ԳՐՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Ի՞նչ ենք անում սովորաբար, երբ վերջացնում ենք գրքի ընթերցումը: Մարդկանց մեծամասնությունը գիրքը տեղավորում է գրապահարանում, մեկ էլ չգիտես թե երբ բացելու մշուշոտ հեռանկարով: Եվ հաճախ է ստացվում, որ գիրքն այլևս չի բացվում: Այդ դեպքում ինչու՞ չփոխանակել այն մեկ ուրիշի հետ:
Facebook սոցիալական ցանցում գործում է «Փոխանակում ենք գրքեր» (Book Swapping) խումբը, որի միջոցով վերջին տարիներին բազմաթիվ օգտատերեր փոխանակում են գրքեր: Գաղափարը որևէ շահ չի հետապնդում, և ինչ որ իմաստով կարելի է ասել, որ այս
Այժմ խմբի անդամների քանակը արդեն հասել է տասը հազարի: Ժամանակ առ ժամանակ գրքասերները երեկույթներ են կազմակերպում, որոնց ժամանակ նրանց բերած գրքերը խառնվում են, իսկ վերջում՝ արթնանում նոր տանը:
Խմբում հիմնականում գեղարվեստական գրքեր են փոխանակվում, բայց լինում են նաև մասնագիտական գրքերի փոխանակման դեպքեր: Փոխանակում են ժամանակավոր կամ անժամկետ: Սակայն ավելի հաճախ լինում են միակողմանի դեպքեր, երբ որևէ մեկը գրում է, որ իրեն ինչ-որ գիրք է հարկավոր, իսկ խմբից ինչ-որ մեկը արձագանքում է և իր օգնությունն է բերում: Երբեմն լինում են պարզապես նվիրատվության դեպքեր: «Փոխանակում ենք գրքեր» խումբը հիմնականում համակարգում է Անի Ասատրյանը: ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է:
«Նախ ցանկանում եմ ասել, որ ես չեմ ստեղծել խումբը, ինչպես կարծում են շատերը: Խումբը 2011-ին ստեղծել է Արման Ղազարյանը, ով գիրք է փնտրել ու չի գտել: Ես խմբում շատ ակտիվ էի և արդյունքում ստանձնեցի խմբի համակարգողի դերը: 2013 թվականին տեղի ունեցավ համացանցից դուրս մեր առաջին մեծ հանդիպումը: Անցած տարի երկու անգամ ենք հանդիպել, գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, և ամռանը: Հավաքվել ենք գիրք քննարկելու կամ հայ երիտասարդ գրողներից մեկի հետ զրուցելու: Կարծում եմ, որ խումբը շատ օգտակար կարող է լինել, երբ գրադարանները փակ են կամ չկա պահանջվող գիրքը: Ինձ նույնիսկ արտերկրից փոստով են գիրք ուղարկել (Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»՝ անգլերենով): Մտածում ենք, որ լավ կլիներ, եթե մարզերում լինեն տեղային համակարգողներ, հանդիպումների նախաձեռնողներ, սակայն այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա:
Ցանկանում ենք նաև, որ խումբը հասանելի լինի ֆեյսբուքից դուրս: Մեր սեփական կայքի (bookswapping.am) պատրաստման շուրջ աշխատանքները սկսվել են դեռևս 2013 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում ավարտին հասցնել: Կայքում ամեն մեկը կունենա առանձին օգտահաշիվ, իր փնտրած կամ առաջարկած գիրքը կկարողանա տեղադրել լուսանկարի տեսքով: Այս ծրագրով մասնակցել ենք «Armenia StartUp Cup»-ին, վերջին անգամ մեր նախագիծը հայտնվեց լավագույն յոթնյակում, սակայն ֆինանսավորվեց միայն լավագույն եռյակը:
Կարող եմ ասել, որ կարդալը ինձ համար բնական պահանջ է դարձել, այլևս չեմ պատկերացնում կյանքս առանց ընթերցանության: Ժամանակակից հայերից իմ սիրած հեղինակներն են Հրանտ Մաթևոսյանը («Ծառերը», «Աշնան արևը», «Եզը»), Հրաչ Սարիբեկյանը («Երկվորյակների արևը»), Գուրգեն Խանջյանը («Ենոքի աչքը»), Արամ Պաչյանը («Ծիտը») Ռուբեն Ֆիլյանը, օտարներից՝ Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստը»), Միլան Կունդերան («Կեցության անտանելի թեթևությունը»)»:
Վլադիմիր Հովհաննիսյան