թե ինչ եմ փնտրել… Արիստոտել, Պլատոն, Աստվածաշունչ, Գրիգոր Տաթևացի, Գրիգոր Նարեկացի, Եղիշե, Ջորջ Օրուել: Սակայն նշել երեք գրքի անուն, որոնք փոխել են ինձ, բացարձակապես չեմ կարող, նման բան չկա, ես եմ ինձ փոխել:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք նշել։

– Կռապաշտական մոտեցումն ինձ համար անընդունելի է: Յուրաքանչյուրն իր տեղն ունի և գոյություն չունի ընդօրինակման արժանի որևէ սուրբ: Քննադատական միտք ունեցող մարդու համար չկա «absolute» (բացարձակ, կատարյալ արժեք -թարգ.), կա անընդհատ սովորելու գործընթաց:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Լավ համալսարաններ: Ֆանտաստիկ լավ համալսարաններ, գիտահետազոտական կենտրոններ, որովհետև Հայաստանին պակասել և պակասում է լավ կրթությունը: Ոչինչ չի կարող ժողովրդին ազգ դարձնել, եթե չկա լավ կրթություն:

– Ո՞րն է Ձեր համար անկախության խորհրդանշը:

– Անկախության խորհրդանիշը՝ անկախությունն է (ժպտում է,-խմբ.): Ամբողջությունն է, մեկ բառով չի լինի ասել: Շատ կարևոր է, որ մարդն իր երկրում իրեն զգա ազատ, անկաշկանդ, ստեղծագործելու ունակ և ամենակարևորը` պաշտպանված: Սակայն իրականում անկախությունը մարդկային երջանկության մեջ է՝ առանց ինքնախաբեության:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register