ԿՈՆԴԻ ՔԱՐԵՐՆ ՈՒ ՔԱՐԻ ՊԵՍ ՄԱՐԴԻԿ

2

Թաղը

Կոնդն ամառային թաղ է, արև է սիրում: Ձմռանը մռայլ է. նույնիսկ տաք օրերին փողոցի աթոռներն ու նստարանները դատարկ են: Մարդիկ փակված են տներում, ավտոմեքենաներ գրեթե չեն անցնում, շարժ չկա: Իսկ ամռանը միշտ կարելի է հանդիպել երեխաների, զրուցող մարդկանց, «չանգայում» (թաղի գլխավոր մուտքում) կանգնածների:

Ռուսթավելի փողոցի ձախ կողմում նորակառույց եռահարկն է՝ տեսախցիկների «ականանետներով» փշաքաղված, աջում՝ թաղամասի առաջին տներից մեկն է, ձեռքը գլխատակին, թեքության վրա ծուլորեն մեկնված: Տան բակում, աղբյուրի մոտ, կարող ես տեսնել ատամները լվացող աղջկա:

Հարություն Խաչատրյանի՝ 1987-ին նկարահանած «Կոնդ» վավերագրական ֆիլմում նույնպես բացօթյա աղբյուրի մոտ ատամները լվացող կին է: Ֆիլմը թաղամասում ապրող մարդկանց առօրյայի և հարևանությամբ գտնվող «Դվին» հյուրանոցի (1979-ին է կառուցվել) անցուդարձի աչքի զարնող հակադրության մասին է:  Այժմ ամեն ինչ տեղն է ընկել. փորոտիքը մերկացրած կիսաքանդ հյուրանոցը, որպես հավերժական վերանորոգման հուշարձան, լրիվ ներդաշնակվել է թաղամասին:

Կոնդի որոշ հատվածներում կան պարսակական ճարտարապետության հետքեր և նույնիսկ՝ նախկին մզկիթ, որտեղ հիմա մարդիկ են ապրում: Այստեղ տների գերակշիռ մասը  անտաշ քարերով է կառուցված, իսկ որոշ միջացնքներ այնքան նեղ են, որ կողք-կողքի չես կարող քայլել:

20-րդ դարի սկզբին այգեշատ Երևանը բաժանված է եղել երեք հիմնական թաղի՝ Հին քաղաքը (Շահարը), Քարհանքը և Կոնդը: Պարսկերենից թարգմանաբար Շահար հենց քաղաք է նշանակում: Այս թաղամասը գրավել է Երևանի հյուսիս-արևելյան մասը՝ ներկայիս «Մոկսվա» կինոթատրոնի շրջակայքը և եղել է ամենաբարեկարգը: Քարհանքը բռնել է քաղաքի հարավ-արևելյան հատվածը՝ դեպի «Այրարատ» կինոթատրոն և գլխավորապես բնակեցված է եղել մահմեդականներով: Կոնդը քաղաքի արևմտյան վերին մասում է, Երևանի ամենահին և լրիվ հայաբնակ թաղերից է. սա է քաղաքի պատմական կորիզը: Կոնդ անվանումը ստացել է բարձր դիրքի պատճառով, նշանակում է երկայնաձիգ կամ բոլորակ բլուր: Պարսկական տիրապետության ժամանակ թաղի անունը փոխվել է և կոչվել Թափաբաշ, որը Կոնդ բառի թարգմանությունն է։

Հին Երևանը ընկղմված է եղել այգիներում: Կոնդը բացառություն չի եղել և ըստ Երվանդ Շահազիզի՝ ունեցել է Աբուհայաթ,  Կարմիր բերդ – Զըզըլա-ղալա, Այգեձոր – Դարա-բաղ, Ձորագեղ-Դարաքյանդ այգիները: Կոնդի հյուսիսային կողմում կառուցված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կործանվել է 17-րդ դարի մեծ երկրաշարժի ժամանակ, իսկ վերաշինվել է 1710-ին: Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը 1973-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծ, որը հավանության է արժանացել: Սակայն նույն տարում ճարտարապետը վախճանվել է: Դրանից 10 տարի անց հոր մտահղացումն իրագործել է ճարտարապետ Արեգ Իսրայելյանը: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: Ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է 1980-ականներին:

kond2

Հանցագործ Միրոն

Երևանի գրեթե բոլոր թաղամասերն իրենց քրեական հեղինակություններն են ունեցել և սերնդե – սերունդ կանոնավոր համալրվող, միջթաղային «պատերազմներում» կոփված «գվարդիաները»: Այս իմաստով էլ Կոնդը  միշտ առանձնահատուկ է եղել Երևանում: Սովետի տարիներին այստեղ էր ապրում, օրինակ՝ Հանցագործ Միրոն: Դատապարտված էր եղել մի քանի անգամ և համարվում էր ամենաարդարադատ հանցագործը: Ասում էին՝ Միրոն «սպրավեդլիվի» տղա է, ու երբ հարցեր, «ռազբորկաներ» էին լինում, գալիս էին նրա մոտ՝ «պախանի» վճիռը լսելու: Վերջին անգամ կալանավայրից ազատվելուց հետո Միրոն Մասիս քաղաքում հիմնել էր մետաղյա մահճակալների արտադրամաս: Մի անգամ մի երիտասարդ զույգ գալիս է մահճակալ պատվիրելու, ու քանի որ 1950-ականներին մահճակալը բավական թանկ հաճույք էր, զույգը երկար ժամանակ չի կարողանում որոշել՝ մեկ տեղանոց են գնելու, թե երկու: Վերջապես ամուսինն ասում է.

-Ուստա Միրո, կարո՞ղ ես մեկ տեղանոց «կռավաթ» տալ, բայց որ գոնե մի քիչ լայն լինի:

-Էս կնկա հետ ե՞ս քնելու,- ասում է Միրոն,- թե որ քոնն էս է՝ էսպես նիհար, ձեզ մի տեղանոցն էլ է ծով, բայց թե կնոջդ փոխես՝ մի տեղանոցի գնով քեզ երկու տեղանոց կտամ:

Կինը վիրավորվում է այս խոսակցությունից:

Միրոն ծիծաղելով ասում է.

-Հարս ջան, մի նեղվիր, կատակ եմ անում: Ես երկու տեղանոց կտամ, մի պայմանով, որ դու մի քիչ լայնքիդ տաս,- ու ավելացնում է,-Էս երկտեղանոցը ձեզ նվեր:

Չանցած ինն ամիս զույգը տղա է ունենում և ուստա Միրոյի պատվին անունը դնում Միհրան:

Կազյոլ Վանիկը

Հարուստ, գործարար տղա էր Կոնդում ապրող Կազյոլ Վանիկը: Ինչո՞ւ էին Կազյոլ ասում, անհայտ է, բայց հայտնի է, որ ճանաչված մարդ էր ու նրա խոսքն անցնում էր ոչ միայն Կոնդում: Վանիկն Էջմիածին քաղաքում ապրող սիրուհի ուներ՝ գեղեցկուհի Էմման, ով Սոցիալիստական աշխատանքի հերոս Եղյա Մարգարյանի աղջիկն էր: Էմման ղեկավարում էր Շահումյան գյուղի թռչնաբուծական ֆաբրիկան:

Ամեն օր Վանիկը Կոնդից գնում էր Էմմային տեսության: Անգամ ավտոտեսուչները գիտեին Վանիկի ճամփորդության նպատակը և երբեք չէին կանգնեցնում նրա մեքենան: Մի անգամ էլ Էջմիածնում Վանիկը հանդիպում է ընկերոջը ու միասին են վերադառնում Երևան: Ճանապարհին մի պառավ կին ձեռքով է անում, որ կանգնեն: Ընկերները վերցնում են տատիկին: Ճանապարհին պառավը լսում է, թե ինչպես է կողքին նստածը դիմում վարորդին.

-Կազյոլ, էսինչ բանը էսպես կանես: Կազյոլ, էնինչ բանը էնպես:

Երբ հասնում են Երևան, Նորագյուղ չհասած, կինն ասում է.

-Կազոյլ ջան, հենց ապրես, կանգնիր ես իջնեմ, Կազյոլ ջան…

Այս դիպվածով Վանիկը շատ նշանավոր դարձավ: Ինքն էր հաճախ ծիծաղելով պատմում:

kond4

Միլիցա Անդրեն

Անդրեն կարճահասակ, 50-ն անց մարդ էր: Ուներ սև մատյան, որ ձեռքերը մեջքին՝ հետևը պահած, դանդաղ քայլում էր, ասես հանցագործ որոնելով: Իրականում շատ կարգին, բարի ու հարգված մարդ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Անդրեն, կոլտնտեսական շուկայի պատերի տակ կանգնած աղքատներին չէր նեղացնում, չէր վռնդում: Եվ դեռ  հակառակը՝ ունևորներին համոզում էր մի քանի կոպեկ տալ խեղճերին:

Խմբված գողականները Անդրեին հանդիպելիս երգում էին նրա պատվին.

Տղերք, աթանդա,

Անդրեն է գալիս,

Ձեռները ոռին,

Մատյանը ձեռին

Մեզ է ման գալիս…

Անդրեն խոժոռ նայում էր, իսկ քիչ հեռանալով՝ քթի տակ ժպտում. գրեթե բոլորին մանկությունից գիտեր, բոլորի ընտանիքները լավ էր ճանաչում: Կոնդն ընդհանրապես նման էր մի մեծ ընտանիքի:

Անտաշ քարերով կառուցված այս թաղում, անմշակ որձաքարից հոգով մարդիկ հին օրերից մինչ այսօր ապրում են՝ իրենց գոյությամբ հաստատելով փոխադարձ նվիրում ու համայնքային ապրելակերպի հարազատություն:

 

Գարեգին Ալեքսանյան

Աջակցության համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի պատմության թանգարանին:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register